Իսկ յետո՞

Իսկ յետո՞

Վահէ Հովհաննիսեան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Իրադարձութիւնները զարգանում են արագ։ Շատ կարեւոր է ճիշտ հասկանալ, թէ ինչ է կատարւում։

Նիկոլը հրապարակել է պետական պարտութեան տեխնիկական պարամետրերը։ Դրանց հանրայնացմամբ ստեղծուել է նոր իրավիճակ, աւարտելով ստուերային փուլը։ Էլ ստուերում քննարկելու, բանակցելու բան չի մնացել։
Իսկ ի՞նչ է լինելու դրանից յետոյ` տեխնիկական լուծումները իրագործելուց յետոյ։ Դա արդէն հարցի բովանդակային մասն է։
Նիկոլը դրան երբեք չի անդրադառնալու։ Սա չի մտնում իր շահերի մէջ։ Սա չի մտնում միջնորդների շահերի մէջ։ Յենց այդ պատճառով էլ անընդհատ արձանագրում են, որ սա ԿՈՂՄԵՐԻ որոշումն է։

Հայաստանի քաղաքական մտքի՝ դերակատարների, հանրային գործիչների առաքելութիւնը հիմա հարցի բովանդակային մասը հայ ժողովրդին բացատրելն է` տեխնիկական լուծումներից ՀԵՏՈՆ բացատրելը։ Յենց սա չի հասկանում մեծ հասարակութիւնը։

Իմ տեսակէտն այն է, որ տեխնիկական լուծումներից յետոյ սկսուելու է Հայաստանի՝ որպէս պետութեան, սրընթաց փլուզումը։ Մի պահից կարող է սկսուել անկառավարելի փլուզում` անվտանգային, դէմոգրաֆիկ, արժեհամակարգային, մշակութային, ինդէնտիֆիկացիոն, պատմական։ Ադրբեջանն ունենալու է բազմաթիւ գործիքներ, տեխնոլոգիակական լուծումներ (միջազգային հանրութեան համար ընդունելի)` այդ փլուզումը խոր եւ անդառնալի դարձնելու համար։

Այսօր դպրոցներում վերջին զանգն է, Ինչպէս միշտ` հնչել են մաղթանքներ։
Բայց սա պատմական վերջին զանգ է, որովհետեւ ունի մեծ հաւանականութիւն` այս Հայաստանի ՎԵՐՋԻՆ վերջին զանգը լինելու։
Շրջանաւարտներն իհարկէ պէտք է լիաթօք ուրախանան, վայելէն իրենց օրը, բայց ուսուցիչները եւ ծնողները պարտաւոր են այս ամէնը հասկանալ։
Հիմա լռել չի կարելի։ Բոլոր լռողները ստորագրում են Նիկոլի ասածների տակ։ Միջավայրը ծնելու է նոր դէմքեր, նոր պատասխանատուութեամբ, եւ մերժելու՝ այլոց, ովքեր լռելու են, որովհետեւ պարզուելու է, որ հայրենիքից աւելի թանկ կորցնելու բաներ ունեն։
Հիմա չի կարելի նաեւ անգրագէտ պայքարել, չմտածուած գործել։
Հիմա, հէնց հիմա է գրագէտ, հաշուարկուած քայլերի ժամանակը։ Կոնսօլիդացիայի տանող ձեւակերպումների ու կոչերի ժամանակը հիմա է։
Հիմա ժամանակն է` փոխելու հարցադրումը, թէ ո՞վ կփրկի վիճակը։ Հիմա ժամանակն է ինքներս մէզ հարցնելու` եթէ ոչ ես, ապա ո՞վ։ Ու ամէն մէկս մեր ներդրումը պէտք է ունենանք՝ պետութիւնը պահելու գործում։ Ես վստահ եմ, որ մենք ունենք այդ ներքին ռեսուրսը, ու մեր հասարակութիւնը կարողանալու է փոխել դէպքերի ընթացքը։

Share