Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ Եւրոպական եկեղեցիների կոնֆերանսը ԵՄ-ին Արցախի շրջափակումը վերացնելու եւ մարդու իրաւունքները գործնական միջոցներով պաշտպանելու կոչ են արել

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ Եւրոպական եկեղեցիների կոնֆերանսը ԵՄ-ին Արցախի շրջափակումը վերացնելու եւ մարդու իրաւունքները գործնական միջոցներով պաշտպանելու կոչ են արել

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ Եւրոպական եկեղեցիների կոնֆերանսը համատեղ բաց նամակ են յղել Եւրոպական միութեան արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան գերագոյն յանձնակատար Ժոզեպ Բորելին՝ խորը մտահգութիւն յայտնելով Արցախում ադրբեջանական շրջափակման արդիւնքում ստեղծուած հումանիտար իրավիճակի վերաբերեալ, ընդգծելով միջազգային պատասխանատուութեան անհրաժեշտութիւնը՝ ստիպելու Ադրբեջանին կատարել Արդարադատութեան միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակայ որոշումները ու Լաչինի միջանցքը բացելու միջոցով դադարեցնել Արցախի շրջափակումը։

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխաւոր քարտուղար Ջերի Փիլայի եւ Եւրոպական եկեղեցիների կոնֆերանսի գլխաւոր քարտուղար Եօրգէն Սքով Սորենսենի կողմից ստորագրուած գրութեամբ նաեւ մանրամասն ներկայացւում է Արցախի ադրբեջանական շրջափակման արդիւնքում տեղում ստեղծուած հումանիտար ճգնաժամը, ինչը դրսեւորւում է սննդի, դեղորայքի, էլեկտրականութեան եւ վառելիքի մատակարարումների դադարեցմամբ՝ վատթար ազդեցութիւն ունենալով 120․000 մարդու, այդ թւում երեխաների կեանքի եւ կենսապայմանների վրայ։ Էկումենիկ կազմակերպութիւնների գլխաւոր քարտուղարները նաեւ յատուկ անդրադարձել են շրջափակման արդիւնքում մարդու հիմնարար իրաւունքների շարունակապէս ահագնացող խախտումներին։ Նրանք Ադրբեջանին եւ խնդրում ներգրաւուած միջազգային դերակատարներին կոչ են արել անյապաղ ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց եւ ապրանքների անարգել անցումը, Արցախի ժողովրդի կարիքների բաւարարմանն ուղղուած մարդասիրական օժանդակութեան ապահւումը։ Գրութեան հեղինակները Եւրոպական միութեանն ու ողջ միջազգային հանրութեանը կոչ են արել գործուն միջոցներով վերացնել Արցախի շրջափակումը եւ պաշտպանել մարդու հիմնարար իրաւունքները։ Էկումենիկ գործիչները յոյս եւ համոզմունք են յայտնել, որ կայուն խաղաղութիւնը կարող է ձեռք բերուել միայն բանակցութիւններում շահագրգիռ բոլոր կողմերի անկեղծ յանձնառութեան առկայութեամբ, որոնք լրջօրէն են վերաբերւում մարդու բոլոր իրաւունքներին եւ հիմնարար ազատութիւններին՝ հիմնուած փոխադարձ վստահութեան եւ յարգանքի վրայ:

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի եւ Եւրոպական եկեղեցիների կոնֆերանսի գլխաւոր քարտուղարների՝ Ժոզեպ Բորելին ուղղուած բաց նամակի ամբողջական տեքստը հասանելի է հետեւեալ յղմամբ:

Share