Կին գրողը եւ պատերազմը

Կին գրողը եւ պատերազմը

Մերի Մախսուդեան

 Մարգարիտ Դերանցի «Գմբեթաւոր հովանոցը» վէպը ցաւի, կորստի, ոգեկոչման եւ ուժի մատեան է՝ կերտուած կնոջ կողմից: Գիրքն ընթերցելիս յաճախ անհրաժեշտութիւն է առաջանում նորից համոզուել՝ իսկապե՞ս կին է գրողը: Այո՛, կարող է կին հեղինակը պատերազմական ամենադաժան ու տիպական մանրամասները անցկացնել իր հոգեւոր պրիզմայով եւ ստեղծագործութիւն դարձնել: Այսպիսին է ճշմարիտ գրականութիւնը, որտեղ ամէն ինչից վեր գերակայում է գրողի ի վերուստ տրուած առաքելութիւնը՝ անկախ սեռային պատկանելութիւնից։

 Պատէրազմը չարիք է, որ խեղում է ճակատագրեր: Պատէրազմը փորձութիւն է, որ հանում է մարդուն անհոգութեան թմբիրից: Պատէրազմը ռուբիկոն է, որտեղ բացայայտւում է մարդու իրական կերպը: Պատէրազմում կայ՛մ յաղթում են, կայ՛մ պարտւում ինչպէս պատերազմող կողմերը, այնպէս էլ մարդն իր էութեան դէմ:

 Պատէրազմը թշնամին սկսել էր Սումգայիթի, Բաքուի ջարդերով եւ պատրաստ էր արեան մէջ խեղդել արցախահայութեանը, ոտնձգութիւններ ունի ընդհանրապէս հայոց պետականութեան հանդէպ։ Պատէրազմը պարտադրուած էր մեր ժողովրդին։ Խաղաղութիւնը պատերազմական գոտում ապրող հայ ժողովրդի նուիրական փափագն է: Բայց խաղաղութիւն բառն անքակտելիօրէն կապուած է երկու այլ բառերի հետ, որն է Հայոց Պետականութիւն, ու առանց այս երկու բառի այն անէանում է, արժեզրկւում եւ կորցնում է իր իմաստը։ Ինքնապաշտպանութեան մարտի ելած հայ տղամարդը եւ հայ կինը գիտակցում են, որ կշեռքի վրայ դրուած են հայրենիքի, իրենց ու իրենց սիրելինէրի գոյութիւնը։

 Քաջատեղեակ եմ Մարգարիտ Դերանցի «Սեր եւ էմիգրացիա», «Քրտնաձուկ», «Սեր Լուսնեզրին» գրքերին։ Գրողի ստեղծած կերպարները ստատիկ չէն (կայուն, չփոփոխուող), այլ հոգեբանօրէն շարժուն։ Մարգարիտ Դերանցի գրչին յատուկ է հոգեբանական դինամիկ ոճը: Ստեղծագործութեան ընթացքում հերոսները կերպարանափոխւում են, փոխւում են նրանց ներաշխարհը, զգացմունքները, արժեհամակարգը, նպատակները, գործողութիւնները։ Գրողի գրչի հոգեբանական այս հէնքը առաձնայատուկ դրսեւորւում է «Գմբեթաւոր հովանոցը» վէպում։ Գաղտնիք չէ, որ պատերազմի դաշտում կամ պատերազմական իրավիճակում ապրած մարդու երկուամսեայ կեանքը հաւասարազօր է խաղաղ ժամանակներում ապրուած տասնեակ տարիներին։ Այս վէպում Մարգարիտ Դերանցը պատկերում է հերոսների ներքին մարդու փոփոխութեան, այլակերպութեան բազմաթիւ դէպքեր, որոնք այնքան համոզիչ են, որ ընթերցողը եզրահանգում է, որ հէնց այդպէս էլ պէտք է լինէր, քանի որ այդպիսին էր նախախնամութեան, ճակատագրի կամ տիեզերքի կամքը։ Վեպում խորը հոգեբանական նմանօրինակ մէտամորֆոզները բազմաթիւ են:

 Խաղաղ ժամանակների կեանքի մարտահրաւէրներում պարտուած, լատունէ ատամնաշարով, անօգնական Կարոն պատերազմի դաշտում փոխակերպւում է հերոսի, դառնում ոգեշնչման աղբիւր երիտասարդ ազատամարտիկ Մենուայ Մանուելեանի համար, այնինչ ճակատամարտից առաջ երիտասարդը շարունակաբար հումորով ու քամահրանքով էր վարւում նրա հետ։ Ճակատամարտից յետոյ գլխիվայր շրջւում է Մենուայի ամբողջ փիլիսոփայութիւնը կեանքի հանդէպ, նրա վերաբերմունքը հաւատքի, արժանապատուութեան, խիզախութեան մասին։

 «Գմբեթաւոր հովանոցը» վէպը Հայաստան-Արցախի մասին է, հայի մասին, մարդու մասին, պատերազմի ու պատերազմի աղէտալի հետեւանքների մասին՝ ներշնչուած հայ ոգով, տագնապած հայկական պետականութեամբ, ոգեշնչուած հայեցի հերոսականութեամբ, հիացած հայկական հաւատարմութեամբ, զայրացած հայաւարի անփութութեամբ:

 Տարաժամանակեայ ու տարակերպ հերոսների պատմութիւնները պտտւում են հայկական պետականութեան, հայ աշխարհի պահպանման ու վտանգի ահազանգման շուրջ, բոլոր պատմութիւնների ու ընդգծումների վերեւում սաւառնում է հեղինակի կերպարը՝ վերլուծութիւնների, մեկնաբանութիւնների, փաստէրի, խորհրդածութիւնների, խրատների միջոցով, եւ մենք հասկանում ենք, թէ ինչո՞ւ հայերը յաղթեցին արցախեան առաջին աշխարհամարտում եւ ինչո՞ւ պարտուեցին վերջին պատերազմում։

 Սա Մարգարիտ Դերանցի ամենակերպարային, էպիկական ստեղծագործութիւնն է։ Վեպի գլխաւոր, երկրորդային եւ հպանցիկ հերոսների թիւը հասնում է վաթսունի։ Բայց նրանք բոլորն էլ հոգեբանօրէն աւարտուն են եւ յիշուող։ Հեղինակը հրաշալի տղամարդկային կերպարներ է ստեղծել՝ Թերեզիկի հայրը, ամուսինը, որդին` Գեւորը, Գարեգինը, Պոետը` Վարդանը, Արտեմը, Ասատուր դային, Ահարոնը, բժիշկ Անդրանիկը, Արմէն Աշոտիչը, Դաւիթը, Նարեկը, Գեղամը, Մայքլը, Մակարը, Աֆոն, Վաղոն եւ այլք։

 Մարդիկ նզւում են պատերազմները, քանի որ այն ոչնչացնում է կեանքեր, խեղաթիւրում ճակատագրեր։ «Պատէրազմի հետեւանքով կեանքի գործածը կարող է աւելի դաժան լինել, քան ինքը մահը»,- նշում է արձակագիրը։

 Ի՞նչն է փրկում Մարգարիտ Դերանցի կերտած հզօր, բայց կեանքի աղէտներով, արհաւիրքով ճզմուած, բզկտուած հերոսներից շատերին։ Նրանց փրկում է բարութիւնը, կարեկցանքը, ապրումակցումը մերձաւորների եւ ընդհանրապէս մարդու հանդէպ։ Արձակագիր Մարգարիտ Դերանցի գրականութեան մէջ միշտ էլ հոգեւորը, վեհաձնութիւնը գերակայում են երեսպաշտ, նիւթապաշտ իրականութեանը։

 Խոր դրամատիկ կերպար է Անդրանիկի կերպարը: «Չպէտք է ապրել միայն զգացմունքներով ու իդէալներով, դիմել անձնազոհութեան՝ առանց ծանր ու թեթեւ անելու, մէզ պատուհասած վտանգներն աւելի խորքային բնոյթ են կրում…-, խորհում է վիրաբոյժը,-…Ի՞նչ յաղթանակ, երբ քեզ յաղթում են չկռուելով, առանց զգալու ոգիդ, ընդվզումդ ու սարսափդ: Անտես դէմքը էկրանին կռիւ-կռիւ է խաղում ու միաւորորների փոխարէն վաստակում գլխատուած կեանքեր…»: Նրա մտքում մի բան էր՝ պարտուի Մահը, յաղթանակի Կեանքը: «Չփրկուածների պատճառով կռիւ ունէր Բարձրեալի հետ: Կռիւ տալն անօգուտ էր, Վերից պատժւում էր անքնութեամբ, ջղայնութեամբ, ընկճախտով՝ խեղդուող լողորդի պէս կառչելով փրկարար օղակին, մտքում շարունակ յիշելով ու կրկնելով պատերազմական դժոխքներով անցած վիրաբոյժի Հայր մեր-ը»: Հայրենանուէր մի երիտասարդ, ընտանեկան երջանիկ վայելքը թողած, գալիս է հայրենիք, քանի որ իր մասնագիտական վարպետութիւնը համարում է պարտականութիւն հայրենիքի փրկութեան գործում: Քաջ ու հայրենասէր տղամարդուն պատերազմը խեղճացնում է, հոգին կրծում է անզօր ու անկարող լինելու որդը: Այստեղ հեղինակն իր վարպետ գրչով ու մտահայեցմամբ բեկում է երկրային դժոխքն ու տիեզերական յաւէրժութիւնը — դա սէրն էր, որ փոխում է կեանքի հունը, յաղթում պատերազմին, դառնում խթան Անդրանիկի հոգին կանգուն պահելու համար: Լուսոն՝ Անդրանիկի կինը, կխենթանար երեւի ամուսնու դաւաճանութեան լուրն իմանալուց, սակայն Լուսոն չգիտէր, որ այդ հզօր զգացումը խելագարուելու վտանգից ազատեց իր տղամարդուն:

 Ասատուր դայու հանդէպ ճակատագիրը այլ կերպ է վարւում, նա հայ ժողովրդական էպոսի Քեռի Թորոսի նման մարդկային ոգին է եւ ուժը, որ կայ միշտ, ամէնուր եւ յաւէրժ: Հեղինակն այստեղ եւս գծում է ուղենիշը, որին հետեւելով՝ ապրում է հերոսը. կայ իր խնամակալութեան տակ գտնուող մէկը, մէկը, որի համար պատասխանատու է ինքը. «…Սպիտակ արջը չէր յանձնւում, փորձում էր ձիգ երեւալ, նոյնիսկ մխիթարում էր միւսներին: Հանուն ինչի՞, հանուն կեանքի շարունակութեան, հանուն թոռան, զաւակի, ծոռան, որ պիտի ծնուէր, հանուն որբանոցում մեծացած, մայրանալու պատրաստուող աղջկայ, որ օջախի, ընտանեկան գորովանքի կարիք ունի: Ինքն էլ չգիտէր: Գուցէ հէնց այդ գորովանքի տոհմատունը պահպանելու համար արժեր ապրել»:

 Մարգարիտ Դերանցը կերտել է նաեւ անձնապաշտ, անտարբեր հերոսներ, որոնց համար պատերազմը միայն հնարաւորութիւն է ինքնահաստատուելու, հարստանալու։ Նրանց համար չկան բարձր գաղափարներ, չկայ հայրենիք ու մարդ, կայ հնարաւորութիւն իրենց դատարկամիտ ու անկարողունակ ես-ը պահպանելու ու մոլախոտի պէս աճեցնելու պարարտ հող: Օրինակ` «միակ հետապնդող միտքն այն էր, թէ ինչպէս հուր-յաւիտեան պահի գիւղապետի պաշտօնը։ …Ոմանք նրան լուրջ մարդ էին համարում: Բայց երբ չկռուողն իրեն կռուողի տեղ է դնում ու իբր վերահսկում է գիւղի պաշտպանութիւնը, ապա միայն կարելի է ասել, որ յիմարութիւնն անսահման է: Սա այն դէպքն է, երբ դատարկութիւնը լրջութեան դիմակ է հագնում, լուրջ ու լռակեաց ծածկելով՝ այսպէս թէ այնպէս երեւացող ապիկարութիւնը: Բոլոր ապիկարները նման են իրար, խելօքներն են տարբեր»:   

 Երկակի, հակասական կերպար է Արմէն Աշոտիչը, որը պատերազմի դաշտում հմուտ ռազմագէտ էր՝ օժտուած հրամանատարական բարձր պատասխանատուութեամբ: 44-օրեայ պատերազմի ժամանակ լուծում է ռազմավարական կարեւոր խնդիրներ, իր կեանքի գնով փրկում է տասնեակ զինուորների կեանքեր: Խաղաղութեան ժամանակ անփոյթ կեանքով ապրող մէկն էր: Համարում էր, որ «Այն, ինչ բարոյական է, չի կարող անօրինական լինել: …աչք էր փակում, հետեւաբար չէր տեսնում մէկ կարով կարուած անորակ համազգեստներով, ջուր ծծող կօշիկներով կիսաքաղցած զինուորների վրայ։ Իրենք էլ էին էդպէս յաղթել, սրանք էլ կը յաղթէն, կարեւորը ապրելու եւ յաղթելու ցանկութիւնը լինի…»:

 Հետպատերազմեայ ընկալմամբ, սարսափներից ձերբազուելու տեսանկիւնից միմեանց հակադիր կերպարներ են Նարեկն ու Բենոն, առաջինի համար նոյնիսկ անհուսութեան վերջնակէտին կեանքը կարեւորագոյն պայքար էր, միւսի դէպքում կեանքն ամենամեծ բեռն էր անհուսութեան վերջնակէտին:

 Գրականութեան մէջ առաւել յաճախ հանդիպում ենք այն փաստին, երբ կինն է տղամարդու ոգեշնչման աղբիւրը, Մարգարիտ Դերանցի ձեռամբ հայ տղամարդն է կնոջ ոգեշնչման ու արարման աղբիւրը: Հայ կինը հետաքրքիր ունակութիւն ունի. առանց տղամարդու աւելի է կապւում նրան ու ապրում նրանով:

 Իրադարձութիւններն սկսւում են խատուտիկի ու Թերեզիկի հանդիպումով: Ահա խատուտիկի խորհրդանիշը. հայ կինը չի վախենում, չի պահանջում, ձգտում է երջանկութեանը, սակայն դժբախտութեանն էլ չի հաւատում, պարզապէս ապրում է… «…Ընդամէնը մէկ ակնթարթ յետոյ նրա ձեռքում մնացել էր խատուտիկի դեղնականաչաւուն ցօղունը, իսկ խատուտիկի ճերմակ տխրութիւնը ծածանւում էր սարերից եկող քամու բերանում: Դա Բզեզիկի առաջին հիացմունքն ու միաժամանակ առաջին հիասթափութիւնն էր, որովհետեւ մինչ այդ նրան թւում էր, թէ աշխարհն առաւել քան առարկայական էր, ինչպէս իրենց ցանկապատի ճռռացող դռնակը, ինչպէս ձոր տանող նեղ արահետը…»: Նման գրողական ոճով հեղինակը նախապատրաստում է ընթերցողին դէպի վիպական գործողութիւնների յետագայ զարգացումները, բայց թերեւս այստեղ կարեւոր է նշել Մարգարիտ Դերանց գրողի գրչին յատուկ մարգարեական կանխատեսումների մասին։ Դեռեւս մինչեւ այս գրքի լոյս ընծայումը (2023թ, յուլիս), արդէն երկու տարի առաջ սա մարգարեական յայտնատեսութիւն էր դժնատեսիլ ապագայի մասին, որը փաստօրէն Արցախի կորուստն էր։

 Մանկատանը մեծացած Անահիտը՝ «արտաքինից քնքուշ ու բարակիրան» իրականում «ամուր ու հաւասարակշիռ», դէմ է գնում քեռակնոջը տուած խոստմանը ու տրւում Վարդանին անմնացորդ ու անձնազոհ, միեւնոյն ժամանակ չի դժգոհում, ընտրութեան առջեւ չի դնում իր սիրելի տղամարդուն՝ բոլորն են հայրենիքի առաջ պատասխանատու: Հեղինակը յատկանշում է Անահիտի հոգեւոր կերպը՝ Վարդանն էր այն ոգին, որի շուրջը պտտւում է աղջկայ կեանքը։ Նա գիտակցում է Աստծոյ առաջ իր մեղքը, սակայն. «…կնոջական բոլոր իղձերը պոկում էր իրենից, նուիրաբերում Տիրոջը, միայն սիրելին կենդանի մնար…»:

 Հայ կինն այն սիւնն է, որ իր ուսերին է պահել հայկականութիւնը, օջախի ծանրութիւնը, հաւատարիմ, անտրտունջ ու անանձնական մղումով ապրել ամբողջ կեանքը՝ հոգում ու մտքում միայն ուժ առնելով իր տղամարդուց: Կինն ի վերուստ տրուած ունակութեամբ պիտի սէր ու գորովանք ակնկալեր տղամարդուց, հիմա հայրենի օջախի պահպանման ու հայի սերունդը շարունակելու առաքելութիւնն է կրում իր ուսերին: Սա ընդգծւում է հեղինակի կողմից Զմրուխտ բաբոյի, Արաքսի տատիկի, Թերեզիկի, Անահիտի, Հայկուհու, Իդայի, Շողիկի, Շողերի, Լիլոյի եւ միւս կերպարների միջոցով:

 Գեղագէտ ու խորաթափանց արձակագիրը համեստ, հասարակ ու խորիմաստ ձեւակերպումներով կերտում է տիպական հերոսներ: Արտաքինի հպանցիկ նկարագրութիւնը խորութեամբ ներկայացնում է կերպարի էութիւնը: «Գավառական ուսուցչուհու տեսք ունէր Նարեկի մայրը: Լուացքից ու արդուկից երկարօրէն չարչարուած հագուստները դեռ կոկիկ տեսք ունէին նրա նիհարաւուն մարմնի վրայ: Ոչնչով աչքի չընկնող դիմագծերից առանձնանում էր խելացի, խոշոր աչքերի հանգիստ հայեացքը: Երեւում է՝ այն կանանցից էր, որոնք կեանքի դժուարին փորձութիւններն անցնում են մենակ, վստահ, ինքնուրոյն: Յենց նման կանայք են, որ Նարեկի պէս արժանապատիւ, արդարութեան զգացումով լեցուն զաւակներ են մեծացնում…»:

 Յետաքրքիր զուգահեռ է անցկացնում հեղինակը Հայկուհու եւ Անոյի կերպարների միջեւ. պատերազմի դաշտում կեանքը վտանգի ենթարկելով՝ զինուորների փրկութեան առաքելութիւնը ստանձած Հայկուհին «իր երջանկութեան բանալինէրը թողել էր պատերազմում զոհուած ամուսնու մօտ, որի հետ ընդամէնը երկու ամիս է երջանիկ ապրել», իսկ Անոն երեխանների ապրուստը հոգալու համար կապուել էր շուկայի ցմփոր հսկիչի հետ: Հակադիր սկզբունքներ ու ապրելակերպ ունեցող կանայք յայտնւում են միեւնոյն վայրում՝ կռուի դաշտում, ամուսինների վրէժը լուծելու, նրանց կիսատ գործը շարունակելու համար:

 Անոն երկրորդային կերպար է, բայց աւարտուն, տպաւորիչ, յիշուող։ Հեղինակը նրան չի ներկայացնում ակտիւ գործողութիւնների յորձանուտում, միւս հերոսների խօսք ու զրոյցի, ասեկոսեների միջոցով է ընթերցողը ճանաչում Անոյին՝ «մի շէկլիկ, տպաւորիչ հարս, որը հարս եկաւ Շամշադինից», երեխաներ պարգեւեց ամուսնուն եւ նրա հետ լծուեց ընտանիքը պահելու հոգսին: Սոցիալական ծայրահեղ դժուարութեա՞ն, անօգնականութեա՞ն, թե՞ ամուսնու` Կարոյի թուլակամութեան արդիւնքում Անոն դարձաւ ճարահատեալ ու բարոյազուրկ: Երբ ակնկալւում էր ամուսնու զայրոյթը ընտանեկան կոնֆլիկտներին, վերջինիս յանկարծակի անյետացումն ու զոհուելը բարոյապէս խորտակուելու եզրին գտնուող կնոջը մղեցին պատերազմի դաշտ՝ ամուսնուն արժանի լինելու: «Այնուհանդերձ, չգիտես ինչու, մտածում էի, որ Կարոյի բացակայութեան մէջ Անոն աւելի շատ Կարոյինն էր, քան նրա կենդանութեան օրօք, երբ կողքին էր կողակիցը»,- մտորում էր երիտասարդ ազատամարտիկ Մենուան:

 «Ի՞նչ է հայի ուզածն այս աշխարհից» հռետորական հարցադրմանը Մարգարիտ Դերանցը պատասխանում է. «Մի պտղունց ջերմութիւն ու մի փշուր հանգստութիւն իր երկրի, իր սիրելինէրի ու վերջապէս հէնց իր համար…»:

 Բայց ինչի՞ տէր ենք, հազարաւոր լոյս տղաների եռագոյնածածան գերեզնանների տե՞ր: Բոլորովին էլ հիպերբոլայ չէ հետեւեալ մէջբերումը.

«Բժիշկն իր կամքից անկախ լսեց նրանց զրոյցը:

— Աչքդ լոյս…

— Ինչի՞ համար ես ասում…

— Տղեդ գերեզմանի տէր դարձաւ: Իմիս չեմ գտնում: Մեկ ամիս է՝ զոհուել է, շատ եմ փնտրել… չկայ ու չկայ…

 Բժիշկը շանթահարուեց լսածից: Խոր հոգոց հանեց, որն աւելի մղկտոցի էր նման. «Ո՞ւմ մտքով երբեւէ կանցներ, որ մայրերը կուրախանան՝ գտնելով որդիների դիերը…»:

 Իսկ Լիլոյի կերպարում պատերազմից առաջացած մարդկային անհաւասարակշիռ հոգեկան աշխարհն է, նզովքն ու վրէժխնդրութիւնը, անօգնականութիւնը: «Որդեկորոյս մօր դերը ապակու պէս փշուր-փշուր արեց Լիլոյին: Մի քանի ամիս առաջ էր, երբ, ձեռքը դնելով կրծքին, մոլորուած աչքերով դիմել էր սկեսուրին:

-Մա՛մ, դու ինձ բոլորից լեաւ ըս ճնաչում, լյոխ-չին կորցրալ ըմ, բայց ջիգեարի ցաւը ուրիշ պենայ… էդ տյու հունց ապրեցիր Արթուրից յետոյ… Ես կարում չըմ Դաւիթից յետոյ ապրել, շատ տիժեր է, մէջս մինակ սուգ ա, էլ կեանք չկայ…»:

 Չկայ անդորրաւետ սէր, չկայ նոյնիսկ անդորրաւետ կենցաղ, կայ հայրենիք, պետութիւնն ամուր պահելու անհրաժեշտութիւն, եւ դրան է անխոնջ լծուած հայ կինը, թոյլ ու հոգատարութեան արժանի էակը փոխել է իր գոյութեան կերպը:

 Մարգարիտ Դերանցի կոչն ընթերցողին հերոսի շուրթերով է փոխանցւում. «Եթէ կայ մէկը, որի համար պատասխանատու ես, ապա ապրելն ու յետագայ որոշումները անխուսափելի են»: Ամենայուսահատ պահին եւս պէտք է գնահատել ունեցածը՝ փոքր ու անօգնական, խոշտանգուած ու խաբուած հայրենիքը, եւ ուժ գտնել ոչ միայն ապրելու, այլեւ պահելու եւ պահպանելու այն: «Նոյն գիւղն էր, նորից այնտեղ անհոգ ապրելու ցանկութիւնը կար: Բայց զառիթափի վրայ գտնուող մանկութեան տունը չկար: Տան տեղում խոր, ձագարաձեւ փոս էր, որ կարծես հողի վէրքն էր…»: Այնուամենանիւ Թերեզիկի մտքում այլ մտքեր էին սաւառնում. «…Ես վիզը ծուռ այրի չեմ, այլ հերոսի կին եմ ու հերոսի որդի եմ մեծացնում…»: Հեղինակի ասելիքն ամբողջանում է Թերեզիկին բնութագրող հետեւեալ տողերում. «Նա նման էր այն ծառին, որ դէմ է գնում բնութեանը, տերեւաթափից յետոյ ծաղկում: Դուստր եղաւ հոր համար, քոյր՝ Նիւշայի համար, մայր՝ որդու համար: Ցաւերն ու կարօտները հող սարքեց օտար երկրում, փոքրիկ տուն կառուցեց, հիւանդ հորը խնամեց, Նիւշային ու որդուն ոտքի կանգնեցրեց»:

 Տագնապած ու լքուած է իւրաքանչիւր հայի ոգի, իսկ գրողի առաքելութիւնը հէնց այս է՝ ոգեկոչել ու պահպանել, սթափեցնել ու ուղղորդել մարդկութեանը:

 Գրական ու գեղարուեստական առաջնահերթութիւնից զատ վէպն ուղերձ է մարդկութեանը՝ մարդ մնալու, սեփական առաքելութիւնը գիտակցելու եւ պատասխանատուութիւն կրելու: Այն փաստաթուղթ է իր հող ու ջրին ամուր կառչած մարդու կենսակերպի, Արցախի աշխարհագրութեան ու պատմական վկայութեան մասին։

 Այս գիրքն արժէ ընթերցել. եթէ ցանկանում ես գեղագիտական հաճոյք ստանալ, եթէ ցանկանում ես խորանալ մարդկային հոգու վայրիվերումների մէջ, տեղեկացուած լինել մի տեւական ժամանակի պատմական, քաղաքական ու սոցիալական իրադարձութիւնների, վայելել Արցախ աշխարհի հոյակերտ բնութեան շունչը, զգալ յաղթանակի բերկրանքն, յաղթահարել պատերազմի մարտահրաւէրները, եւ մի շարք այլ եթէներ…

Share