Յունիսի 27-ից մինչեւ յուլիսի 1-ը Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակը «Ապրելու ձայնը» գրական-մշակութային օրերի շրջանակներում Ստեփանակերտում եւ շրջաններում կը կազմակերպի գրական մրցոյթներ, գրական երեկոներ, ասմունքի մրցոյթ, ցուցահանդէսներ ու համերգներ, Արցախի արդի գրականութեան վերաբերեալ զրոյցներ, հանդիպումներ, դասախօսութիւններ։
Մշակութային փառատօնի բացման արարողութիւնը կայացել է յունիսի 27-ին Ստեփանակերտի «Եւրոպայ» հիւրանոցի դահլիճում՝ Արցախի եւ ՀՀ գրական- մշակութային, հասարակական գործիչների, պետական պաշտօնեաների մասնակցութեամբ:
Բացման խօսքում Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի տնօրէն Հերմինէ Աւագեանը նշել է, որ գրական-մշակութային օրերի մեկնարկը տրուել է Ստեփանակերտի յուշահամալիր այցելութեամբ:

Խոսելով նախաձեռնութեան մասին՝ Հերմինէ Աւագեանը նշել է, որ անկախ ներկայ մարտահրաւէրներից, ունեցած անդառնալի կորուստներից, Արցախի սիրտը բաբախում է, Արցախի այս փոքր մասնիկը շարունակում է շնչել, ու այստեղ ապրողի ցանկութիւնը պատերազմը չէ, այլ սեփական հողի վրայ ապրելը, արարելը եւ ստեղծագործելը: Այս միջոցառումների շարքը Արցախի ապրելու ձայնն է՝ գրականութեան եւ մշակոյթի լեզուով:
«Պատէրազմը միայն սահմանին չէ, սահմանից այսկողմ ուրիշ պատերազմ է՝ մշակոյթի, գրականութեան, ազգային արժէքների պահպանման ու տարածման, ու այս ասպարէզներում իւրաքանչիւր յաղթանակ մեր ինքնութեան պահպանման, արժանապատիւ ապագայ ունենալու գրաւականներից է: Համազգայինի Արցախի գրասենեակը նշեալ ճանապարհի անխոնջ ուղեկիցն է, որովհետեւ Համազգայինի աշխարհասփիւռ կառոյցը եղել ու մնում է հայկական մշակոյթի զարգացման ու տարածման առաջամարտիկներից մէկը»,- իր խօսքում ասել է Հ. Աւագեանը:

Գրական-մշակութային օրերի կազմակերպման գաղափարը երիտասարդ գրող Սերգեյ Սաֆարեանինն է: «Արցախն այսօր խնդիր ունի ամէն ոլորտում ներկայացնելու Արցախի լինելիութեան, Արցախում մեր ժողովրդի ապրելու կամքի, իրաւունքի մասին: 7-օրեայ գրական-մշակութային օրերը նախաձեռնեցինք, որպէսզի ցոյց տանք, որ արցախցին շարունակում է ապրել այստեղ, որ արցախցին ապրելու է այստեղ , եւ քանի դեռ այսպիսի նախաձեռնութիւնններ են իրագործւում, ուրեմն Արցախը կապրի»,- ասել է երիտասարդ գրողը:

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարեանը կարեւորել է յատկապէս պատերազմից յետոյ նման միջոցառումների կազմակերպումը: «Կարծում եմ, որ մենք կը կարողանանք գրականութեան եւ մշակոյթի շնորհիւ գտնել ճշմարիտ ճանապարհն ու առկայ դժուարութիւնները հետեւողականօրէն յաղթահարելով՝ հասնել համազգային նպատակների իրագործմանը, ինչը սերունդների առջեւ մեր պարտաւորութիւնների մի մասն է»,- բացման խօսքում ասել է Արտակ Բեգլարեանը՝ բարձր գնահատելով Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան ջանքերը՝ ուղղուած Արցախում մշակութային կեանքի աշխուժացմանը:

Բացման արարողութեան ժամանակ ողջոյնի խօսքով հանդէս եկած ԱՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարար Անահիտ Յակոբեանը շեշտել է Արցախում ապրելու եւ ստեղծագործելու կարեւորութիւնը, քանի որ ապրելով է որոշւում ամէն ինչ, ապրելով է սկիզբ առում իւրաքանչիւր կեանք:

ՀՀ Գրողների միութեան նախագահ Էդուարդ Միլիտօնեանի կարծիքով էլ զէնքից, զրահից զատ Հայաստանի ամենամեծ խնդիրը թէ՛ պատերազմից առաջ եւ թէ՛ յետոյ մշակութային դիւանագիտութեան խեղճութիւնն է եղել: «Մենք զլացել ենք, չենք գնահատել այդ ասպարէզի կարեւորութիւնը եւ այսօր առաւել եւս զարմանում ենք, թէ ինչու է աշխարհը մեր ցաւի հանդէպ անտարբեր մնում: Պատէրազմից յետոյ յատկապէս Արցախում այսպիսի միջոցառումներն ամենաանհրաժեշտներից են, քանի որ հոգեբանական տրաւմաները, բարոյական դաշտի եւ ընդհանրապէս մեր կեցութեան խնդիրների վերաբերեալ գրականութիւնը, լրագրութիւնն ունեն հզօր դերակատարում»,- ասել է Է. Միլիտօնեանը՝ հպարտօրէն մատնանշելով Արցախի երիտասարդների, երիտասարդ գրողների նախաձեռնողականութիւնը:

ԱՀ գրողների միութեան նախագահ Վարդան Յակոբեանը, ողջունելով նախաձեռնութեան կազմակերպումը, կարեւորել է այս դժուարին ժամանակներում գրականութեան դերը. «Ժողովրդի ողնաշարը բոլոր ժամանակերում եղել է գրականութիւնը: Չեմ թերագնահատում միւս ոլորտները, բայց գրականութիւնն է մեր ազգային ոգու, արժեհամակարգի գլխաւոր կրողը»:
Ողջունի խօսքով հանդէս են եկել նաեւ Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանը, Լիբանանի Համազգայինի Մելանքթօն եւ Հայկ Արսլանեան ճեմարանի բազմամեայ ու վաստակաւոր տնօրէն, հասարակական գործիչ Տիգրան Ջինբաշեանը:

Վահագն Գարագաշեանի խօսքով մեծ ոգեւորութիւն է գրական-մշակութային միջոցառումներին մասնակցելը, քանի որ դրա միջոցով աւելի է ամրանում արցախցի գործընկերների հետ բանաստեղծական ոգեղէն կապը:

Տիգրան Ջինբաշեանն իր խօսքում նշել է, որ չկայ միասնական հայութիւն ո՛չ Սփիւռքում, ո՛չ հայրենիքում, այլ կան ազգայինին նուիրուած անհատներ ու կառոյցներ: «Եթէ կայ ստեղծագործութիւն, մշակոյթ, գրականութիւն, նոյնիսկ ամենավատ քաղաքական ու տնտեսական պայմանների մէջ ազգը շարունակում է ապրել ու գոյատեւել: Ողջունելով Արցախում մշակութային սխրագործութեան բոլոր երախտաւորներին՝ յատուկ յիշատակութեան են արժանի գրական մշակները, որոնց գրչին վրայ է ծանրանում Արցախը պահպանելու, այն վերստին ամբողջական ու հզօր դարձնելու պայքարի գաղափարական խմբագրումը, որի արգասիքը պիտի լինի անխուսափելի յաղթանակը»,- ասել է Տիգրան Ջինբաշեանը:
Յաւելենք, որ «Ապառաժ»-ը առաջիկայում աւելի մանրամասն ներկայացնելու է «Ապրելու ձայնը» գրական-մշակութային օրերի ընթացքը:
