Աղաւնոյ գիւղը մեռաւ, վերջ

Աղաւնոյ գիւղը մեռաւ, վերջ

«Սահմռկեցուցիչ տեսարան էր, մարդիկ են գալիս՝ հրաժեշտ տալու, բերքը ծառերի վրայ՝ չհաւաքած, տների վրայ ինչ-որ գրութիւններ: Քարվաճառը չհասցրինք տեսնել: Ծանր է շատ՝ 21-րդ դարում գաղթական հայը, բայց՝ սեփական կառավարութեան ուժերով արդէն։

Մետաքսէ Յակոբեան

Աղաւնոյ գիւղը մեռաւ, վերջ: Կառավարական փութաջանութեամբ ապամոնտաժուած է ամէն ինչ, նոյնիսկ գեներատորը տարածքային ենթակառուցուածքների նախարարութեան աշխատակիցները լուրջ դէմքով տարան, որ յանկարծ հնարաւորութիւն չլինի այդտեղ լոյս ունենալու, կամուրջն են ապամոնտաժելու: Դատարկ տներ, չփակուած՝ դռներ: Բերձորում՝ ծխացող շէնքեր, կտրած ծառեր, չգիտես ովքեր են կտրել շքեղ բարդիները, որ երեւի չորանայ, տանեն վառեն: Քաոս է, չգիտեմ երեւի Սոդոմ-Գոմորը պատկերացնելու համար պէտք է լինեն այստեղ: Այս մասին «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց Արցախի ԱԺ պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը, որն Արցախ վերադառնալիս երէկ՝ օգոստոսի 20-ին այցելել է Աղաւնոյ, Բերձոր:

«Սա է իրականութիւնը, որն իրականում շատ աւելի ծանր է, քան կարելի է բառերով նկարագրել»,- նշեց Յակոբեանը:

Աղաւնոյում, Բերձորում դեռեւս մի քանի մարդ մնացել է, որոնք, Յակոբեանի խօսքով, հող ու ջրին կպած, ազնիւ մարդիկ են, որոնք շոու անելու համար տուն չեն այրել, բայց չեն էլ կարողանում պոկւել, դեռ մանկահասակ երեխաների հետ այնտեղ են, բայց հիմնականում գիւղում մարդ չկայ: Այնտեղ են նաեւ Արցախի ոստիկանութեան աշխատակիցները, որոնք վերահսկում են գիւղը, որ միջադէպեր չլինեն, ՀՀ-ից հայրենասէր երիտասարդներ նոյնպէս այնտեղ են գտնւում։ Ռուս խաղաղապահ զօրախմբի երկու ծառայող էլ անցակէտում են՝ անվտանգութիւնից ելնելով, հիմնականում անվտանգութեան գործառոյթները ԱՀ ոստիկանութեան ծառայողներն են իրականացնում: Աղաւնոյում անցակէտն արդէն ապամոնտաժուած է, իսկ Բերձորում՝ դեռեւս ոչ:

«Սահմռկեցուցիչ տեսարան էր, մարդիկ են գալիս՝ հրաժեշտ տալու, բերքը ծառերի վրայ՝ չհաւաքած, տների վրայ ինչ-որ գրութիւններ: Քարվաճառը չհասցրինք տեսնել: Ծանր է շատ՝ 21-րդ դարում գաղթական հայը, բայց՝ սեփական կառավարութեան ուժերով արդէն։

Այստեղ աւելի շատ դաւաճան հայի շունչն էր, քան՝ թշնամու»,- նշեց Յակոբեանը:

Ինչ վերաբերում է բնակիչների հետագայ բնակութեան վայրին, Յակոբեանը նշեց, որ հիմնականում արդէն ինչ-որ վայրեր գտել են տեղակայման, իրենց՝ ուժով, այնպէս չէ, որ կառավարութեան կողմից մեծ աջակցութիւն է, ամէն մէկն իր գլխի ճարը տեսել է, ինչպէս կարողացել է, այնպէս, ինչպէս՝ պատերազմից յետոյ 40.000-ից աւել մեր հայրենակիցները։

«Ուղղակի բոլորս լռել ենք: Չկայ ասելիք, իրենք՝ չունեն ասելիք, մենք՝ չգիտէինք ինչ ասել: Չմիաւորւեցինք, չստացւեց, Նիկոլի մօտ այդ պառակտումը շատ լաւ ստացւեց, պառակտուած ժողովրդի հետ անում են այն, ինչ մեզ հետ արեցին»,- նշեց Յակոբեանը:

Բերձորի, Աղաւնոյի յանձնմամբ՝ Քաշաթաղի շրջանն ամբողջութեամբ յանձնւում է թշնամուն՝ ժապաուէնը կապուած՝ առանց բանակցութիւնների:

«Ժամանակին Խծաբերդի համար «պայքարողները», որոնք հիմա պաշտօններ են գրաւել, չէք պատկերացնում, թէ ինչ եռանդով, փութաջանութեամբ են կազմակերպում յանձնման աշխատանքները: Ժամանակին հայրենասիրութիւն խաղացողները… Սա մեր իրականութիւնն է, Աղաւնոն՝ Հայաստանի եւ Արցախի մակետն է, իրական կերպարը »,- նշեց Յակոբեանը:

Այլընտրանքային ճանապարհը, Յակոբեանի փոխանցմամբ, փութաջանօրէն կառուցւում է, ամէն դէպքում՝ ժամկէտներ կան. Ըստ երեւոյթին, իրական ժամկէտը սեպտեմբերի 2-ը կը լինի. «Ադրբեջանը սիրում է, չէ՞, նման օրեր: Դա Արցախի Հանրապետութեան օրն է, իրենք իրենց նուէր կանեն, մեզ համար էլ դա հերթական ստորացումը կը լինի, որը պատուով կամ վայ-վոյով կուլ կը տանք»:

Յակոբեանն ընդգծեց՝ պէտք է պառակտուածութեանը վերջ տանք, չկան նիկոլականներ կամ նախկիններ-ներկաներ, կայ հայ եւ հայի հայրենիք, որը բոլորինս է:

«Եթէ մենք տէր չկանգնեցինք, Արցախի դուռը փակ չփակեցինք, նոյնը կը լինի իւրաքանչիւրիս հետ»,- նշեց Յակոբեանը՝ յաւելելով, որ ոչ թէ թշնամուց են վախենում, այլ, որ հային՝ թիկունքից կը հարուածեն:

Նրա փոխանցմամբ՝ նախաձեռնել են շարժում՝ «Յանուն Արցախի պաշտպանութեան», որը կը մեկնարկի սեպտեմբերի 2-ին: Շարժումը կը լինի ժողովրդինը, Արցախում ժողովրդի իշխանութիւն պէտք է հաստատուի:

«Մինչ ՀՀ գալը հանդիպումներ ենք ունեցել, մարդիկ պատրաստակամ են: Ֆէյսբուքեան էջում շուտով կը տեղադրուեն մարդկանց տուեալներ, որպէսզի հասարակ քաղաքացին, ժողովուրդն իմանայ, թէ որտեղ կարելի է գրանցուել, միանալ, քանի որ այստեղ լիդերներ չեն լինելու, որոշել ենք, որ բոլոր լիդերները կը ծնուեն շարժման ժամանակ, որոնք կը լինեն համակարգող, իրենք չեն ձգտում լինել լիդեր: Բոլորս պայմանաւորուածութիւն ունենք, որ առաջնայինը հիմա մեզ համար հայրենիքի պաշտպանութիւնն է»,- նշեց Մետաքսէ Յակոբեանը՝ յաւելելով, որ, եթէ կարողանան գաղափարի շուրջ համախմբուել, ապա կը կարողանանք շատ բաների հասնել: Արդէն իսկ ձեւաւորուել են պահանջներ՝ կապուած այլընտրանքային ճանապարհի հետ, որոնք կը ներկայացւեն կառավարութեանը:

«Նրանք կունենան երկու ճանապարհ՝ կամ կատարել մեր պահանջները եւ լինել ժողովրդի հետ, կամ չանել դրանք եւ չլինել ժողովրդի հետ, չեմ կարծում, որ երկրորդ տարբերակը ձեռնտու կը լինի իրենց»,- նշեց Յակոբեանը:

Share