Արցախի անկումից մէկ տարի անց՝ այսօր, ամերիկեան Կոնգրեսի մարդու իրաւունքների յանձնաժողւում լսումներ էին Լեռնային Ղարաբաղի հայերի դէմ Ադրբեջանի թոյլ տուած խախտումների թեմայով։
Ելոյթ ունեցող կոնգրէսականները համակարծիք էին, որ Միացեալ Նահանգների կառավարութիւնը պէտք է աւելի վճռական լինէր Լեռնային Ղարաբաղի հայերի իրաւունքները պաշտպանելու հարցում։
Յանձնաժողովի համանախագահ Քրիսթոֆեր Սմիթը Արցախի 9-ամսեայ շրջափակումն ու Ադրբեջանի ռազմական յարձակումը ցեղասպանական որակեց։
«Սրա համար պէտք է պատասխանատուութեան ենթարկուողներ լինէն, քրէական հետապնդումներ լինէն, օրինակ՝ Միջազգային քրէական դատարանում։ Ցեղասպանութիւնը վաղեմութեան ժամկէտ չունի, եւ այս հարցը մենք պէտք է առաջ տանենք, որպէսզի պատասխանատուութեան կանչենք այս յանցագործութիւնները կատարածներին, նրանց թւում՝ անձամբ Ալիեւին։ Միացեալ Նահանգների կառավարութիւնը պէտք է յստակ դատապարտի մարդու իրաւունքների նմանօրինակ խախտումները՝ անկախ նրանից ովքեր են իշխանութեան՝ դէմոկրատները, թէ հանրապետականները։ Շատ եմ ցաւում, որ Միացեալ Նահանգները չառարկեց COP29-ը Բաքւում անցկացնելու Ադրբեջանի յայտին», – ասաց ամերիկացի օրէնսդիրը՝ ընդգծելով, որ Արցախի հայերը պէտք է իրենց հայրենիք վերադարձի հնարաւորութիւն ստանան։
Կոնգրեսականների առջեւ վկայութիւն տուեց Արցախի օմբուդսմէն Գեղամ Ստեփանեանը, մանրամասն պատմեց ադրբեջանական բլոկադայի ընթացքում մարդկանց զրկանքների, սովի, յարձակման, տեղահանութեան մասին։
«Բլոկադայի ժամանակ ես երեք ամիս չէի կարողանում վերադառնալ տուն, ես մարդու իրաւունքների մի պաշտպան էի, որը չէր կարողանում գնալ իր ժողովրդի մօտ՝ նրա իրաւունքները պաշտպանելու։ Մենք բռնի տեղահանուեցինք մեր տներից բոլորի աչքի առաջ, ռուս խաղաղապահների աչքի առաջ, որ եկել էին Արցախ 2020-ին՝ խաղաղութիւն ապահովելու։ Միացեալ Նահանգների աչքի առաջ, որը յարձակումից մէկ շաբաթ առաջ յայտարարել էր, թէ չի հանդուրժի Արցախի դէմ եւս մէկ յարձակում։ Եւրամիութեան աչքի առաջ, որ բանակցում էր մեր «իրաւունքների ու անվտանգութեան» հարցն Ադրբեջանի հետ», – ասաց Ստեփանեանը։
Արցախի օմբուդսմենը նաեւ առաջարկներ ներկայացրեց միջազգային հանրութեանը՝ տեղահանուած Արցախի հայերի իրաւունքները պաշտպանելու ուղղութեամբ։
«Ապահովել պատշաճ միջազգային աջակցութիւն բռնի տեղահանուած մարդկանց համար։ Սահմանափակ ռեսուրսներ ունեցող Հայաստանի կառավարութեան տրամադրած աջակցութիւնը բաւարար չէ՝ լուծելու տեղահանուածների կարիքները, ինչի պատճառով հազարաւոր մարդիկ աղքատութեան մէջ են ապրում, նրանք բախւում են բազմաթիւ սոցիալական, այդ թւում՝ գլխին տանիք ու արժանապատիւ աշխատանք ունենալու խնդրին։ Ադրբեջանի դէմ պէտք է թիրախային պատժամիջոցներ կիրառուէն՝ Հայաստանի եւ Արցախի դէմ յարձակումների ու ռազմական յանցագործութիւնների համար», – յայտարարեց Արցախի օմբուդսմենը:
Ստեփանեանի խօսքով՝ պէտք է ջանքեր գործադրուեն հայ գերիների ազատ արձակման ուղղութեամբ: «Մենք տեսնում ենք, որ իրաւական գործիքները բաւարար չէն, միայն միջազգային ուժեղ ճնշումը կարող է ստիպել Ադրբեջանին ազատ արձակել ապօրինի պահուող անձանց ու տեղեկատուութիւն տրամադրել անյայտ կորածների մասին», – ընդգծեց նա:
«Անհրաժեշտ է նաեւ վստահելի միջազգային հարթակ ստեղծել՝ քննարկելու արցախցիների հաւաքական, արժանապատիւ, ապահով վերադարձը՝ միջազգային պաշտպանութեան ներքոյ։ Այս հարցը ներառուած չէ հայ – ադրբեջանական բանակցութիւնների օրակարգում, ինչն անընդունելի է», – ասաց Արցախի մարդու իրաւունքների պաշտպանը:
azatutyun.am