ԱՄՆ-ն պէտք է ամէն ինչ անի, որ մեղսակից չդառնայ այս պահին տեղի ունեցող ցեղասպանութեանը. Եղիսաբեթ Չուլջեան

ԱՄՆ-ն պէտք է ամէն ինչ անի, որ մեղսակից չդառնայ այս պահին տեղի ունեցող ցեղասպանութեանը. Եղիսաբեթ Չուլջեան

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է գործել միջազգային իրաւունքը խախտող այնպիսի ոճիրներ, որոնց դէմ ամերիկեան կառավարութիւնը օրէնքներ ունի, եւ ըստ դրանց, պէտք է պատժամիջոցների ենթարկուի ոչ միայն Ադրբեջանը, այլեւ նրա ղեկավարը:

Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց ANCA հասարակայնութեան հետ կապերի պատասխանատու Եղիսաբեթ Չուլջեանը՝ վստահեցնելով, որ ամերիկեան կառավարութեան ու Կոնգրեսի ներկայիս քայլերը չափազանց կարեւոր են:

«Կոնգրեսը պէտք է Սպիտակ տանը, ԱԳՆ-ին կոչեր ուղի, որ կենտրորնան նոր ցեղասպանութիւնը կանխելու ուղղութեամբ: Պարոն Օկամպոն շատ յստակ բացատրեց՝ երբ բանակցող կողմերից մէկը ցեղասպան ղեկավար է, իսկ միւս կողմում անմեղ մարդիկ են, նրանց միջեւ բանակցութիւններ չէն կարող լինել:

Ամերիկեան կառավարութիւնը, նախեվառաջ, պէտք է կենտրոնանայ դադարեցնելու ցեղասպնութիւնը եւ մարդասիրական օժանդակութիւն ուղարկի Արցախ: Կարծում եմ՝ ԱՄՆ-ն պէտք է ամէն ինչ անի, որ մեղսակից չդառնայ այս պահին տեղի ունեցող ցեղասպանութեանը՝ օժանդակելով Ադրբեջանի կառավարութեանը թէ՛ զէնքի տեսքով, թէ՛ որեւէ այլ տարբերակով»,- ասել է Չուլջեանը:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն փորձում է խուսափել Ադրբեջանի գործողութիւններին յստակ որակաւորումներ տալուց:

«ԱՄՆ-ն այս պահին տեղի ունեցող ցեղասպան քաղաքականութեան վերաբերեալ անհրաժեշտ գործողութիւններ չի իրականացնում եւ բանակցութիւններն ընթանում են առանց Ադրբեջանի նկատմամբ ճնշումների: Թեեւ ԱՄՆ-ն դատապարտում է Ադրբեջանին, բայց խօսքերն այլեւս բաւարար չէն, պէտք է յստակ միջոցներ ձեռնարկել: Այսօրուայ լսումների մասնակիցները շատ յստակ բացատրեցին, թէ ինչ միջոցներով ԱՄՆ-ն կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ, օրինակ, շեշտել, որ Ադրբեջանը Արցախի նկատմամբ ցեղասպանութիւն է իրականացնում, յետոյ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի եւ նրա ղեկավարների նկատմամբ, ինչպէս նաեւ դադարեցնել ռազմական օժանդակութիւնը: ԱՄՆ-ն, կարծես, ցանկանում է փախչել նմանատիպ լսումներից, որովհետեւ գիտէն՝ իրենք չէն ասելու այն, ինչ կցանկանայ լսել Կոնգրեսը»,- նշում է Չուլջեանը:

Յիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրաւունքների յանձնաժողովը սեպտեմբերի 6-ին քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

Share