Մենք խորապէս մտահոգւած ենք Լեռնային Ղարաբաղում արագօրէն վատթարացող հումանիտար իրավիճակով։ Այս մասին յայտարարել է Պետդեպարտամենտի պաշտօնական ներկայացուցիչ Մեթիւ Միլլերը։
«Մենք կրկնում ենք Լաչինի եւ Աղդամի ճանապարհների անյապաղ եւ միաժամանակ բացման մեր կոչը՝ ապահովելու անհրաժեշտ մարդասիրական պարագաների առաքումը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Մենք կոչ ենք անում ղեկավարներին, ինչպէս որ պետքարտուղարն արել է իր յայտարարութիւններում, չձեռնարկել գործողութիւններ, որոնք մեծացնում են լարւածութիւնը կամ շեղում այդ նպատակից:
Բացի այդ, մենք մշտապէս ընդգծել ենք Լեռնային Ղարաբաղում երթուղիների բացման եւ կողմերի միջեւ երկխօսութեան անհրաժեշտութիւնը։ Թէեւ կարեւոր է, որ Լեռնային Ղարաբաղն ունենայ վստահելի ներկայացուցիչներ այս գործընթացի համար, ինչպէս նախկինում ենք ասել, մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպէս անկախ եւ ինքնիշխան պետութիւն, եւ հետեւաբար չենք ճանաչում, այսպէս կոչւած, նախագահական ընտրութիւնների արդիւնքները, որոնք տեղի ունեցան վերջերս»,- նշել է նա։
Միլլերի խօսքով, Միացեալ Նահանգները կը շարունակի խստօրէն աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերին՝ չլուծւած հարցերն ուղղակի երկխօսութեան միջոցով լուծելու համար, եւ այդ պատճառով պետքարտուղար Անտոնի Բլինքէնը եւ Կովկասի բանակցութիւնների գծով աւագ խորհրդական Լուի Բոնօն հետեւողականօրէն ներգրաււած են այս գործընթացում եւ «մենք շարունակելու ենք մեր հետեւողական մասնակցութիւնը»։
Հարցին, թէ արդեօք Պետդեպարտամենտը զոհաբերում է Մարդու իրաւունքները յանուն խաղաղութեան բանակցութիւնների, Միլլերը պատասխանել է. «Ես հէնց նոր պարզ հասկացնել տւեցի, որ մենք ցանկանում ենք, որ երկու ճանապարհները վերաբացւեն՝ Լեռնային Ղարաբաղին անհրաժեշտ մարդասիրական օգնութիւն հասցնելու համար: Պետքարտուղարը, ինչպէս նաեւ Պետքարտուղարութեան այլ ներկայացուցիչներ հանգստեան օրերին այդ հարցը յստակ պարզաբանել են Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին: Այնպէս որ, ես ընդհանրապէս համաձայն չեմ այդ բնութագրման հետ»:
Հարցին, թէ Իլհամ Ալիեւի հետ զրոյցի ժամանակ Բլինքէնը յիշատակե՞լ է Ադրբեջանում Մարդու իրաւունքների վիճակը, ամերիկացի պաշտօնեան ասել է, որ կոնկրետ տւեալներ չունի։ «Այդ կոչերը վերաբերել են տեղում ստեղծւած ճգնաժամային իրավիճակին եւ այն կարգաւորելու փորձերին»,- նշել է նա։
«Yerevan.today»