Կիեւ մեկնելուց առաջ ԱՄՆ պէտքարտուղար Էնթօնի Բլինքէնը յայտարարել է Թեհրանի դէմ կիրառուած նոր միջոցների մասին։
Միացեալ Նահանգները երեքշաբթի յայտարարել է Իրանի դէմ նոր պատժամիջոցների սահմանման մասին՝ Թեհրանի կողմից Կրեմլին բալիստիկ հրթիռներ մատակարարելու պատճառով։
Յայտնի է, որ տեւական ժամանակ է, ինչ Իրանը Ռուսաստանին է մատակարարում անօդաչուներ, որոնք աւերածութիւններ են պատճառում Ուկրաինայի բնակավայրերում:
Երեքշաբթի Լոնդոնում հանդիպելով Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեւիդ Լամիին՝ ԱՄՆ պէտքարտուղար Էնթօնի Բլինքէնը յայտարարել է, որ Թեհրանը սկսել է բալիստիկ հրթիռներ մատակարարել Կրեմլին։
«Նման ընթացքը եւ Ռուսաստանի ու Իրանի միջեւ աճող համագործակցութիւնը սպառնում է եւրոպական անվտանգութեանը եւ ցոյց է տալիս, թէ ինչպէս է Իրանի ապակայունացնող ազդեցութիւնը տարածւում Մերձաւոր Արեւելքից հեռու: Իր հերթին, Ռուսաստանն Իրանին է տրամադրում վերջինիս անհրաժեշտ տեխնոլոգիայ: Սա երկկողմանի ճանապարհ է, այդ թւում՝ միջուկային ոլորտում, տիեզերքին վերաբերող տեղեկատուութեան շուրջ համագործակցութեան ուղղութեամբ»,- ասել է ԱՄՆ պէտքարտուղար Էնթօնի Բլինքէնը։
Բլինքէնը յայտարարել է Թեհրանի դէմ կիրառուած նոր պատժամիջոցների մասին։
«Միացեալ Նահանգներն այսօր՝ աւելի ուշ կը յայտարարի Իրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների մասին, այդ թւում՝ լրացուցիչ միջոցներ ձեռնարկելով Iran Air-ի նկատմամբ»,- ասել է ԱՄՆ պէտքարտուղարը:
Iran Air-ից զատ, ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել նաեւ իրանական ֆիզիկական անձանց, ձեռնարկութիւնների, անգամ՝ նաւերի նկատմամբ, որոնք ներգրաւուած են իրանական զէնքը Ռուսաստան տեղափոխելու գործում:
Կրեմլը հաստատել է, որ Թեհրանը համագործակցում է Մոսկուայի հետ խիստ զգայուն ոլորտներում՝ առանց մանրամասներ ներկայացնելու։
Դմիտրի Պեսկովը Պուտինի խօսնակն է։
«Իրանը մեր կարեւոր գործընկերն է։ Մենք զարգացնում ենք մեր համագործակցութիւնն ու երկխօսութիւնը բոլոր հնարաւոր ոլորտներում, այդ թւում՝ ամենազգայուն»,- ասել է Պեսկովը։
Բլինքէնն ու Լամին ընդգծել են, թէ այժմ «կրիտիկական պահ է» Ուկրաինային աջակցութիւն ցուցաբերելու համար: Երկուսը միասին այս շաբաթ մեկնելու են Կիեւ:
Վերլուծաբան Գարեթ Մարտինի խօսքով՝ այդ հանդիպմանը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, հաւանաբար, պնդելու է, որ արեւմտեան դաշնակիցները թոյլ տան Կիեւին արեւմտեան հեռահար սպառազինութեամբ հարուածել Ռուսաստանի տարածքին:
«Ընդհանուր առմամբ, Միացեալ Թագաւորութիւնը յաճախ [Ուկրաինային ցուցաբերուող օգնութեան] առաջնագծում է եղել: Եթէ մտածում եք հեռահար հարուածներին վերաբերող բանաւէճերի մասին, արդեօ՞ք նրանք այժմ կարող են հանդէս գալ նոյն դիրքորոշմամբ»,- ասել է Մարտինը:
Սպասւում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ուրբաթ այցելելու է Վաշինգտօն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Ջոյ Բայդենին, եւ օրակարգում իրավիճակն է Ուկրաինայում եւ Մերձաւոր Արեւելքում:
Յիշեցնենք՝ անցած շաբաթ Մեծ Բրիտանիան յայտարարեց Իսրայելին զէնքի որոշ տեսակների վաճառքը դադարեցնելու մասին՝ պատճառաբանելով, թէ Գազայի հատուածում ընթացող ռազմական գործողութիւնների ժամանակ խախտուել է միջազգային հումանիտար իրաւունքը։ Իսրայելը հերքում է մեղադրանքը:
ԱՄՆ-ն, սակայն, շարունակում է սպառազինութեան մատակարարումը Երուսաղեմին՝ ընդգծելով, որ Իսրայելը չի խախտել միջազգային իրաւանորմերը:
VOA