ԱՄՆ կոնգրէսի հայկական հարցերով յանձնախմբի անդամները յայտարարութիւն են տարածել՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անուանելով էթնիկ զտում եւ միջազգային հանրութեանը կոչ անելով «անյապաղ գործողութիւններ ձեռնարկել՝ Ալիեւի վարչակարգի կողմից Լաչինի միջանցքի երկարամսեայ արգելափակմանն արձագանքելու ուղղութեամբ»։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ յայտարարութիւնում կոնգրէսականները ներկայացնում են Բաքուի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Արցախում ստեղծուած մարդասիրական լուրջ ճգնաժամը՝ միջազգային հանրութեանը քննադատելով անգործութեան համար։
«Միջազգային հանրութիւնը չափազանց երկար է մի կողմ քաշուած հետեւել, թէ ինչպէս է այս ճգնաժամը սրուել մինչեւ կրիտիկական կէտ, երբ տասնեակ հազարաւոր մարդկանց կեանքեր ներկայում վտանգի տակ են: Մինչդեռ նախագահ Ալիեւը ոչ մի հետեւանքի չի բախուել Արցախում ապրող հայերին իրենց պատմական հողերից ստիպողաբար հեռացնելու իր դաժան արշաւի համար», — նշուած է յայտարարութիւնում:
Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախմբի անդամները նաեւ միջազգային հանրութեանը եւ ԱՄՆ նախագահի վարչակազմին այս «կանխամտածուած եւ հաշուարկուած» ճգնաժամը լուծելու կոչ են անում։
«Սա էթնիկ զտման սահմանումն է։ Միջազգային հանրութիւնը պէտք է օգտագործի բոլոր առկայ դիւանագիտական գործիքները՝ դադարեցնելու շրջափակումը, բացելու այս կենսական կեանքի ճանապարհը եւ կանխելու աղէտալի հումանիտար ճգնաժամը: Մենք կոչ ենք անում Բայդենի վարչակազմին անյապաղ գործել եւ օգնել՝ խաղաղ աւարտին հասցնելու այս կանխամտածուած եւ հաշուարկուած ճգնաժամը», — ասուած է յայտարարութիւնում։
Կոնգրեսականները նաեւ անդրադառնում են 2020 թուականին Ադրբեջանի կողմից Արցախ ներխուժմանը, որն արդէն իսկ հումանիտար ճգնաժամ էր առաջացրել՝ յանգեցնելով հազարաւոր զոհերի եւ տասնեակ հազարաւոր մարդկանց տեղահանման։
«Ադրբեջանական ուժերը շարունակում են հալածել, ձերբակալել եւ սպանել մարդկանց Հայաստանում եւ Արցախում, միեւնոյն ժամանակ կեղծօրէն հայկական տարածքը յայտարարելով որպէս իրենց սեփականը», — եզրափակել են կոնգրէսականները։