Փաշինեանի հրաժարականի կամ պաշտօնից հեռացման պահից սկսած նոր պատերազմի սպառնալիքը կնուազի. Վարդան Օսկանեան

Փաշինեանի հրաժարականի կամ պաշտօնից հեռացման պահից սկսած նոր պատերազմի սպառնալիքը կնուազի. Վարդան Օսկանեան

Նիկոլ Փաշինեանի հրաժարականի կամ պաշտօնից հեռացման պահից սկսած՝ Հայաստանի ռազմավարական եւ դիւանագիտական դիրքերը էապէս կը բարելաւուէն, իսկ նոր պատերազմի սպառնալիքը կնուազի: Այս մասին գրել է ՀՀ նախկինարտգործնախարար Վարդան Օսկանեանը:

«յետփաշինեանական օրակարգ»

Նիկոլ Փաշինեանի հրաժարականի կամ պաշտօնից հեռացման պահից սկսած՝ Հայաստանի ռազմավարական եւ դիւանագիտական դիրքերը էապէս կը բարելաւուէն, իսկ նոր պատերազմի սպառնալիքը կնուազի։ Ինչու՞։ Որովհետեւ Փաշինեանը լայնօրէն ընկալւում է որպէս ձախողուած ղեկավար։ Նրա քաղաքական կապիտալը սպառուած է, վարկանիշը՝ խաթարուած, իսկ նրա առաջնորդութիւնը դարձել է թուլութեան խորհրդանիշ՝ թշնամիների համար, եւ անվստահելիութեան նշան՝ դաշնակիցների համար։ Նրա ղեկավարութեան տարիներին Հայաստանը կորցրել է տարածքներ, կեանքեր եւ ազգային արժանապատուութիւն։ Ցանկացած կառավարութիւն, որն առաջնորդուի ազգային շահերով եւ յստակ նպատակից, կարող է սկսել շրջել այս էջը եւ վերականգնել Հայաստանի արժանի տեղը տարածաշրջանում։

Նոր կառավարութիւնը պէտք է արագ գործի երկու հիմնական ուղղութեամբ։ Առաջին՝ պէտք է ժամանակաւորապէս կանգնեցնի Ադրբեջանի հետ ընթացիկ բանակցութիւնները։ Դա չի նշանակում գոյութիւն ունեցող օրակարգի որեւէ կէտի չեղարկում՝ որքան էլ վտանգաւոր կամ անընդունելի դրանք լինէն։ Փոխարէնը, Հայաստանը պէտք է սառնասրտօրէն եւ հաստատակամօրէն պնդի իր առաջնահերթութիւնների ընդգրկումը։ Դրանցից գլխաւորը՝ հայ գերիների ազատումը, Արցախի տեղահանուած բնակչութեան վերադարձի իրաւունքը եւ ադրբեջանական ուժերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից։ Դրանից յետոյ թող բանակցութիւնները շարունակուեն։ Այս մօտեցումը պէտք է լինի սկզբունքային, զուսպ եւ անյողդողդ՝ վճռական, բայց ոչ սադրիչ։
Երկրորդ՝ Հայաստանը պէտք է յստակեցնի իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը՝ ելնելով տեղում փոփոխուող իրողութիւններից եւ գլոբալ ուժային վերադասաւորումներից։ Հայաստանը պէտք է անցնի ռէակտիւ դիւանագիտութիւնից դէպի նախաձեռնողական քաղաքականութիւն։ Կառավարութիւնը պէտք է խօսի յստակ ու վստահ, չպարալիզացուի պատերազմի վախով եւ չհամաձայնի արտաքինից թելադրուած լուծումներին։ Ազգային շահերը պէտք է սահմանուէն Հայաստանի կողմից, այլ ոչ թէ հակասական շահեր ունեցող արտաքին ուժերի։
Չնայած Արեւմուտքը տարածաշրջանում իր ռազմավարական նպատակներն ունի՝ նուազեցնել ռուսական ազդեցութիւնը, մեկուսացնել Իրանին, ապահովել ադրբեջանական էներգիայի հոսքը, Հայաստանը չպէտք է վերածուի խաղաքարտի։ Փոխարէնը, այն պէտք է ներգրաւուի բոլոր դերակատարների հետ՝ փոխադարձ շահերի եւ յարգանքի հիման վրայ։
Նոյնիսկ 2000-ականների պակաս բարէնպաստ տարիներին փոխլրացման արտաքին քաղաքականութիւնը շահեկանօրէն ծառայեց Հայաստանին։ Ներկայիս միջազգային միջավայրը նպաստաւոր պահ է այս մօտեցման վերակենդանացման համար՝ ունենալով մէկ ռազմավարական յենարան եւ միաժամանակ համագործակցելով այլ գլոբալ ուժերի հետ՝ ապահովելու համար ինչպէս անվտանգութեան, այնպէս էլ տնտեսական առաւելութիւններ։
Անկասկած, Արցախի կորուստը եւ նրա ողջ հայ բնակչութեան բռնի տեղահանումը 2023 թուականին ոչ միայն ազգային ողբերգութիւն էր, այլեւ՝ զարթուցիչ։ Այս պահը պահանջում է համարձակ եւ անուէրապահ վերաշարադրում հայկական արտաքին քաղաքականութեան՝ հիմնուած ոչ թէ վախի կամ ճակատագրականութեան, այլ երկարատեւ ազգային շահերի վրայ՝ ինքնիշխանութիւն, տարածքային ամբողջականութիւն, վերադարձի իրաւունք եւ ինքնութեան պահպանում։
Ազգային շահերի առաջ մղումը չի նշանակում պատերազմ։ Դա նշանակում է ռազմավարական նպատակների հետեւողական եւ յստակ առաջմղում՝ կարգապահութեամբ ու հաստատակամութեամբ։ Ամենահրատապ խնդիրներից մէկը Արցախի տեղահանուած հայութեան վերադարձի իրաւունքի վերականգնումն է։ Աւելի քան 120,000 մարդ արտաքսուել է, ինչը միայն կարող է բնութագրուել որպէս էթնիկ զտում։ Սա փակուած էջ չէ, այլ շարունակուող քաղաքական, դիւանագիտական, իրաւական եւ բարոյական ճգնաժամ։ Հայաստանը պէտք է իր ձեռքը վերցնի նրանց վերադարձի միջազգային պայքարը՝ հիմնուելով առկայ աջակցութեան վրայ՝ սկսած Արդարադատութեան միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի որոշումից մինչեւ ԵՄ եւ Շուեյցարիայի խորհրդարանների բանաձեւերը, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների յայտարարութիւնները։
Միաժամանակ, Հայաստանը պէտք է որդեգրի սկզբունքային եւ իրատեսական մօտեցում Թուրքիայի հետ յարաբերութիւնների հարցում։ Սա չի նշանակում պատմական ճշմարտութեան զոհաբերում։ 1915 թուականի ցեղասպանութիւնը փաստագրուած իրողութիւն է, ճանաչուած ինչպէս գիտական հանրութեան, այնպէս էլ բազմաթիւ կառավարութիւնների կողմից։ Հետփաշինեանական Հայաստանը պէտք է շարունակի իր նախնիների ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման օրինակի վրայ հիմնուած ցեղասպանութիւնների կանխարգելման իր նախկին առաջադէմ դիրքորոշումը՝ ազնիւ, ատելութիւնից ու վրէժխնդրութիւնից զերծ կերպով։
Հայաստանը կանգնած է խաչմերուկում։ Փաշինեանի օրօք ճանապարհը եղել է նահանջի, յուսահատութեան եւ աճող խոցելիութեան ուղի։ Բայց այս ընթացքը անխուսափելի չէ։ Նոր առաջնորդութեամբ, վերականգնուած ազգային նպատակով եւ վստահ արտաքին քաղաքականութեամբ Հայաստանը կարող է նորից բարձրանալ՝ պաշտպանելով իր ժողովրդի իրաւունքները, պահելով իր ինքնութիւնը եւ վերականգնելով իր արժանի տեղը տարածաշրջանում եւ աշխարհում»,- գրել է նա։

Share