Շուեյցարիայի Դաշնային խորհուրդը կոչ է անում իր երկրի կառավարութեանը՝ նպաստելու Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ բաց երկխօսութեանը

Շուեյցարիայի Դաշնային խորհուրդը կոչ է անում իր երկրի կառավարութեանը՝ նպաստելու Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ բաց երկխօսութեանը

Շուեյցարիայի Դաշնային խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատը) 96 կողմ, 80 դէմ եւ 16 ձեռնպահ ձայների յարաբերակցութեամբ այսօր ընդունեց բանաձեւ, որը երկրի կառավարութեանը կոչ է անում հրաւիրել միջազգային խաղաղութեան ֆորում՝ նպաստելու Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերի միջեւ բաց երկխօսութեանը միջազգային հսկողութեան ներքոյ՝ նրանց անվտանգութեան եւ հաւաքական վերադարձի իրաւունքի հարցերը քննարկելու համար:

Բանաձեւը պէտք է ներկայացուի խորհրդարանի վերին պալատին` Նահանգների խորհրդին, եւ նրա կողմից ընդունուելու դէպքում այն օրէնքի ուժ ստանայ:

Բանաձեւի հեղինակները կարեւորում են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեան իրաւունքները պաշտպանելու բանակցութիւնների նոր ձեւաչափի անհրաժեշտութիւնը, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարողութիւնները խիստ սահմանափակ են՝ աշխարհաքաղաքական լարուածութեան պատճառով։

«Շուեյցարիան նախկինում մի քանի անգամ յաջողութեամբ հանդէս է եկել որպէս չէզոք միջնորդ միջազգային հակամարտութիւններում: Ազգային խորհուրդը 2024-ի յունիսին Բիւրգենստոկում հիւրընկալեց Ուկրաինայի վերաբերեալ խաղաղութեան կոնֆերանսը։ Շուեյցարիան նաեւ արժէքաւոր ծառայութիւններ է մատուցել Հայաստանին. 2009-ի հոկտեմբերին Շուեյցարիայի միջնորդութեամբ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրուեցին «Ցիւրիխեան արձանագրութիւնները», որոնք ուղղուած էին երկկողմ յարաբերութիւնների կարգաւորմանը»,- ասուած է բանաձեւում։

Խորհրդարանականները կարծում են, որ Շուեյցարիայի տնտեսական շահերից է բխում տարածաշրջանում կայուն խաղաղութեան հաստատումը՝ հաշուի առնելով Ադրբեջանի հետ էներգէտիկ սերտ համագործակցութիւնը․ «Սա մասնաւորապէս ներառում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնական իրաւունքների վերականգնումը։ Միջազգային խաղաղութեան համաժողովը կարող է վճռական ներդրում ունենալ հակամարտութեան կարգաւորման գործում, հնարաւորութիւն տալ տեղահանուածների վերադարձին եւ դրանով իսկ նպաստել ողջ տարածաշրջանի կայունացմանը»։

Ապառաժ

Share