«Հայաստան» խմբակցութեան նախագահ Սեյրան Օհանեանը խմբակցութեան անունից նամակներ է ուղարկել Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Եւրախորհրդարանի, ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, Միջխորհրդարանական միութեան նախագահներին, Եւրանեսթի համանախագահներին՝ ներկայացնելով Արցախի Հանրապետութիւնում Ադրբեջանի ցեղասպան ռեժիմի կողմից պետական ահաբեկչութեան հետեւանքով ստեղծուած օրհասական իրավիճակը․ ուշաթափութիւններ ժամէր տեւող հացի հերթերում, թերսնման պատճառով յղիութեան արհեստական ընդհատումների շեշտակի աճ եւ այլն։
Սեյրան Օհանեանը նաեւ ներկայացրել է Միջազգային քրէական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենոյ Օկամպոյի փորձագիտական եզրակացութիւնն առ այն, որ Ադրբեջանի գործողութիւնները Բերձորի (Լաչինի) միջանցքում ցեղասպանութիւն են։ (Առանձին շնորհակալական նամակ է հասցէագրուել նաեւ Լուիս Օկամպոյին՝ նման օբյեկտիւ եզրակացութեան համար)։
«Ադրբեջանի կողմից իրականացուող էթնիկ զտման ցեղասպան քաղաքականութիւնն ապացուցում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրաւունքներն ու անվտանգութիւնը որեւէ կերպ չի կարող երաշխաւորուել, եթէ Ադրբեջանն իր իշխանութիւնը հաստատի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»,- ասուած է Սեյրան Օհանեանի նամակում։
Նա նաեւ կոչ է արել ճնշում բանեցնել Ադրբեջանի վրայ, որպէսզի վերջինս անմիջապէս վերացնի Լաչինի միջանցքի շրջափակումը եւ վերադառնայ ԵԱՀԿ կողմից մշակուած սկզբունքների հիման վրայ Արցախեան հակամարտութեան քաղաքական կարգաւորման բանակցութիւններին։
Յիշեցնենք, որ խորհրդարանական վեհաժողովների ղեկավարներին «Հայաստան» խմբակցութեան ղեկավարը նամակներ է ուղարկել նաեւ, երբ ապօրինաբար առեւանգուել էր Վագիֆ Խաչատրեանը։
Իրենց գործընկերներին նոյնաբովանդակ նամակներ են ուղարկել «Հայաստան» խմբակցութեան այլ պատգամաւորներ եւս։