Խաղաղապահ զօրախմբի դուրս բերման գործընթացը, խիստ մտահոգիչ է ամիսներ առաջ իր հայրենիքից տեղահանուած 150 հազար արցախցիների համար

Խաղաղապահ զօրախմբի դուրս բերման գործընթացը, խիստ մտահոգիչ է ամիսներ առաջ իր հայրենիքից տեղահանուած 150 հազար արցախցիների համար

Արցախի ԱԺ խմբակցութիւնների յայտարարութիւնը

Ատրպէյճանի կողմից օկուպացուած Արցախի Հանրապետութեան տարածքից ՌԴ խաղաղապահ զօրախմբի դուրսբերման գործընթացը, որը մեկնարկեց օրերս, խիստ մտահոգիչ է ամիսներ առաջ ցեղասպանութեան իրական սպառնալիքի տակ իր հայրենիքից տեղահանուած 150 հազար արցախցիների համար: Արցախի Հանրապետութեան ժողովրդի կողմից ընտրուած օրինական իշխանութիւնների եւ Ազգային ժողովի խմբակցութիւնների համար նախորդ ամիսներին եղել եւ շարունակում է առաջնահերթութիւն մնալ արժանապատիւ եւ հաւաքական վերադարձի հարցը, որում անկիւնաքարային նշանակութիւն ունի մեր հիմնարար իրաւունքների եւ անվտանգութեան երաշխաւորումը։

2020 թ. Սեպտեմբերի 27-ից յետոյ մեր տարածաշրջանը յայտնուել է լուրջ տրանսֆորմացիաների տիրոյթում եւ 44-օրեայ պատերազմից յետոյ ստեղծուած իրավիճակը որեւէ կերպ չի երաշխաւորում սպասուած եւ խոստացուած տեւական խաղաղութիւնն ու կայունութիւնը: Արցախի ժողովուրդն իր կամքից անկախ յայտնուեց 2020 թ. Նոյեմբերի 9-ի Եռակողմ յայտարարութեան դրոյթների թակարդում եւ հաւատաց Ռուսաստանի Դաշնութեան բարձր ղեկավարութեան՝ իր անվտանգութիւնն ապահովելու հաւաստիացումներին: Ստիպուած ենք ցաւով ու ափսոսանքով արձանագրել, որ Եռակողմ յայտարարութիւնը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձաւ երկրորդական նշանակութեան խնդիր, որի պատճառով 2023 թ. Սեպտեմբերին Արցախն ամբողջովին հայաթափուեց:

Միաժամանակ, ակնյայտ է, որ Արցախում միջազգային ներկայութեան բացակայութիւնը լրացուցիչ ազատութիւն է տալու «ամէն հայկականի» ոչնչացման եւ ընդհանրապէս հայկական հետքի վերացման քաղաքականութիւն իրականացնող Ատրպէյճանի ռազմաքաղաքական ղեկավարութեանը։ Նման իրավիճակում սպառնալիքի տակ են յայտնուելու հայկական հոգեւոր, մշակութային բազմադարեայ կոթողները, հայութեան սեփականութիւնն ու ազգային ունեցուածքը:

Արցախի ժողովրդի՝ իր հազարամեայ հայրենիքում միջազգային երաշխիքների առկայութեամբ, բոլոր իրաւունքների ու ազատութիւնների պահպանմամբ անվտանգ ու ապահով ապրելը անքակտելի իրաւունք է, եւ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի երեք խմբակցութիւնները մտահոգուած են, որ Արցախից միջազգային կառոյցների դուրսբերումն ընդհանրապէս, իսկ ռուս խաղաղապահ զօրակազմի դուրսբերումը՝ մասնաւորապէս, վտանգում է այդ իրաւունքը։ Միաժամանակ, կարեւոր ենք համարում ընդգծել նաեւ, որ նման որոշումների կայացումն առանց տարածաշրջանի բնիկ ժողովրդի՝ արցախահայութեան ներկայացուցիչների հետ քննարկումների, անընդունելի է եւ որեւէ կերպ չի կարող նպաստել կայուն, երկարաժամկէտ խաղաղութեան հաստատմանն ու խնդրի հանգուցալուծմանը։

Ելնելով վերոգրեալից՝ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի խմբակցութիւնները յորդորում են ՌԴ համապատասխան կառոյցներին ու նրանց պատասխանատուներին անյապաղ խորհրդատուութիւններ ու քննարկումներ սկսել Արցախի ժողովրդի օրինական ընտրուած ներկայացուցիչների հետ՝ Արցախի Հանրապետութեան տարածքից ՌԴ խաղաղապահ զօրախմբի դուրսբերման իրական պատճառների, դրա հետեւանքով ստեղծուած աղէտալի վիճակի, առաջացած բազմաթիւ մարտահրաւէրների եւ դրանց յաղթահարման համար անհրաժեշտ ջանքեր գործադրելու վերաբերեալ:

«Արդարութիւն» խմբակցութիւն

«ՀՅ Դաշնակցութիւն» խմբակցութիւն

«Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն» խմբակցութիւն

Երեւան, 19. 04. 2024 թ.

Share