Սիրելի հայրենակիցներ, բարեկամներ.
Ռուսաստանի հայութիւնը՝ աշխարհասփիւռ հայերի հետ միասին, շարունակում է կառչած մնալ իր արմատներին, իր հայրենիքին, մայրենի հողի կանչին եւ աւանդոյթներին։ Բազմահազար ռուսաստանաբնակ հայեր ամէն օր արթնանում են հայրենիքի կարօտով, նրա շէնացմանն օգնելու պատրաստակամութեամբ։ Ցաւօք, Հայաստանի Հանրապետութիւնն ու Արցախը վերապրում են պատմութեան ամենաողբերգական օրերը՝ հաեօց պետականութիւնը կործանման եզրին է, հայութիւնը բզկտուած ու անհամախումբ, պետական ինստիտուտները կամ իսպառ դադարել են գործել, կամ էլ հոգեւարքի մէջ են:
Հայաստանի Հանրապետութեան օրուայ իշխանութիւնները շարունակաբար անտեսում են պետական եւ ազգային շահը, առաջնորդւում են թշնամիների առաջ քաշած օրակարգերով եւ յանձնարարականներով։
Հայաստանի Հանրապետութիւնում աննախադէպ աճ են գրանցել մարդկանց իրաւունքների ոտնահարումները, քաղաքական նկատառումներով շարունակւում է սահմանափակուել մարդկանց ազատութիւնը, անհիմն կալանաւորուած են տասնեակ հասարակական, քաղաքական եւ քաղաքացիական գործիչներ, Հայաստանում նոր թափ է ստացել պետական միջոցների կասկածելի եւ ոչ թափանցիկ վատնումը, Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութիւնը հասկանալի չէ ոչ հասարակութեանը, ոչ էլ միջազգային գործընկերներին: Երկրում մոլեգնում է աղքատութիւնը, յուսահատութիւնն ու փոխադարձ անհանդուրժողականութիւնը։ Այս ամէնից դժգոհ եւ արժանապատիւ փոփոխութիւն ակնկալող հայ հասարակութիւնը ՀՀ օրէնսդրութեան շրջանակներում իրականացնում է բողոքի խաղաղ անհնազանդութեան ակցիաներ, որոնց վարչապետն ու պետական մեքենան հակազդում են բռնի եւ ապօրինի ձերբակալութիւններով, բռնաճնշումներով եւ սադրանքներով։
Պահանջում ենք Հայաստանի իշխանութիւններից շարժուել բացառապէս օրէնքներով, յարգել մարդկանց ազատութիւններն ու իրաւունքները, զերծ մնալ հայ հասարակութեան հանդէպ բռնութիւններից եւ ենիչերներին յատուկ դաժան եւ անմարդկային վերաբերմունքից։
Կոչ ենք անում Ռուսաստանի բազմամիլիոն համայնքի կեանքն ու մշակութային ինքնավարութիւնն ապահովող բոլոր կազմակերպութիւններին, մտաւորականներին, գործարար շրջանակներին եւ ոչ անտարբեր ամէն մի հայի՝ Միացէ՛ք այս պահանջին, թոյլ չտանք, որ Հայաստանում արմատներ ձգէն բռնատիրութիւնն ու հայատեացութիւնը։ Կոչ ենք անում մարդու իրաւունքների պաշտպանութեամբ շահագրգիռ կազմակերպութիւններին դատապարտել խաղաղ ցուցարարների հանդէպ պետական֊ոստիկանական բռնութիւններն ու միջոցներ ձեռնարկել Հայաստանում մարդու իրաւունքների վերականգնման ուղղութեամբ։
Յայտարարութեանը միացել են՝
ՀՅԴ Ռուսաստանի Պատասխանատու Մարմին
ՀՄԸՄ Մոսկուայի մասնաճիւղ
Հայ Օգնութեան միութեան Ռուսաստանի կազմակերպութիւն
«Համազգային» համահայկական կրթամշակութային միութիւն