Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարութեան դիմաց տեղի ունեցած եւ որեւէ ձեւով չարդարացուած ոստիկանական բռնութիւններն անպատուաբեր են ոչ միայն ներքին գործերի նախարարութեան համակարգի, այլեւ հայկական դիւանագիտական անձնակազմի համար։ Հայ դիւանագէտները երբեւէ սեփական ժողովրդից պաշտպանուելու կարիք չէն ունեցել։ Դիւանագէտի կոչումն է սեփական ժողովրդի շահերի պաշտպանութիւնը միջազգային բոլոր մակարդակներում։ Մերը ծառայութիւն է, այլ ոչ սովորական բիւրոկրատական աշխատանք։ Այսօր Հայաստանն արտաքին աշխարհի եւ տարածաշրջանային վտանգների առջեւ կանգնած է անկախութեան շրջանի ամենաերերուն եւ անհաստատ դիրքով։ Մենք ճանաչում ենք այս պահին դեռեւս իրենց պարտքն արտգործնախարարութիւնում իրականացնող մեր գործընկերներին եւ հասկանում ենք, թէ ինչպիսի ծանր իրավիճակում են նրանք գտնւում։
Կոչ ենք անում հաւատարիմ մնալ ձեր կոչմանը, յիշել, որ դուք ծառայութեան եք անցել ոչ թէ իշխանութեան ղեկը պատահաբար ստանձնած եւ պետութեան շահի մասին որեւէ խորքային պատկերացում չունեցող խմբի, այլ՝ Հայաստանի ժողովրդի մօտ։ Ձեր ծառայութեան այսօրուայ հետեւանքները կրելու են Հայաստանի ապագայ սերունդները։
Դուք կիսելու եք պատասխանատուութեան ձեր հսկայ բաժինը՝ հայ ժողովրդի հետ կատարուած ու կատարուելիք ծանր իրադարձութիւնների համար, ինչի պատճառը միանձնեայ ու ժողովրդի թիկունքում կայացրած որոշումներն են՝ առանց հաշուի առնելու դիւանագիտական անձնակազմի մտահոգութիւններն ու նախազգուշացումները։ Մի վերցրեք ձեզ վրայ այն քայլերի պատասխանատուութիւնը, որոնց վրայ դուք իրականում որեւէ ազդեցութիւն չունեք։ Որպէս գործընկերներ կոչ ենք անում միանալ մեր ժողովրդի պահանջներին, որոնց կարեւորութիւնը դուք, թերեւս ամենալաւն եք հասկանում, որպէսզի արդէն մօտ ապագայում կարողանանք միաւորել մեր ուժերը, փորձն ու գիտելիքը եւ Հայաստանը դուրս բերէնք այս ծանրագոյն վիճակից։