ԱՄՆ պետդէպարտամենտն ազդարարում է Ադրբեջանին ամերիկեան ռազմական օժանդակութեան դադարեցման մասին

ԱՄՆ պետդէպարտամենտն ազդարարում է Ադրբեջանին ամերիկեան ռազմական օժանդակութեան դադարեցման մասին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի Եւրոպայի հարցերով ենթայանձնաժողւում նոյեմբերի 15-ին անցկացուել է «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով լսումներ, որին մասնակցել են ԱՄՆ պէտքարտուղարութեան Եւրոպայի եւ Եւրասիական տարածաշրջանի հարցերով բիւրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան օգնական ղեկավարի տեղակալ դոկտոր Ալեքսանդր Սոկոլովսկին։ Լսումների ընթացքում, ի պատասխան կոնգրէսականների, ԱՄՆ գործադիր իշխանութեան ներկայացուցիչը յայտարարել է` ներկայումս պետդէպարտամենտը չի նախատեսում ԱՄՆ Ազատութեան աջակցութեան ակտի՝ 1992թ․ ընդունուած 907-րդ յօդուածի շրջանցում։

2002թ․ ամերիկեան բոլոր վարչակազմերի կողմից 907-րդ բանաձեւի շրջանցումն էր, որ ԱՄՆ գործադիր իշխանութեանը թոյլ էր տալիս ռազմական օժանդակութիւն տրամադրել Ադրբեջանին։ 907-րդ բանաձեւը բացառում է Ադրբեջանին տրամադրուող ամերիկեան ռազմական օժանդակութիւնը՝ հաշուի առնելով Հայաստանի եւ Արցախի այդ երկրի շարունակական ագրեսիան։ Դեսպան Օ’Բրայենը նաեւ կտրականապէս մերժել է այն փաստարկները, որոնք յաճախ առաջ են քաշւում ադրբեջանական լոբբիի կողմից, առ այն, որ 907-րդ բանաձեւի կիրառումը կխաթարի ԱՄՆ ազգային անվտանգութեան շահերը:

ԱՄՆ կոնգրէսականների՝ Արցախի հայութեան իրաւունքների համապարփակ պաշտպանութեանն ուղղուած ելոյթների եւ քաղաքական ճնշման պայմաններում, ԱՄՆ պետդէպարտամենտի ներկայացուցիչը յաւելել է` ամերիկեան կողմը չեղարկել է մի շարք բարձր մակարդակի այցեր եւ որ, Վաշինգտօնը չի նախատեսում չեղարկել 907-րդ բանաձեւն այնքան ժամանակ, քանի դեռ չի նկատել իրավիճակի էական բարելաւում: Օ՛Բրայենը նաեւ կարեւորել է տեղահանուած մարդկանց իրենց հայրենիք անարգել մուտքի հնարաւորութիւնը, սեփականութեան եւ մշակոյթի պաշտպանութիւնը, եւ հնարաւորութիւնը ստանալու հաւաստի տեղեկատուութիւն՝ ապագայի ճիշտ ընտրութիւն կատարելու համար։

Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները յստակօրէն դատապարտելու փոխարէն, Օ՛Բրայենը յայտարարել է, որ պետդէպարտամենտը յանձնարարել է անկախ քննիչներին՝ ապահովելու «համապարփակ, մանրակրկիտ եւ թափանցիկ արձանագրում, թէ ինչ է տեղի ունեցել ոչ միայն այդ (տեղահանութեան) օրերին, այլեւ նախորդող ամիսներին եւ այս ուղղութեամբ աշխատում է միջազգային գործընկերների հետ։

907-րդ բանաձեւի պահանջների վերականգնումը Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի հիմնական քաղաքական առաջնահերթութիւններից մէկն է, ինչի շուրջ իրականացուել է տասնամեակների աշխատանք, որոնցում նաեւ ներգրաւուել են ԱՄՆ-ում ապրող այլ ժողովուրդների համայնքային կազմակերպութիւնների տարբեր կոալիցիաների։ 907-րդ բանաձեւը, ներկայ փուլում չչեղարկելու վերաբերեալ պետդէպարտամենտի, պաշտօնական այս փոխանցումը մեկնաբանելով՝ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտօնի կենտրոնական գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը մասնաւորապէս նկատել է․ «Զինելով, քաջալերելով եւ ակտիւօրէն աջակցելով Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանութեանն ու տեղի բնիկ հայութեան էթնիկ զտումներին՝ նախագահ Բայդէնը պէտք է անի շատ աւելին, քան ԱՄՆ գործող օրէնսդրութեան կիրառման վերաբերեալ ազդարարումն է։ Եթէ նախագահ Բայդէնն իրականում լուրջ է տրամադրուած, ապա նա կարող է առաջնորդել ՄԱԿ Անվտանգութեան խորհրդի բանաձեւ, որը կսահմանի միջազգային մանդատ՝ ապահովելով դէպի Արցախ հայերի անվտանգ եւ կայուն վերադարձը»:

ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակ
16.11.2023թ.

Share