ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպէս յայտնում են Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի լրատուութեան եւ հանրութեան հետ կապերի բաժնից, խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է պաշտօնավարման 20-օրեայ գործունէութիւնը, անդրադարձել է արտաքին ու ներքին մարտահրաւէրներին:Երկրում ստեղծուած բարդ իրավիճակի մեղմացմանն ուղղուած ջանքերին զուգահեռ աշխատանքներ են տարուել խորհրդարանական դիւանագիտութեան ակտիւացման, Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի վերագործարկման, բարեկամական խմբերի ու շրջանակների հետ ակտիւ շփումների վերականգնման ուղղութեամբ:
Խօսելով մեր ներուժը հնարաւորինս օգտագործելու անհրաժեշտութեան մասին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ քննարկուել է արտէրկրում գտնուող մեր ներկայացուցչութիւնների աշխատանքները ակտիւացնելու հարցը: Նա շեշտել է համահայկական ջանքերը միաւորելու հրամայականի մասին:Դաւիթ Իշխանեանը հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել նաեւ պետական կառավարման համակարգի ու հասարակական կառոյցների ներկայացուցիչների հետ:Հանդիպմանն անդրադարձ է կատարուել ներքաղաքական իրավիճակին, խորհրդարանի հեղինակութեան բարձրացման, տեղեկատուական դաշտի խնդիրներին:Ազատ ու անկեղծ մթնոլորտում լրագրողներն իրենց կարծիքներն են արտայայտել եւ հարցեր ուղղել խորհրդարանի ղեկավարին: