Դաւիթ Մամեան
ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանում քաղաքացիների, այդ թւում՝ հայ համայնքի շրջանում տիրում է սպասողական վիճակ: Հաշուի առնելով այդ գերլարուած իրադրութիւնը՝ երկրի հայկական քաղաքական 3 կուսակցութիւնները՝ Հայ յեղափոխական դաշնակցութիւնը, Ռամկաւար ազատական կուսակցութիւնը եւ Սոցիալ-դէմոկրատ Հնչակեան կուսակցութիւնն արդէն այս հարցերի շուրջ նիստ են գումարել՝ քննարկելով ինչպէս տարածաշրջանային, այնպէս էլ հէնց երկրի ներսում վերջին օրերին առկայ ռազմաքաղաքական իրադրութիւնը:
«Արմենպրես»-ի հետ զրոյցում այս մասին յայտնեց Բեյրութում լոյս տեսնող «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր, միջազգայնագէտ Շահան Գանտահարեանը՝ անդրադառնալով Մերձաւոր Արեւելքում վերջին իրադարձութիւնների ֆոնին Լիբանանում տիրող իրավիճակին, քաղաքացիների մօտ առկայ հոգեբանական իրադրութեանը, ինչպէս նաեւ Լիբանանի հայ համայնքի կեանքին վերաբերող հարցերին:
Նա նկատեց, որ օրեր առաջ Իսրայելի կողմից Բեյրութի հարաւային արովարձանում արձանագրուած հրթիռակոծումից յետոյ, որի ժամանակ սպանուեց «Հեզբոլլահ» շարժման ռազմական խորհրդի ամենահեղինակաւոր անդամներից մէկը, իրավիճակը կտրուկ սրուել է: Իրադրութեան վատթարացման վրայ ազդեցութիւն է ունեցել նաեւ այն, որ վերոնշեալ իրադարձութիւնից ժամէր անց Իրանի մայրաքաղաք Թեհրանում Իսրայելը յատուկ գործողութեան արդիւնքում սպանեց նաեւ ՀԱՄԱՍ-ի գլխաւոր դէմքին՝ Իսմայիլ Հանիեին:
«Այս ամէնի արդիւնքում սպառնալիքների մակարդակն աննախադէպ բարձրացաւ. Իրանը խոստացաւ ուժգին հակահարուած տալ, նոյնն արեց նաեւ «Հեզբոլլահ»-ի գլխաւոր քարտուղարը:
Այս բոլորը, բնականաբար, լարեցին իրավիճակը, եւ Լիբանանի հարաւում բախումները շարունակուեցին», — նշեց Գանտահարեանը:
Գանտահարեանը նշեց, որ հայկական երեք կուսակցութիւնները՝ ՀՅԴ-ն, Ռամկաւար ազատական կուսակցութիւնը եւ Սոցիալ- դէմոկրատ Հնչակեան կուսակցութիւնը քննարկել են հնարաւոր սցենարները եւ դրանց նախապատրաստուելու ուղիները:
«Հայկական բարեսիրական միութիւնները եւս զբաղւում են ճգնաժամի խորացման դէպքում դրա հետեւանքները յաղթահարելու ուղիներով: Քննարկուել են յատկապէս սննդի, սոցիալական տարբեր կարիքների, հիւանդանոցային տարբեր խնդիրների, դեղորայքի հասանելիութեան եւ ժողովրդի կարիքներին վերաբերող այլ հարցեր»,- ասաց Գանտահարեանը՝ շեշտելով, որ լիբանանահայ համայնքն այսպիսի իրավիճակներին դիմադրելու համար կուտակել է բաւականին մեծ փորձ:
Անդրադառնալով քաղաքացիների շրջանում տիրող հոգեբանական իրավիճակին՝ միջազգայնագէտը նկատեց, որ այն լարուած է եւ սպասողական, ինչի պատճառ են հանդիսացել երկու հանգամանք:
«Առաջինն այն էր, որ աւիաընկերութիւնները յետաձգեցին, առկախեցին կամ չեղարկեցին իրենց թռիչքները: Երկրորդը՝ օտարերկրեայ դեսպանութիւնները եւս կոչերով, յորդորներով հանդէս եկան, այդ թւում՝ նաեւ Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը այդպիսի յայտարարութիւն տարածեց: Իհարկէ, անվտանգային աստիճանաչափերի մասին է խօսքը, քանի որ դրանք տարբեր են: Այդ է պատճառը, որ տարածուած յայտարարութիւնների մէջ նշւում էր, որ եթէ քաղաքացիները խնդիրներ չունեն լուծելու, ապա զերծ մնան Լիբանան մեկնելուց: Այդ յայտարարութիւնների մէջ կային նաեւ սեփական քաղաքացիներին ուղղուած կոչեր, որպէսզի վերջիններս մօտ չգնան բախումների կէտէրին: Հոգեբանական լարուածութիւնը մեծացրեց նաեւ այն, որ արաբական պետութիւնները, արեւմտեան պետութիւնները նաեւ այլ տարբեր պետութիւններ եւս իրենց քաղաքացիներին կոչ են արել անյապաղ լքել Լիբանանի տարածքը», — մանրամասնեց Գանտահարեանը՝ յաւելելով, որ, բնականաբար, այս ամենն ազդում եւ գերլարուած ու սպասողական իրավիճակ է ստեղծում քաղաքացիների շրջանում՝ յատկապէս այն դէպքում, երբ յայտարարուել է, որ Իրանի կողմից լինելու են պատասխան գործողութիւններ:
Նա յաւելեց, որ իրավիճակին լարուածութիւն է աւելացնում նաեւ այն, որ Իրանը թէեւ յայտարարել է պատասխան հարուած հասցնելու մասին, սակայն հարցական է մնում այն, թէ այդ պատասխանն ի՞նչ տեսքով կը լինի. կը լինի թիրախայի՞ն, սահմանափա՞կ, տեղայի՞ն, կփոխի՞ արդյօք ռազմական բախումների աշխարհագրութիւնը, թե՞ ոչ:
Շահան Գանտահարեանը յիշեցրեց, որ սպառնալիքների այսպիսի հոսք արդէն եղել է, երբ 2024 թուականի ապրիլին Իսրայելն ԱԹՍ-ներով հարուածել էր Իրանին, վերջինս էլ հակադարձել էր՝ իր հերթին հարուածներ հասցնելով Իսրայելին:
Գանտահարեանը նկատեց, որ հիմա արդէն իրավիճակի փոփոխութիւն է տեղի ունեցել, քանի որ եթէ նախկինում Իսրայելի եւ Իրանի միջեւ հարուածները կրում էին պրօքսի, այսինքն՝ միմեանց տարածքներին ոչ ուղղակիօրէն հարուածներ հասցնելու բնոյթ եւ ունէին իրենց ենթարկուող ուժերի միջեւ բախումների տեսք, ապա այժմ այդ իրավիճակը փոխուել է, եւ կողմերն արդէն թիրախաւորում են հէնց անմիջապէս մէկը միւսի տարածքը:
Այդուհանդերձ, նա շեշտեց, որ իրավիճակը մնում է քիչ թէ շատ վերահսկելի, եւ զսպող միջոցները դեռեւս կարողանում են հեռու պահել լայնամասշտաբ պատերազմի վտանգը:
«Հիմա շատ դժուար է կանխատեսել, թէ այս դէպքում հարուածներն ու բախումները կկրէն սահմանափա՞կ, թե՞ կկրէն մեծածաւալ բնոյթ», — նշեց Գանտահարեանը՝ յաւելելով, որ լարուածութիւնը մեծացնում է նաեւ այն հանգամանքը, որ Իրանի հակահարուածի մասին յայտարարութիւններից զատ, նախապատրաստական կամ կանխարգելիչ գործողութիւնների պատրաստակամութեան մասին է խօսում նաեւ Իսրայելը, այդ թւում՝ ոչ թէ միայն Թեհրանի, այլ նաեւ «Հեզբոլլահ»-ի դէմ:
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ մտավախութիւն կայ, որ բախումների հիմնական թատերաբեմը կարող է դառնալ հէնց Լիբանանը՝ «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիրը նկատեց, որ այժմ հարցը հէնց դրանում է կայանում, թէ այդ բախումներն արդյօք կընդգրկե՞ն Լիբանանի այլ տարածքներն ու շրջանները եւս, թե՞ իրավիճակը կխաղաղուի միայն երկրի հարաւային տարածքին հարուածներ հասցնելով:
«Այս իրավիճակում պարզ չէն նաեւ այն հետեւանքները, որոնք կը լինէն այդ պատերազմական իրավիճակում. նկատի ունեմ երկրի կապն արտաքին աշխարհի հետ, քաղաքացիների վիճակը՝ կապուած սննդի, դեղորայքի եւ այլնի առկայութեան հետ: Այս ամենն անհրաժեշտ է հաշուի առնել, քանի որ մենք արդէն անցել ենք այս ամէնի միջով եւ պէտք է պատրաստ լինենք», — ընդգծեց Շահան Գանտահարեանը՝ յաւելելով, որ սահմանային բախումները ժամանակ առ ժամանակ ուժգնանում են, ժամանակ առ ժամանակ՝ թուլանում: Նա նաեւ նկատեց, որ Գազայի հատուածում ծաւալուող ռազմական գործողութիւնները եւս փոխկապակցուած են Լիբանանի հարաւում տիրող իրավիճակի հետ:
Միջազգայնագէտի դիտարկմամբ՝ այդ իրադարձութիւնները փոխկապակցուած են ինչպէս ռազմական գործողութիւնների առաւել լարման, այնպէս էլ հանդարտեցման առումներով:
«Եթէ Գազայի հատուածում հրադադար լինի, ապա դա, կարծում եմ, կեանգեցնի նաեւ Լիբանանի հարաւային հատուածում լարուածութեան նուազմանը», — ասաց Գանտահարեանը՝ շեշտելով, որ այս պահին մտահոգութիւնները կապուած են նաեւ այն հանգամանքի հետ, որ ռազմական գործողութիւնները դուրս չգան տարածաշրջանային մակարդակի եւ գոնէ մնան տեղային, միջսահմանային բախումների շրջանակներում: