Քիշնեւի հանդիպման օրակարգում խաղաղութեան պայմանագրի ստորագրում ներառուած չէ. Երեւան

Քիշնեւի հանդիպման օրակարգում խաղաղութեան պայմանագրի ստորագրում ներառուած չէ. Երեւան

Քիշնեւում հայ-ադրբեջանական բանակցութիւնների օրակարգում խաղաղութեան պայմանագրի ստորագրումը ներառուած չէ, «Ազատութեան» հարցին ի պատասխան փոխանցել են Արտգործնախարարութիւնից։ Համաձայնագրի շուրջ քննարկումները շարունակւում են։

Յունիսի 1-ին՝ Քիշնեւում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մասնակցութեամբ նախատեսուած բանակցութիւնների ընթացքում խաղաղութեան պայմանագրի ստորագրման հաւանականութեան մասին այսօր Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանն էր խօսել։

«Հայկական կողմը պատրաստ կը լինի համաձայնագրի ստորագրմանն այն պահին, երբ հասցէագրուած կը լինէն առանցքային խնդիրները: Կարծում ենք դրանց շուրջ քննարկումները կը շարունակուեն յունիսի 1-ին Քիշնեւում Եւրոպական քաղաքական համայնքի շրջանակներում նախատեսուող հանդիպման ժամանակ եւ դրանից յետոյ: Քիշնեւի հանդիպման օրակարգում նշեալ համաձայնագրի ստորագրում ներառուած չէ», — յայտնում է ԱԳՆ-ը:

Թէ առանցքային խնդիր ասելով ի՞նչ նկատի ունի պաշտօնական Երեւանը, ԱԳՆ խօսնակը չի յստակեցրել։

«Ազատութեան» հետ զրոյցում վարչապետ Փաշինեանն ասել էր, որ կողմերի հիմնական տարաձայնութիւնները Լեռնային Ղարաբաղի հայերի իրաւունքների հասցէագրման, խաղաղութեան երաշխաւորի ու էլի մի շարք հարցերում են։

azatutyun.am

Share