azatutyun.am
Պաշտօնական այցով Հայաստանում է Եւրոպայի խորհրդի գլխաւոր քարտուղարը։ Մարիայ Բուրիչն այսօր հանդիպել է Հայաստանի վարչապետին։ X-ի իր միկրոբլոգում Բուրիչը Փաշինեանի հետ հանդիպմանը «գերազանց» բնորոշումն է տուել, յայտարարել՝ Եւրոպայի խորհուրդը կը շարունակի աջակցել Երեւանին բարեփոխումների հարցում։
Ըստ կառավարութեան՝ Պեյչինովիչ Բուրիչն այդ հանդիպմանն ասել է, որ մարտահրաւէրներով լի ժամանակահատուածում Հայաստանի կառավարութիւնն արդիւնաւետ կերպով է կեանքի կոչում բարեփոխումները տարբեր ուղղութիւններով:
Անդրադարձ է կատարուել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցուածքների ապաշրջափակման հնարաւորութիւններին: Վարչապետ Փաշինեանը ներկայացրել է ՀՀ կառավարութեան «Խաղաղութեան խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները: Եւրոպայի խորհրդի գլխաւոր քարտուղարը նշել է, որ «Խաղաղութեան խաչմերուկ» նախագիծը կարող է Հայաստան-Ադրբեջան խաղաղութեան գործընթացի կարեւոր նախադրեալ դառնալ, ասուած է հաղորդագրութիւնում։
Կառավարութիւնից յայտնում են, որ Փաշինեանն ու Բուրիչը քննարկել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանուած անձանց հումանիտար խնդիրները։ Ղարաբաղից տեղահանուած աւելի քան 100 հազար հայերին անդրադարձ է եղել նաեւ արտգործնախարար Արարատ Միրզոյեանի հետ հանդիպմանը։
Պաշտօնական Երեւանը հաղորդում է, որ հանդիպմանը քննարկուել են Հայաստանի եւ Եւրոպայի խորհրդի միջեւ գործընկերութեան, ինչպէս նաեւ տարածաշրջանային կայունութեան հարցեր։
Արտգործնախարարը եւ ԵԽ գլխաւոր քարտուղարն անդրադարձել են Հարաւային Կովկասում կայուն եւ յարատեւ խաղաղութեան հաստատմանն ուղղուած քայլերին: Այս համատեքստում Արարատ Միրզոյեանն ընդգծել է Հայաստանի յանձնառութիւնն ու ջանքերը՝ նշելով թշնամանքից զերծ մթնոլորտի ձեւաւորման, առանցքային հարցերում յստակ յանձնառութեան կարեւորութիւնը, ասուած է հաղորդագրութեան մէջ։
Անցած տարեվերջին Բուրիչը Բաքու էր այցելել, հանդիպել Ադրբեջանի նախագահին ու արտգործնախարարին։
Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը Եւրոպայի խորհրդի քարտուղարը ողջունել էր Բաքուի ու Երեւանի միջեւ խաղաղութեան պայմանագրի շուրջ ընթացող երկխօսութիւնն ու երկու կառավարութիւնների միջեւ գերիներին ազատ արձակելու պայմանաւորուածութիւնը։ Այս պայմանաւորուածութեան արդիւնքում Բաքուն անցած տարեվերջին ազատ արձակեց 32 հայ գերիների, հայկական կողմն, իր հերթին, երկու հոգու յանձնեց Ադրբեջանին։
Եւրոպացի պաշտօնեայից այսօր չյաջողուեց մեկնաբանութիւններ ստանալ, թէ Եւրոպայի խորհուրդն ինչ բարեփոխումներում է աջակցելու կառավարութեանը, ինչ է անում կառոյցը Բաքուի բանտերում պահուող միւս հայ գերիներին ազատ արձակելու համար։ Նա հրաժարուեց մեկնաբանութիւններից։
Եւրոպացի դիւանագէտի այցն այսօր Հայաստանի արտգործնախարարութիւն ուղեկցուեց ընդդիմութեան բողոքի ակցիայով:
Ընդդիմադիրները պահանջում են, որ Եւրոպայի խորհուրդը ճնշում գործադրի Երեւանի վրայ, իրենց ձեւակերպմամբ, հայաստանեան բանտերում պահուող քաղբանտարկեալներին ազատ արձակելու համար։
Միջազգային հեղինակաւոր կազմակերպութիւնների համաձայն՝ Հայաստանում քաղբանտարկեալներ չկան։
«Պահանջը շատ յստակ է՝ պիտի արձանագրուի, որ աեօ, Հայաստանի Հանրապետութիւնում ազատ խօսքի իրաւունքն իրացնող քաղաքացիները հետապնդւում են, եւ դա քաղաքական հետապնդում է, հետեւաբար իրենք քաղաքական բանտարկեալներ են», — յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Ասպրամ Կրպեյեանը։
Արտգործնախարութեան շէնքի առջեւ հաւաքուած քաղաքացիները պահանջում էին նաեւ, որ մարդու իրաւունքներով զբաղուող առաջատար կազմակերպութիւնը ճնշում բանեցնի Բաքուի վրայ։
«Մեր հայրենակիցներն են, որոնց բոլորի համար մեր բոլորի սիրտը ցաւում է անզօրութիւնից, որովհետեւ Բաքուի բանտում են, մենք ոչինչ անել չենք կարող։ Եւ մենք վստահ էինք, որ այս շէնքում դրա մասին չէին խօսում, չէին խօսելու, չէին խօսելու, որ Եւրոպայի խորհուրդը ճնշում գործադրի Ադրբեջանի նկատմամբ, խօսի այդ հարցի մասին, պահանջի, որպէսզի ազատ արձակուեն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ներկայացուցիչները, նախկին նախագահները», — ասց իրաւապաշտպան Ռուբէն Մելիքեանը։
Ադրբեջանում, ըստ հայաստանցի իրաւապաշտպանների, հիմա 23 հայ է պահւում, նրանց թւում՝ Արցախի նախկին ղեկավարները։