Մենք՝ Ռուսաստանի Հայերի միութեան խորհրդի ընդլայնուած նիստի մասնակիցներս՝ ՌԴ բոլոր տարածաշրջանները ներկայացնող աշխարհի ամենամեծ հայկական կազմակերպութեան տարածաշրջանային եւ տեղական բաժանմունքների ղեկավարները (Մոսկուա, Մոսկուայի մարզ, Կրասնոդարի երկրամաս, Կեմերովօ, Ստաուրոպոլ, Ուլիանովսկ, Օմսկ, Նովոսիբիրսկի մարզ, Տուլա, Եարոսլաւլ, Կամչատկա, Նիժնի Նովգորոդ, Բրիանսկ, Տամբով, Իւանովօ, Վորոնէժ, Սարատով, Թաթարստան, Բաշկրտոստան եւ այլն), հայկական մի շարք ազգային-մշակութային միաւորումների ղեկավարները (Հայ դատ, Ջաւախքեան սփիւռք, «Արարատ», Ռուսաստանում բնակուող Հայաստանի քաղաքացիների ասոցիացիա եւ այլն), հոգեւորականութեան ներկայացուցիչները, հայկական գիտակրթական, մշակութային, զինուորական, դիւանագիտական, երիտասարդական, մարզական կազմակերպութիւնների ներկայացուցիչները, քննարկելով Հայաստանում տիրող իրավիճակը, ՀՀ իշխանութիւնների կողմից տարուող քաղաքականութեան հետեւանքով նրա գոյութեանը սպառնացող վտանգները, որոնք բերում են.
– Երկրի ինքնիշխանութեան կորստի եւ ազգային արժէքների անշրջելի վնասների՝ հրաժարուելով «Հայաստան-Արցախ-Սփիւքռ» եռամիասնութիւնից
– Հայ-ռուսական յարաբերութիւնների նպատակադրուած վատթարացմանը, այդ թւում՝ պաշտպանական ոլորտում, երբ բացակայում են Հայաստանի անվտանգութիւնն ապահովող այլ գործուն մեխանիզմներ, որով ճանապարհ է հարթւում Պաքուի կողմից հետագայ ագրեսիայի համար
– Տարածքային կորուստների եւ անվտանգութեան համակարգի դեգրադացիայի, որն ապագայում աւելի կը բարդացնի անվտանգութեան ամրապնդումը
– Դարերի ընթացքում Հայաստանի եւ հայերի նկատմամբ՝ անկախ նրանց ապրելու երկրներից, ստեղծուած դրական համբաւի ոչնչացմանը՝ հասարակութեան մէջ բաժանարար գծեր դնելով, ինչպէս նաեւ հոգեւոր եւ աշխարհիկ աւանդական ինստիտուտների արժեզրկմանը:
Աջակցութիւն ենք յայտնում Հայաստանում սկսուած, կառավարութեան կողմից տարուող ստորացուցիչ համաձայնուողական քաղաքականութիւնը սրբելու գործընթացին: Կոչ ենք անում հայկական բոլոր հասարակական-քաղաքական ինստիտուտներին, Հայաստանում եւ աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցներին՝ միաւորել բոլոր հնարաւորութիւններն ու ջանքերը՝ օժանդակելու Բագրատ Արքեպիսկոպոսին՝ որպէս առաջնորդի, ով ստանձնել է «Տաւուշը յանուն հայրենիքի» համաժողովրդական շարժման պատասխանատու առաքելութիւնը:
Խորհրդանշական է, որ հնագոյն քրստոնեայ ժողովրդի հաղորդութիւնը կատարւում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ համախմբմամբ, որը բոլոր ժամանակներում կանգնած է եղել մեր ինքնութեան պահպանման եւ հայ ազգային ազատագրական պայքարի առաջնագծում:
Փաշինեանի կառավարման տարիներին եղել են բոլոր պայմանները՝ ամրապնդել երկրի պաշտպանունակութիւնը, օգտագործել ընձեռնուած տնտեսական հնարաւորութիւնները, ակտիւ աշխատել միջազգային կառոյցներում, այլ ոչ թէ փճացնել յարաբերութիւնները Հայաստանի բարեկամների եւ դաշնակիցների, Սփիւռքի հետ՝ նոր բարեկամների կամ դաշնակիցների հետ որեւէ պայմանագրերի եւ համաձայնագրերի բացակայութեան պայմաններում: Բայց նրա իշխանութիւնը, «խաղաղութեան օրակարգի» քօղածածկոյթի տակ, տարել է բոլորովին այլ քաղաքականութիւն: Եւ այսօր այն մատնուած է անգործութեան, երբ խօսքը վերաբերւում է ազգային շահերին, սահմանների եւ ատրպէյճանական զօրքի կողմից աւելի քան երեսուն բռնագրաւուած բնակավայրերի պաշտպանութեանը: Ընդ որում՝ նախանձելի ակտիւութեամբ պայքարում է սեփական ժողովրդի դէմ:
Փաշինեանի կառավարութիւնը չի մտածում իր ժողովրդի մասին, երբ ցուցադրաբար հակառուսական գիծ է վարում, թէեւ լաւ հասկանում է, թէ Հայաստանի քաղաքացիների բարեկեցութիւնն ինչպէս է պայմանաւորուած Ռուսաստանի հետ տնտեսական յարաբերութիւններով՝ էներգակիրներ, հացահատիկ, մասնաւոր տրանսֆերտներ եւ այլ:
Օգտուելով նրանից, որ հայերն աշխարհի ամենախաղաղասէր ժողովուրդներից մէկն են՝ Հայաստանի իշխանութիւնները մարդկանց գիտակցութեան մէջ մանիպուլատիւ միջոցներով ներարկում են «կեղծ» օրակարգ, անտեսելով այն փաստը, որ նոյն Ատրպէյճանն այլ քաղաքականութիւն է առաջ տանում: Արցախում, հրապարակային ցինիզմով էթնիկ զտում իրականացնելով եւ մինչ օրս գերութեան մէջ պահելով մեր հայրենակիցներին, այդ թւում՝ ԼՂՀ նախկին բարձրագոյն ղեկավարութեանը, Ալիեւն այսօր բուն Հայաստանի բնակիչներին է սպառնում տեղահանել իրենց տարածքներից եւ տներից, պարծենում է, թէ Փաշինեանի հետ երկխօսութեան ընթացքում խօսքի իրաւունքը Պաքուինն է, որին՝ «առաջին իսկ պահանջի դէպքում՝ չորս գիւղ է վերադարձւում» եւ յայտարարում է, թէ «այդպէս է լինելու նաեւ հետագայում»:
Փաշինեանը, ի պատասխան, միայն լռում է, իսկ սեփական ժողովրդին սպառնում է պատերազմի հեռանկարով: Նա, պարտուելով պատերազմում եւ կապիտուլացիա ստորագրելով, անկարող լինելով կասեցնել կամ պատասխանել Ալիեւի ագրեսիւ հռետորաբանութեանը, իր համաձայնուողականութեամբ, բանակցութիւնների ժամանակ հայ ժողովրդի շահերն արժանավայել ներկայացնելու տկարութեամբ մեզ տանում է ոչ թէ խաղաղութեան, այլ՝ մօտեցնում է նոր պատերազմի եւ նոր զիջումների:
Հարաւային Կովկասում, որտեղ խաղաղութեան են ձգտում տեղի բոլոր ժողովուրդները, խաղաղութեան մասին կարելի կը լինի խօսել միայն այն բանից յետոյ, երբ Երեւանում իշխանութեան գան նոր, առողջ ուժեր եւ առաջնորդներ: Եւ որքան շուտ Փաշինեանը հրաժարական տայ, այնքան մեր պետութիւնն ու ժողովուրդը քիչ կորուստներով կը յաղթահարեն այս իրավիճակը, այնքան իրատեսական կը լինի երկրում եւ տարածաշրջանում խաղաղութեան եւ բարգաւաճման հեռանկարը:
Մենք դիմում ենք Հայաստանի իշխանութիւններին եւ ուժային կառոյցների ներկայացուցիչներին՝ ձեռնպահ մնալ անհնազանդութեան խաղաղ գործողութիւնների մասնակիցների, այդ թւում՝ լրագրողների նկատմամբ անթոյլատրելի ուժային մեթոդների եւ սպառնալիքների կիրառումից: Այդ մարդիկ, առանց այդ էլ ստորացուած ու ճնշուած՝ վերջին տարիներին Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցած գործընթացներից, այսօր ստիպուած են դուրս գալ խաղաղ ցոյցերի՝ բարձր դասելով երկրի շահերը եւ իրենց զաւակների ապագան: Դուք նոյնպէս ամէն ինչ արէք, որպէսզի ձեր զաւակները կարողանան հպարտութեամբ նայել իրենց հայրենակիցների աչքերին, այլ ոչ թէ ամօթից հայեացքները թեքեն:
Նաեւ նախազգուշացնում ենք տարատեսակ զանգուածային լրատուամիջոցներին՝ սկսած տարբեր բլոգերներից եւ տելեգրամ ալիքներից, մինչեւ ինտերնետ կայքեր, այլ էլեկտրոնային եւ տպագիր լրատուամիջոցներ, այդ թւում՝ պետական, նրանց կողմից կեղտոտ տեխնոլոգիաների միջոցով, զրպարտութեամբ, վիրաւորանքով եւ այլ հակահասարակական գործողութիւններով հասարակութեանը մոլորութեան մէջ գցելու անթոյլատրելիութեան մասին:
Մենք համոզուած ենք, որ միայն մեր համախմբումը կարող է կասեցնել իւրաքանչիւր հայի համար կործանարար այս գործընթացները եւ վերականգնել բարձր ինտելեկտուալ ու մարդկային կարողութիւններ ունեցող ազգի համբաւը:
Մենք Ճշդի եւ Արդարութեան կողմից ենք:
Սատարո՛ւմ ենք «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժմանը: