Մեր ռազմագերիների վերադարձն իրատեսական է, բայց եթէ պետութիւնը պասիւ է, խնդիրը դառնում է անլուծելի. Սիրանուշ Սահակեան

Մեր ռազմագերիների վերադարձն իրատեսական է, բայց եթէ պետութիւնը պասիւ է, խնդիրը դառնում է անլուծելի. Սիրանուշ Սահակեան

«Բաքւում պահուող մեր ռազմագերիների վերադարձն իրատեսական է, լուծումներ կան։ Պետութեան դիրքորոշումը միշտ ազդեցութիւն թողնում է միջազգային կառոյցների որոշումների կայացման վրայ, Հայաստանի պահանջատիրութեան պարագայում այդ կազմակերպութիւնները հանդէս կը գան աւելի կոշտ ձեւակերպումներով ու հետեւողական քայլերով։ Իմ համոզմամբ՝ միջազգային գործընկերները պատրաստ են իրերն անուանել իրենց անուններով եւ ձեւակերպել Ադրբեջանի կողմից թոյլ տուած բազմաթիւ խախտումներ։ Այս առումով որոշակի աշխատանք արուել է, բազմաթիւ կառոյցներ իրենց դիրքորոշումն արտայայտեցին մարդու իրաւունքների խախտումների վերաբերեալ, բայց հասկանալի է, որ Ադրբեջանը, լինելով աւտօրիտար պետութիւն, չի յարգում միջազգային ոչ կառավարական կազմակերպութիւնների՝ այսպէս կոչուած միջազգային հասարակական կազմակերպութիւնների կոչերը եւ արհամարհում է դրանք», — Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, իրաւապաշտպան Սիրանուշ Սահակեանը։

«Միջազգային հասարակական կազմակերպութիւնների զեկոյցներն ինքնին բաւարար չէն Ադրբեջանի գործելակերպը փոփոխելու համար, եւ սա է պատճառը, որ մենք պէտք է կարողանանք միջազգային հասարակական կառոյցների արձագանքին զուգահեռ՝ ունենալ դատական ատեանների իրաւական գնահատականներ, պարտադիր վճիռներ, որոնք վերջնական են, բեկանելի չէն, արձանագրում են խախտումներ եւ պահանջում են կատարողական միջոցառումներ։ Նաեւ շատ լուրջ դիւանագիտական աշխատանք պէտք է տանենք միջազգային կառավարական կազմակերպութիւններում։

Խնդիրը հետեւեալն է՝ որքանով է միջազգային հանրութիւնը Հայաստանի իշխանութեան հետ փոխհամաձայնեցուած աշխատում, որպէսզի ապահովի անհրաժեշտ քաղաքական ճնշում Ադրբեջանի վրայ։ Հայաստանի ակտիւ դիւանագիտութեան պարագայում այդ կոնսօլիդացիան հնարաւոր կը լինէր։ Խիստ կարեւորւում է պետութեան ներգրաւուածութիւնը միջազգային հանրութեանը համախմբելու եւ Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, եւ եթէ պետութիւնը պասիւ է, անգործութիւն է դրսեւորում, խնդիրը դառնում է անլուծելի»։

Share