Ապահովել ժողովրդի հաւաքական վերադարձը, իրաւունքներն ու անվտանգութիւնը, ՀՀ-ի հետ անխոչընդոտ ցամաքային կապը, կալանաւորուածների ազատ արձակումը
Ս.թ. փետրուարի 24-25-ը Մադրիդում անցկացուեց Սոցիալիստական Ինտէր-նացիոնալի (Սոցինտերն, Ընկերուար միջազգայնական) խորհրդի նիստը, Իսպանիայի սոցիալիստական աշխատաւորական կուսակցութեան (PSOE) կենտրոնատեղիում։
Շուրջ հարիւր երկրներից քաղաքական կուսակցութիւններ համախմբող մոլորակի խոշորագոյն քաղաքական այս կազմակերպութեանը ՀՅ Դաշնակցութիւնն անդամակցում է դեռեւս 1907թ․, ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամ Մարիոյ Նալբանդեանը Սոցիալիստական Ինտէրնացիոնալի փոխնախայ¬գահներից է, ով մասնակցել է խորհրդի եւ նախագահութեան նիստէրին, եւ ընտրուել է ֆինանսական ու կազմակերպական հարցերի յանձնաժողովի անդամ։
Սոցինտերնի նախագահ, Իսպանիայի վարչապետ Պեդրոյ Սանչեսը կազմակերպութեան նախագահութեան եւ խորհրդի նիստէրի իր բացման ելոյթներում ակնարկել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին։
Սոցինտերնի նախագահութեան եւ խորհրդի նիստէրին, Մարիոյ Նալբանդեանը ներկայացրել է Ադրբեջանի ցեղասպանական քայլերով Արցախի էթնիկ զտման հետեւանքով ստեղծուած իրավիճակն ու մարտահրաւէրները, ինչպէս նաեւ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետութեանն ուղղուած բռնութեան քայլերն ու սպառնալիքներն ու պահանջները։
Սոցինտերնի խորհուրդը որդեգրել է Արցախի հարցով բանաձեւ, որտեղ ասւում է.
Սոցիալիստական Ինտէրնացիոնալն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցութիւններին՝ ուղղուած խաղաղութեան համաձայնագրի ստորագրմանը։ Տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան հաստատմանը նպաստելու համար նման համաձայնութիւն պէտք է ձեռք բերուի առանց ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման՝ հիմնուած միջազգային իրաւունքի եւ դիւանագիտական պրակտիկայի վրայ՝ ներառեալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական քաղաքական կարգաւորմանն ուղղուած միջազգայնօրէն հովանաւորուող խաղաղ գործընթացը եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրաւունքների եւ անվտանգութեան լիարժէք իրացումը իր պապենական տարածքում:
Համաձայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակամարտութեան վերաբերեալ մեր երկարամեայ սկզբունքային քաղաքականու-թեանը, ինչպէս նաեւ հաշուի առնելով Արդարադատութեան միջազգային դատարանի 2023 թուականի նոյեմբերի 17-ի որոշումը ժամանակաւոր միջոցներ կիրառելու վերաբերեալ, որը Ադրբեջանին պարտաւորեցնում է «ապահովել այն անձանց վերադարձը, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը 2023թ․ սեպտեմբերի 19-ից յետոյ եւ ցանկանութիւն ունեն վերադառնալ Լեռնային Ղարաբաղ․ կարող են դա անել անվտանգ, անխոչընդոտ եւ արագ» ինչպէս նաեւ հրաժարուել «ցանկացած գործողութիւնից, որն ուղղակիօրէն կամ անուղղակիօրէն ուղղուած է հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն», մենք կոչ ենք անում՝
1. Մինչեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական քաղաքական կարգայ¬վորումը եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրաւունքների լիարժէք իրացումը՝ ապահովել ժողովրդի հաւաքական, անկաշկանդ եւ անվտանգ վերադարձը հայրենիք։ Նաեւ՝ Լեռնային Ղարաբաղի համար միջազգային նորմերով երաշ¬խաւորուած միջանկեալ կարգավիճակ ապահովել՝ երաշխաւորելով քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների ամբողջ ծաւալը, տրամադրելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգութեան արդիւնաւետ երաշխիքներ, ինչպէս նաեւ Հայաստանի հետ անխոչընդոտ ցամաքային կապ։
2. Ազատ արձակել ռազմագերիները եւ կալանաւորուած անձինք։
3. Տարածաշրջանում տրանսպորտի եւ կապի այլ միջոցները ապաշրջափակել ամբողջական կերպով եւ համաժամանակեայ՝ առանց ինքնիշխանութեան որեւէ սահմանափակման։
Սոցինտերնը պատրաստ է աջակցել այդ գործընթացներին որպէս միջնորդ՝ իր միջոցով եւ իր անդամ կուսակցութիւնների ու կազմակերպութիւնների մասնակ¬ցութեամբ:
Սոցինտերնի խորհրդի նիստը նաեւ որոշումներ է կայացրել կազմակերպական հարցերի վերաբերեալ, որդեգրել Մադրիդեան հռչակագիրը։
Ընկերուար միջազգայնականը (Socialist International) ընկերուար-ժողովրդայ-վարական, ընկերվարական եւ աշխատաւորական կուսակցութիււններ համախմբող համաշխարհային կառոյց է։ ՀՅԴ համապատասխան կառոյցները լիիրաւ անդամ են Կանանց ընկերուար միջազգայնականին (SIW) եւ Ընկերուար երիտասարդների միջազգային միութեանը (IUSY)։ ՀՅԴ Երիտասարդականի կողմից Սարինէ Աբրահամեանը IUSY-ի փոխնախագահ է։
ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենկակ
27․02․2024թ․