ՌԴ ՊՆ-ն Ադրբեջանին մեղադրել է ԼՂ-ում խաղաղ բնակչի ուղղութեամբ կրակելու մէջ

ՌԴ ՊՆ-ն Ադրբեջանին մեղադրել է ԼՂ-ում խաղաղ բնակչի ուղղութեամբ կրակելու մէջ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանութեան նախարարութիւնն Ադրբեջանին մեղադրել է գիւղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակչի ուղղութեամբ կրակելու մէջ:

Ինչպէս հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ պաշտպանութեան նախարարութեան կայքում հրապարակուել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զօրակազմի տեղեկագիրը, որում նշւում է, որ Ասկերանի շրջանում ֆիքսուել է հրադադարի ռեժիմի խախտում. «Նոյեմբերի 12-ին, ժամը 15:30-ին ադրբեջանական դիրքից հրաձգային զէնքից կրակ է արձակուել տեղի բնակչի ուղղութեամբ, որը գիւղատնտեսական տեխնիկայով հողային աշխատանքներ է իրականացրել Խրամորթ բնակավայրից 1.8 կիլօմետր արեւելք ընկած հատուածում»,- ասուած է հաղորդագրութեան մէջ:

Նշւում է, որ կրակի հետեւանքով բնակիչը թեթեւ վիրաւորուել է, իսկ նրա տեխնիկան՝ կրել աննշան վնաս:

«Խաղաղապահ զօրակազմի հրամանատարութիւնն ադրբեջանական կողմի հետ հետաքննութիւն է անցկացնում փաստի առթիւ»,- ասուած է հաղորդագրութեան մէջ:

Նոյեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաներում, ոստիկանութեան Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացուել, որ Խրամորթ գիւղի վարչական տարածքում ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակուել դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղութեամբ:

Դեպքի վայր մեկնած շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նոյն օրը ժամը 16:30-ի սահմաններում, Խրամորթ գիւղի բնակիչներ` 27-ամեայ Ս.Վանեանը եւ 45-ամեայ Ա. Հայրապետեանը նշուած գիւղի վարչական տարածքի «100 հեկտար» կոչուող տեղանքում, «Տ-150» մակնիշի տրակտորով գիւղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, մերձակայ տարածքում տեղակայուած ադրբեջանական մարտական դիրքից նրանց ուղղութեամբ կրակ է արձակուել։

Կրակոցներից ջարդուել է տրակտորի դիմային եւ հետեւի հողմապակիները։ Ջարդուած դիմապակու կտորները դիպչել են Ա. Հայրապետեանի դէմքին`պատճառելով մարմնական վնասուածքներ: Վերջինս տեղափոխուել է հանրապետական բժշկական կենտրոն։

Share