Արցախի Հանրապետութիւնը 31 տարեկան է․ տօնի առթիւ Ստեփանակերտում նախատեսուած են միջոցառումներ

Արցախի Հանրապետութիւնը 31 տարեկան է․ տօնի առթիւ Ստեփանակերտում նախատեսուած են միջոցառումներ

Աշխարհասփիւռ հայութիւնը նշում է Արցախի Հանրապետութեան անկախութեան 31-րդ տարեդարձը․ 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամաւորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ եւ Շահումեանի շրջանի սահմաններում:

Այդպիսով, իրականացուեց մի իրաւունք, որն արտացոլուած էր այն ժամանակ գործող օրէնսդրութեան մէջ, մասնաւորապէս 1990թ. ապրիլի 3-ին ընդունուած օրէնքը, որը նախատեսում էր ազգային ինքնավարութիւններին իրաւունք տրամադրել ինքնուրոյն կերպով որոշելու սեփական պետաիրաւական կարգավիճակը՝ ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետութեան դուրս գալու դէպքում:
1991թ. դեկտեմբեր 10-ին, Խորհրդային Միութեան պաշտօնական անկումից ընդամէնը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում անցկացուեց հանրաքուէ, որի ընթացքում ազգաբնակչութեան ճնշող մեծամասնութիւնը՝ 99,89 տոկոսը, արտայայտուեց Ադրբեջանից լրիւ անկախանալու օգտին: Դրան հետեւած խորհրդարանական ընտրութիւններում ընտրուեց ԼՂՀ խորհրդարան, որն էլ կազմեց առաջին կառավարութիւնը: Անկախ ԼՂՀ կառավարութիւնը իր պարտականութիւնների իրականացմանն անցաւ բացարձակ շրջափակման եւ նրան հետեւած Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում:

Ստեղծուած իրավիճակում Բաքուի պատասխան գործողութիւնները չուշացան։ 1991 թ. սեպտեմբերի 25-ին Շուշիից առաջին անգամ «Ալազան» տիպի հրթիռներով ռմբակոծուեց Ստեփանակերտը: Մեկնարկեց արցախեան ազատամարտը։ Պատէրազմի յորձանուտում ձեւաւորուեց հայկական բանակը, որը կարողացաւ ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգութիւնը։

Ադրբեջանի խնդրանքով 1994թ․ մայիսի 12-ին ստորագրւում է հրադադարի մասին փաստաթուղթը Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի պաշտպանական գերատեսչութիւնների ղեկավարների կողմից:

Անկախութիւնից 15 տարի անց կրկին սեպտեմբերի 2-ին  համաժողովրդական հանրաքուէի միջոցով արցախցիներն ընդունեցին պետութեան ու հասարակութեան հիմնական օրէնքը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Սահմանադրութիւնը:

2020 թուականին սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուած ուժերը,  Թուրքիայի եւ վարձկան ահաբեկիչների ներգրաւմամբ, խախտելով 1994 թուականի մայիսի 12-ին ուժի մէջ մտած եռակողմ համաձայնագիրը եւ այլ միջազգային պայմանագրերը, Արցախի դէմ պատերազմ սկսեց։ Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնութեան միջնորդութեամբ ստորագրուեց եռակողմ յայտարարութիւն (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից)։

Կրակի դադարեցման յայտարարութեան համաձայն՝ Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցան Հադրութի շրջանը ու Շուշին, ինչպէս նաեւ Արցախի անվտանգութեան ողջ գօտին։ Արցախի շփման գծի ողջ երկայնքով եւ Լաչինի միջանցքում տեղակայուեց ռուսական խաղաղապահ զօրակազմը։

2022 թուականի օգոստոսի 25-ին Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցան նաեւ Բերձոր քաղաքը, Աղաւնոյ եւ Ներքին Սուս բնակավայրերը, քանի որ գործարկուեց 2020 թուականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան այն կէտը, որի համաձայն Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կապն ապահովելու համար երեք տարիների ընթացքում պիտի հաստատուի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից յետոյ ռուսական խաղաղապահ զօրակազմը կուերատեղակայուի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Այժմ գործարկուել է Լաչինի միջանցքի նոր երթուղին, որի անվտանգութիւնն ապահւում են ՌԴ խաղաղապահ զօրակազմի զինծառայողները։

Արցախի Հանրապետութեան 31-րդ տարեդարձի օրը Ստեփանակերտում նախատեսուած են մի շարք միջոցառումներ։ Մասնաւորապէս, Արցախի խորհրդարանի 5 խմբակցութիւնները յայտարարել են քայլերթ եւ հանրահաւաք անցկացնելու մասին։ Սեպտեմբերի 2-ին, ժամը 17:30-ին, Ստեփանակերտի Ազատութեան հրապարակից (Կոլցեւոյ) բոլոր քաղաքացիները եւ մայրաքաղաքի հիւրերը հրաւիրում ենք քայլերթի, իսկ ժամը 19:00-ին Վերածննդի հրապարակում տեղի կ’ունենայ հանրահաւաք՝ նուիրուած Արցախի Հանրապետութեան հռչակմանը:

Share