ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տեր-Խաչատուրեանը եւրոպական երկրներ իր աշխատանքային այցի շրջանակներում նոյեմբերի 9-ին Եւրոպական խորհրդարանում հանդիպումներ է ունեցել ԵԽ պատգամաւորներ, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչեւի, Հայաստանի հետ Եւրոպական խորհրդարանի բարեկամութեան խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասի եւ Սոցիալ-դէմոկրատական քաղաքական խմբի անդամ Ռոբերտ Հայշելի հետ, ով հանդիպմանը մասնակցում էր քաղաքական խմբի ղեկավարութեան անունից։
Յիշեալ հանդիպումների ընթացքում ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը բարձրացրել է Ադրբեջանի կողմից 2020 թ․ սանձազերծուած պատերազմի հետեւանքների վերացման անհրաժեշտութիւնը, խօսել ադրբեջանական վերջին ագրեսիան հասցէական դատապարտելու, Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը վերականգնելու եւ ԵՄ ղեկավար կառոյցների կողմից հակամարտող կողմերի միջեւ հաւասարութիւն դնելու քաղաքականութեանը վերջ տալու անհրաժեշտութեան մասին։
Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներին՝ Տեր-Խաչատուրեանը կարեւորել է Արցախի անկլաւացման բացառումը եւ նկատել, որ այդ գործընթացը չպէտք է սպառնայ Արցախի ինքնորոշման իրաւունքի իրացմանը, եւ դրա արդիւնքում Արցախը չի կարող համարուել Ադրբեջանի մաս, որպիսին երբեք չի եղել անկախ Ադրբեջանի պատմութեան մէջ։
Յակոբ Տեր-Խաչատուրեանը եւրոպացի գործընկերներին է ներկայացրել Հայաստան-Թուրքիայ եւ Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների կարգաւորման գործում ՀՀ իշխանութիւնների մօտեցումների անընդունելի լինելը՝ յատկապէս երբ դրանք ուղեկցւում են Հայաստանին պարտադրուող նախապայմաններով։
Առանձնապէս կարեւորուել է ՀՅ Դաշնակցութեան արտաքին յարաբերութիւնների առաւել զարգացման անհրաժեշտութիւնն ինչպէս համաեւրոպական մակարդակում՝ ի դէմս Եւրոպայի սոցիալիստական կուսակցութեան եւ Եւրոպական խորհրդարանի սոցիալ-դէմոկրատական քաղաքական խմբի հետ համագործակցութեան, այնպէս էլ եւրոպական երկրներում գործող սոցիալիստական կուսակցութիւնների հետ յարաբերութիւնների հաստատման ուղղութեամբ։