Սիրիայի Հալեպ քաղաքում չնայած այս պահին (Երեւանի ժամանակով 13:30-ին) խաղաղ է, բայց, այնուամենայնիւ, հայկական համայնքում սպասողական ու անորոշ իրավիճակ է տիրում:
Yerkir.am-ի հետ զրոյցում Հալեպում գործող հայկական «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկեանը ներկայացրեց քաղաքում տիրող իրավիճակը՝ հակակառավարական զինուած խմբաւորումների՝ Հալեպ ներխուժումից յետոյ:
Նրա խօսքով՝ երէկ մինչեւ կէսգիշեր բախումներ են տեղի ունեցել, որոնք լսելի են եղել նաեւ իրենց բնակավայրում: «Անապահով էինք մէզ զգում, արդէն ցերէկը տեղեկացանք, որ քաղաքում ընդդիմադիրներն են, Սիրիայի բանակն այժմ քաղաքում չէ: Հիմա բախումներ չկան, բայց քաղաքում շատ քիչ մթերային խանութներ են բաց, ոչինչ չի գործում, բոլորս փակուել ենք տանը: Հակասական տեղեկութիւններ են տարածւում: Ճիշտ է, մենք ապահւուած ենք սննդի պաշարով, բայց չգիտենք՝ ի՞նչ համաձայնութիւններ ձեռք կը բերուէն, ի՞նչ կը լինի մեր հետ»,- ասաց Զարմիկ Պողոսեանը:
Զրուցակիցը տեղեկացրեց՝ հիմնական բախումները քաղաքի ծայրամասերում են տեղի ունեցել: Երբ լսել են առաջին ձայները, միանգամից պատսպարուել են:
«Գանձասար» շաբաթաթերթի խմբագիրը մէկ այլ խնդրի մասին եւս խօսեց. «Մենք տեղեակ չենք եղել, որ Հալեպում ՀՀ գլխաւոր հիւպատոսը, հիւպատոսարանի աշխատակիցներն ու Հալեպի տարածաշրջանում առաքելութիւն իրականացնող ՀՀ-ի հումանիտար ականազերծման եւ բուժաշխատողների մասնագիտական խումբը բախումներից առաջ լքել է քաղաքը: Համայնքը տեղեակ չէր սրա մասին: Տեղեկացանք միայն այն ժամանակ, երբ նրանք արդէն լքել էին քաղաքը: Բարեբախտաբար հայկական համայնքում տուժածներ չկան: Կապը պահում ենք բոլորի հետ, բայց այս պահին բոլորս էլ անորոշութեան մէջ ենք»:
Յաւելենք, որ Սիրիայում տեղի ունեցած երկարատեւ պատերազմի ժամանակ ՀՀ գլխաւոր հիւպատոսը նախկինում երբեք չի լքել իր նստավայրը, հիւպատոսարանը երբեք չի դատարկուել: ՀՀ արտաքին գործոց նախարարութիւնը մինչ այս պահը որեւէ մեկնաբանութիւն չի տուել:
Յիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն երէկ ուշ երեկոյեան յայտարարութիւն տարածեց ու տեղեկացրեց, որ վերջին օրերին Սիրիայի Արաբական Հանրապետութեան մի շարք շրջաններում օպերատիւ իրավիճակի կտրուկ սրման եւ ռազմական ակտիւ գործողութիւնների պատճառով որոշում է կայացուել ժամանակաւորապէս կասեցնել խմբի գործունէութիւնը Հալեպում։ Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյեան ՀՀ հումանիտար ականազերծման եւ բուժաշխատողների մասնագիտական խմբի ամբողջ անձնակազմը ՀՀ ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով վերադարձել է Հայաստան: Յիշեցնենք նաեւ, որ Սիրիայի Արաբական Հանրապետութեան Հալեպի տարածաշրջանում առաքելութիւն իրականացնող ՀՀ-ի հումանիտար ականազերծման եւ բուժաշխատողների մասնագիտական խումբն իր առաքելութիւնն իրականացնում էր 2019 թուականից սկսած:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով:
Երկիր Օրաթերթ