abcmedia.am
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչութիւն ներկայացուցիչները Հայաստան են ժամանել հէնց այն պահին, երբ այնտեղ թէժանում են բողոքի ցոյցերը՝ Փաշինեանի հրաժարականի պահանջով, գրել է Կոմսոմոլսկայա Պրավդա-ն:
Տեղի բնակիչները թշնամաբար են վերաբերւում իշխանութիւնների՝ սահմանազատման վերաբերեալ որոշմանը եւ պահանջում են հրաժարուել տարածքային զիջումներից: Թեեւ Փաշինեանը վստահեցնում է, որ չզիջելու պարագայում՝ Ադրբեջանը պատերազմ կը սկսի, Ղարաբաղի պատմութիւնը ցոյց է տալիս՝ համաձայնեցուած սահմանի առկայութիւնը կամ բացակայութիւնը որեւէ կերպ չի ազդում հարեւան պետութիւն ներխուժելու ծրագրերի վրայ: Աւելին, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանազատման գործընթացն ընթանում է միայն Բաքուին ձեռնտու պայմաններով։ Փաշինեանի թիմը փաստացի գործում է առանց բնակչութեան շահերը հաշուի առնելու՝ թոյլ տալով «ուղիղ» գծել սահմանը եւ միեւնոյն ժամանակ անտեսելով տեղի բնակիչների առջեւ ծառացած խնդիրները։
Ինքը՝ նախագահ Իլհամ Ալիեւը, վերջերս ցուցադրական հպարտութեամբ յայտարարեց, որ գլխաւոր դերը Երեւանի եւ Բաքուի յարաբերութիւններում Ադրբեջնինն է: Նա հասկացրեց՝ այսուհետ Փաշինեանը գործելու է միայն այնպէս, ինչպէս Բաքուն է ցանկանում, եւ ուժային նոր գործողութիւններ կազմակերպելու կարիքն այլեւ չկայ։ Եթէ Ալիեւը պահանջի, որ Զանգեզուրը նոյնպէս «վերադարձուի», ապա Փաշինեանը դա կ’անի անմիջապէս, որպէսզի «վերացնի նոր պատերազմի հեռանկարը»։
Երեւան մեկնած Քոհէնը ոչ մի կերպ չարձագանքեց Տաւուշի ճգնաժամին, չքննադատեց կողմերից ոչ մէկին, ամէն ինչ խաղաղ ճանապարհով լուծելու կոչեր չհնչեց։ Հաւանական է, որ նա կարող էր միայն խորհուրդ տալ Փաշինեանին եւ Գրիգորեանին իրավիճակը կայունացնելու հարցում, քանի որ Սպիտակ տան համար կարեւոր է չկորցնել վերահսկողութիւնը Հայաստանի նկատմամբ։
Հետաքրքիր է նաեւ, որ Գրիգորեանին մէկ անգամ չէ, որ անուանել են ամերիկեան հետախուզութեան հովանաւոր, որի գլխաւոր խնդիրը Հայաստանում ռուսամէտ շահերը մաքրելն է։ Միւս կողմից, Քոհէնը համարւում է ֆինանսական լրտեսութեան մասնագէտ եւ հետեւում է Երեւանի կողմից հակառուսական պատժամիջոցների պահպանմանը։ Ստացւում է, որ ամէն ինչ ընթանում է ըստ ԿՀՎ պլանի: