Բաքուն թոյլ չի տա «գողանալ իր յաղթանակը», իսկ Մոսկուան կարող է «վերադառնալ»

Բաքուն թոյլ չի տա «գողանալ իր յաղթանակը», իսկ Մոսկուան կարող է «վերադառնալ»

Հետաքրքրական վերլուծութիւն նկատելով և առանց մեկնաբանութեան ներկայացնում ենք mediamax.amի հրապարակած Carnegie Politika կայքում հրապարակուած Օլեսեա Վարդանեանի «Ուշացման գինը. Ինչու Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում խաղաղություն ստորագրել» յօդուածի հայերէն թարգմանութիւնը` որոշ կրճատումներով:


Օլեսեա Վարդանեան





Հայաստանը եւ Ադրբեջանը աշխարհում շատերին զարմացրեցին խաղաղութեան պայմանագրի տեքստի շուրջ բանակցութիւններն աւարտելու մասին անսպասելի յայտարարութեամբ։ Այն յոյսէրի նոր ալիք առաջացրեց, որ նրանց երկարատեւ, արդէն երեք ու կէս տասնամեակ տեւող հակամարտութիւնը վերջապէս հնարաւոր կը լինի կարգաւորել՝ տարածաշրջանում կայուն խաղաղութիւն հաստատելով։

Սակայն շուտով պարզ դարձաւ, որ յոյսէրը վաղաժամ էին։ Ադրբեջանը շարունակում է նախապայմաններ առաջադրել, եւ բոլորովին էլ յստակ չէ, որ խաղաղութեան պայմանագիրը շուտով կստորագրուի։

Մաքուր էջից

Վերջին ամիսներին հայկական փոքրիկ Մարգարայ գիւղը գրաւում է արեւմտեան դիւանագէտներին եւ լրագրողներին։ Այս տարածքում գտնւում է Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին գտնուող անցակէտէրից մէկը, որը կառուցուել է դեռեւս խորհրդային տարիներին, սակայն այդպէս էլ շահագործման չի յանձնուել։ Վերջերս հայկական իշխանութիւնները վերանորոգել են տեղի մաքսատան շէնքը, իսկ հայ եւ թուրք մասնագէտները ստուգել երկու երկրները միացնող կամրջի ամրութիւնը։

Վերանորոգման աշխատանքները, ինչպէս նաեւ օտարերկրեայ հիւրերի այցերը, տեղի են ունենում այն յոյսով, որ շատ շուտով հայ-թուրքական սահմանը վերջապէս կը բացուի, եւ այս փոքրիկ գիւղը Հարաւային Կովկասի համար նոր կարեւոր խաչմերուկ կը դառնայ։

Սակայն դա հնարաւոր կը լինի միայն այն դէպքում, եթէ վերջնական համաձայնութիւն ձեռք բերուի Հայաստանի եւ տարածաշրջանում Թուրքիայի ռազմավարական գործընկեր Ադրբեջանի միջեւ։

Հայաստանը եւ Ադրբեջանը չորս տարի աշխատում են խաղաղութեան համաձայնագրի տեքստի վրայ։ Այս ընթացքում փաստաթուղթը զգալիօրէն կրճատուել է։ 2023 թուականին Լեռնային Ղարաբաղից հայ բնակչութեան հեռանալուց յետոյ փաստաթղթից անյետացել է ամենաբարդ մասը՝ վիճելի տարածաշրջանի կարգավիճակի հարցը։

Պետական սահմանների սահմանազատման թեման եւս առանձին բանակցութիւնների առարկայ է դարձել. մասնագէտներն առանց յաւելեալ աղմուկի շարունակում են գործընթացը դանդաղ տանել դէպի աւարտական կէտը։

Համաձայնագրի մէկ այլ բաժին՝ տրանսպորտային կապերի մասին, վերջնականապէս դուրս եկաւ փաստաթղթից անցեալ տարուայ ամռանը, երբ Երեւանը եւ Բաքուն որոշեցին տնտեսական կապերի եւ ճանապարհների վերաբերեալ բանակցութիւնները տեղափոխել առանձին ձեւաչափ՝ այդպիսով փորձելով համաձայնութեան գալ ապագայ ենթակառուցուածքային ծրագրերում Ռուսաստանի դերակատարութեան վերաբերեալ։

Արդիւնքում ներկայ պահին խաղաղութեան համաձայնագրի բովանդակութիւնը սահմանափակւում է պարզապէս դիւանագիտական կապերի մեկնարկով։ Դրա տեքստում 17 կէտ կայ, որոնց էութիւնը հանգում է կողմերի պատրաստակամութեանը՝ սկսել յարաբերութիւնները մաքուր էջից։ Դա պէտք է տեղի ունենայ տարածքային յաւակնութիւններից հրաժարուելու, դատական վարոյթները դադարեցնելու եւ բոլոր օտարերկրեայ խաղաղապահ առաքելութիւնները դուրս բերելու շնորհիւ։

Թոյլ չտալ գողանալ յաղթանակը

Փաստաթղթի ներկայիս տեքստն այնքան ակնյայտ է, որ, ինչպէս մի անգամ ասել է գործընթացի մասնակիցներից մէկը, երբ այն հրապարակային դառնայ, բանակցողները ստիպուած կը լինէն բացատրել, թէ ինչու այդքան պարզ փաստաթղթի համաձայնեցման համար այդքան շատ ժամանակ պահանջուեց։

Ուշացումների պատճառներից մէկն այն է, որ Երեւանը մինչեւ վերջ փորձում էր 2020 թուականի պատերազմում իր պարտութիւնից յետոյ ստեղծուած իրավիճակը շտկելու միջոցներ գտնել։ Հայ պաշտօնեաները սովորաբար երկար բացատրութիւններով էին հանդէս գալիս այն մասին, որ հաշտեցման գործընթացը պէտք է աստիճանական լինի, որպէսզի քայլ առ քայլ կառուցուի վստահութիւն, որը ժամանակի ընթացքում հայերին եւ ադրբեջանցիներին կօգնի դուրս գալ խաղաղ համակեցութեան ճանապարհին։

Ադրբեջանը նման դատողութիւններն ընկալում էր որպէս բացայայտ խաբէութիւն։ Նմանատիպ հռետորաբանութիւնը ուղեկցում էր 1990-ականների սկզբից խնդիրը լուծելու անյաջող փորձերը, եւ այժմ, 2020 թուականի պատերազմում տարած յաղթանակից յետոյ, Բաքուն մտադիր չէր կրկին լսել դրանք։

Ղարաբաղի հայերի իրաւունքները քննարկելու կամ երկխօսութեանը նոր միջնորդներ ներգրաւելու Երեւանի ցանկացած փորձ Բաքուն ընկալում էր որպէս գործընթացի ձգձգում։ Նման քայլերը յանգեցնում էին ոչ միայն բանակցութիւնների խափանմանը, այլեւ նոր սրացումների, Հայաստանի տարածքային կորուստների եւ Ադրբեջանի դիրքերի յետագայ ամրապնդմանը։ Ինչպէս ասել է արեւմտեան դիւանագէտներից մէկը. «Բաքուն ոչ մէկին թոյլ չի տա գողանալ իր յաղթանակը»։

Ուշացումների մէկ այլ պատճառը, կարծես, այն է, որ ներկայ պահին Հայաստանի հետ խաղաղութեան պայմանագիրը Ադրբեջանին առանձնապէս պէտք չէ։ Հարեւանի հետ յարաբերութիւններում ամենահրատապ խնդիրներն արդէն լուծուած են. Լեռնային Ղարաբաղը գտնւում է Բաքուի լիակատար վերահսկողութեան ներքոյ: Ադրբեջանը նաեւ 2020 թուականից յետոյ կարողացել է իր ռազմական դիրքերը տեղակայել Հայաստանի հետ սահմանի երկայնքով ամենանպաստաւոր ռազմավարական կէտէրում։

Զիջում զիջման հետեւից

Ադրբեջանը առաջ է քաշում ստորագրման նորանոր նախապայմաններ։ Բաքուի կենտրոնական պահանջը ներկայում շարունակում է մնալ ՀՀ սահմանադրութեան փոփոխութիւնը, որի նախաբանում յղում կայ Անկախութեան հռչակագրին, որը պարունակում է Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին միանալու կոչ։

Երեւանը, մեծ ընտրութիւն չունենալով, շարունակում է զիջել, աստիճանաբար կատարելով Բաքուի կողմից ներկայացուող նոր պահանջները։ Սակայն սահմանադրութեան վերաբերեալ պահանջները կարող են չափազանց բարդ խնդիր դառնալ, որը ներկայիս հայկական իշխանութիւնները ի վիճակի չէն լինի լուծել։ Երեւանը յայտարարում է, որ նախաբանը փոխել հնարաւոր է միայն ամբողջ սահմանադրութեան վերանայման հետ միասին։ Իսկ դա նշանակում է փաստաթուղթը համաժողովրդական հանրաքուէի դնելը, որը միանգամայն կարող է աւարտուել «դէմ» քուէարկութեամբ։

Չնայած հայկական իշխանութիւնները յայտարարում են, որ պատրաստ են գնալ նաեւ այս ռիսկային քայլին, Երեւանի պարբերական զիջումները աւելի ու աւելի շատ կասկածներ են առաջացնում, որ Բաքուն իրօք մտադիր է ինչ-որ բան ստորագրել։ Ինչպէս ասել է հայկական կառավարութեան նախկին պաշտօնեաներից մէկը, գուցէ սահմանադրութեան փոփոխութիւնից յետոյ Ադրբեջանը կը պահանջի համաժողովրդական ներողութիւն խնդրել առանձին արիւնալի դրուագների համար, որոնք քիչ չէին հակամարտութեան 35 տարիների ընթացքում։ Նրան երկրորդում է օտարերկրեայ դիւանագէտը, որը հանրաքուէն համեմատում է «Ղարաբաղի համար  ապաշխարութեամբ», որին Բաքուն փորձում է հարկադրել իւրաքանչիւր հայ քաղաքացու։

Սակայն, թւում է, որ Երեւանը այլ ելք չունի։ Նա խիստ շահագրգռուած է, որպէսզի խաղաղ համաձայնագիրը կնքուի հնարաւորինս շուտ։

Ժամանակը սպառուո՞ւմ է

Խաղաղութեան պայմանագիրը անհրաժեշտ է Հայաստանին ոչ միայն Ադրբեջանի հետ նոր պատերազմի վտանգը նուազեցնելու, այլեւ Թուրքիայի հետ սահմանը բացելու համար։ Փորձագէտները խոստանում են հայկական տնտեսութեան արագացուած աճ արեւմտեան հարեւանի հետ ուղղակի առեւտրի մեկնարկից անմիջապէս յետոյ։ Բացի ուղղակի տնտեսական օգուտներից, Թուրքիայի հետ յարաբերութիւնների հաստատումը երկարաժամկէտ հեռանկարում կարող է Հայաստանին թոյլ տալ ամրապնդել Եւրամիութեան հետ մերձեցման կուրսը եւ աստիճանաբար նուազեցնել կախուածութիւնը Ռուսաստանից։

Վերջին երեք տարիների ընթացքում արեւմտեան մայրաքաղաքները զգալի ջանքեր են գործադրել նպաստելու հաշտեցմանը Հարաւային Կովկասում։ Նրանց ուշադրութեան կենտրոնում Թուրքիան է, որի պաշտօնեաները շարունակում են յայտարարել, որ աւելի քան պատրաստ են բացել սահմանը Հայաստանի հետ, եթէ Բաքուից համապատասխան ազդանշան ստանան։

Այս քայլը Թուրքիային հնարաւորութիւն կտար ոչ միայն յարաբերութիւններ հաստատել Հայաստանի հետ, այլեւ հեռանկարում կընդլայներ թուրքական ազդեցութիւնը եւ ներկայութիւնը Հարաւային Կովկասում, որտեղ նա արդէն ռազմավարական գործընկերութիւն ունի Վրաստանի եւ Ադրբեջանի հետ։

Բայց Անկարան պատրաստ չէ գնալ Բաքուի դէմ, եւ խնդիրն այստեղ միայն երկու երկրների առաջնորդների սերտ յարաբերութիւնները չէն։ Թուրքական ղեկավարութիւնը նաեւ կցանկանար պահպանել Ադրբեջանի նաւթագազային ռեսուրսներին հասանելիութիւնը եւ խուսափել ներքին քաղաքական եւ տնտեսական խնդիրներից, որոնք կարող էին առաջանալ Բաքուի հետ յարաբերութիւնների վատթարացման պատճառով։

Միեւնոյն ժամանակ չի բացառւում, որ խաղաղութեան պայմանագրի ստորագրման ժամանակը կարող է սպառուել։ Մինչ այժմ կովկասեան խաղաղ դիւանագիտութեան յաջողութիւնները մեծապէս պայմանաւորուած էին նրանով, որ Մոսկուան շեղուել էր Ուկրաինայի հետ պատերազմի վրայ։ Բայց եթէ մօտ ապագայում ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին յաջողուի ինչ-որ կերպ սառեցնել ռազմական գործողութիւնները ուկրաինական ճակատում, Մոսկուան կարող է ռեսուրսներ ազատել նաեւ Հարաւային Կովկասի համար։

Ռուսաստանին անհրաժեշտ չէ Թուրքիայի ուժեղացումը իր համար աւանդաբար կարեւոր տարածաշրջանում, եւ նրան նոյնիսկ անհրաժեշտ չի լինի յատուկ ջանքեր գործադրել Հարաւային Կովկասում հաշտեցման գործընթացին խանգարելու համար։ Հայաստանն այստեղ ամենաթոյլ օղակն է, որը խոցելի է ռուսական ճնշման համար ինչպէս ռազմական, այնպէս էլ տնտեսական իմաստով։

Եթէ Հարաւային Կովկասի խաղաղ ապագան անկեղծ կողմնակիցներ ունի, ապա հէնց հիմա գործելու ժամանակն է։ Նոր խճանկարի բոլոր հիմնական տարրերն արդէն դասաւորուել են։ Եթէ Բաքուն եւ Երեւանը չկարողանան արագ ընդհանուր լեզու գտնել, դա կարող է դառնալ ամենամեծ բաց թողնուած հնարաւորութիւններից մէկը ոչ միայն նրանց 35-ամեայ հակամարտութեան պատմութեան մէջ, այլեւ, հնարաւոր է, ամբողջ տարածաշրջանի ապագայի համար։

Այս յօդուածը թարգմանուել եւ հրապարակուել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցութեամբ:

Share