Տեղի ունեցաւ «Հայաստան» խմբակցութեան մամուլի ասուլիսը

Տեղի ունեցաւ «Հայաստան» խմբակցութեան մամուլի ասուլիսը

Այսօր՝ մարտի 21-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ Սեյրան Օհանեանը եւ Լիլիթ Գալստեանը հանդէս են եկել մամուլի ասուլիսով։

Նրանք ամփոփել են խորհրդարանական շաբաթն ու պատասխանել լրագրողների հարցերին:

«Առանց վերջնական համաձայնութեան եւ փոխադարձութեան սկզբունքի պահպանման, հատուածական սահմանազատումն ու սահմանագծումը ամբողջութեամբ բխում է Ադրբեջանի շահերից»,- յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սեյրան Օհանեանը։

Նրա խօսքով, հատուածական սահմանազատման, յատկապէս Տաւուշի մարզից սկսելը, յանգեցնելու է ՀՀ ամենանախապատրաստուած առաջնագծի հնարաւորութիւնների նուազեցմանը եւ այդ հատուածում յաւելեալ վտանգներ են առաջանալու։

«Ռազմավարական նշանակութիւն ունեցող այդ ճանապարհատուածի նկատմամբ վերահսկողութիւնը Ադրբեջանի կողմից բազմապատկելու է Հայաստանի անվտանգութեան սպառնալիքները։

Մտահոգութեան համար հիմք են հանդիսանում այն, որ սահմանազատում եւ սահմանագծում գործընթացի իրականացման համար նախապայմաններ չկան եւ այդ ընթացակարգերը խախտւում են, քանի որ չկայ Ադրբեջանի յետոյ որեւէ համաձայնագիր»,- ասաց Սեյրան Օհանեանը։

Նա ընդգծեց, որ այս գործընթացն անօրինական է, ընթացակարգերի խախտում է, ինչը «յանցագործութիւն է, դաւաճանական պահուածք է սեփական ժողովրդի նկատմամբ»։

«Այս գործընթացի մէջ ներառուած մարդիկ պէտք է պատասխանատուութիւն կրէն։ Կարծում եմ՝ Հայաստանում սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, նոյն բանակում կան խելացի մարդիկ, որոնք այս անօրինական գործընթացից կարող են հրաժարուէն։ Ոչ թէ պաշտպանութիւնից պէտք է հրաժարուել, այլ անօրինական տրուող հրամաններից հետ կանգնել»,- ասաց Սեյրան Օհանեանը։

Ասուլիսի ժամանակ Լիլիթ Գալստեանը յայտարարեց՝ դաւաճանական պահուածքի մէկ այլ դրսեւորման ականատես ենք լինում՝ ՀՀ բարձր ղեկավարութիւնը տեսակէտ է յայտնում միջազգային դատական ատեաններում ՀՀ-ի կողմից դատական հայցերը հետ քաշելու մտադրութեան մասին։

Նրա խօսքով, սա, ըստ էութեան, դարձեալ ադրբեջանայ-թուրքական պահանջի միակողմանի դրսեւորում է։

Լիլիթ Գալստեանը յայտնեց, որ ՀՀ-ն 5 հայցեր ունի ՄԻԵԴ-ում եւ ՄԱԿ-ի արդարադատութեան դատարանում։

«Այդ հայցերը վերաբերում են մեր անօտարելի իրաւունքներին՝ Արցախի վերադարձին, մշակութային ժառանագութեան պաշտպանութեան իրաւունքին, գոյքային իրաւունքին, այսինքն վերաբերում է Արցախի ամբողջական իրաւունքներին։ Հայցերը հետ քաշելու պարագայում, ըստ էութեան, Հայաստանը լեգիտիմացնելու է ագրեսիայի, պատերազմի, աւելի կոնկրէտ՝ Հայաստանն այդ հայցերը ետ քաշելով, կլեգիտիմացնի Ադրբեջանի՝ ցեղասպանութեան ճանապարհով հարցերը լուծուած համարելու խնդիրը, Հայաստանի իշխանութիւններն այդպիսով կը դառնան ցեղասպանութեան յանցակիցը։

Այս ամբողջ համալիրում ամենավտանագաւորն այն է, որ, ըստ էութեան, մենք փակում ենք Արցախի վերադարձի իրաւունքը»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանիւթում

Share