Թրամփն իր նախկին օգնականների կողմից արժանացել է «ֆաշիստ» որակաւարոմանը, ով նաեւ ի վիճակի չէ զբաղեցնել Սպիտակ տան ղեկավարի աթոռը։ Ի աջակցութիւն Թրամփի հանդէս է եկել Ջեյ Դի Վենսը։ Ինչ վերաբերում է դէմոկրատներին, ապա նրանք շարունակում են նախագահական իրենց քարոզարշաւը՝ թիրախաւորելով տատանուող նահանգները
Ջոն Քելլին Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարն էր Դոնալդ Թրամփի օրօք՝ 2017-2019 թուականներին։ Վերջերս The New York Times-ի հետ զրոյցում, գեներալը, ով այժմ թոշակառու է, Թրամփի մասին անկեղծացել է. «…Նա, անկասկած, աւտօրիտար գործիչ է, հիանում է բռնապետէրով։ Ինքն է այդպէս ասել։ Ուստի, անկասկած, համապատասխանում է «ֆաշիստ» բնորոշմանը»։
Թրամփը արձագանքել է իրեն պատկանող Truth սոցհարթակում․ «Ջոն Քելլին թշուառ մարդ է եւ վատ գեներալ, ում խորհուրդները Սպիտակ տանը այլեւս հաշուի չէի առնում եւ ստիպեցի նրան հեռանալ»։
Թեմային կիրակի անդրադարձել է նաեւ ԱՄՆ փոխնախագահի հանրապետական թեկնածու Ջեյ Դի Վենսը՝ մեկնաբանելով Քելլիի եւ Միացեալ Նահանգների զինուժի գլխաւոր շտաբի նախկին պետ Մարկ Միլլիի յայտարարութիւնները՝ Թրամփի ֆաշիստ լինելու մասին։
«Նրա՝ [Թրամփի] հետ աշխատած մարդկանց մեծ մասը աջակցում են նրան: Կարծում եմ՝ Մարկ Միլլին եւ Ջոն Քելլին դժգոհ մնացած նախկին աշխատակիցներ են»,- ասել է Վենսը։
Այս ամէնի ֆոնին՝ Դոնալդ Թրամփի 13 նախկին օգնականներ ուրբաթ բաց նամակ են հրապարակել, թէ կիսում են Քելլիի գնայատկանը՝ նաեւ նշելով, որ հանրապետական թեկնածուն «անպիտան» է Սպիտակ տան ղեկավարի պաշտօնը զբաղեցնելու համար։
Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհամը հակադարձել է․ «Նրա՝ [Թրամփի] կողքին էի։ Չեմ կարծում, որ ֆաշիստ է։ Կարծում էի, որ նա շատ ուժեղ նախագահ էր մի ժամանակ, երբ մէզ ուժեղ նախագահ էր պէտք։ Կարծում եմ, որ նա կը լինի ուժեղ նախագահ՝ երկիրը կրկին ճիշտ ուղու վրայ վերադարձնելու համար»։
Հանրապետականների ճամբարում երեւան եկած այս սուր բանաւէճը փորձում են ի շահ իրենց օգտագործել դէմոկրատները՝ յատկապէս տատանուող նահագներին ուղղուած քարոզարշաւի ժամանակ լայնօրէն տարածելով Ջոն Քելլիի յայտարարութիւնը։
Բայց Քամալայ Հարիսը նոյնպէս չի թաքցնում իր մտահոգութիւնները․ «Դոնալդ Թրամփը գնալով աւելի անկաշկանդ եւ անուէրահսկելի է դառնում, իսկ երկրորդ ժամկէտում Ջոն Քելլիի նման մարդիկ այնտեղ չէն լինի, որպէսզի պաշտպանէն [երկիրը] նրա գործողութիւններից»։
Անկախ սենատոր Բեռնի Սանդերսը, ով աջակցում է Հարիսին, կիրակի NBC-ի եթերում նշել է․ «Չեմ սիրում օգտագործել այդ բառերը, բայց յստակ է, որ նա ունի ակնյայտ հակումներ, որոնք տանում են դէպի աւտօրիտարիզմ եւ ամերիկեան ժողովրդաւարութեան խարխլում»։
Ինչեւէ, ամերիկեան նախագահական ընտրութիւններին հաշուած օրեր են մնացել, եւ երկրի ղեկավարի երկու թեկնածուներն էլ նախապատրաստւում են քարոզարշաւի աւարտին։ Թրամփը շաբաթուայ երկրորդ կէսին ելոյթներ կ’ունենայ տատանուող նահանգներում, շաբաթ օրը՝ Նյու Եօրքի Մեդիսոն Սքուեր Գարդէնում։
Առաջիկայ օրերին Հարիսը նոյնպէս այցելելու է տատանուող նահանգներ։ Երեքշաբթի եզրափակիչ ելոյթ կ’ունենայ մայրաքաղաք Վաշինգտօնի Ազգային պուրակում։
VOA