Կայացել է «Արցախ․ իմ մանկութեան փողոցը. 101 պատմութիւն» նախագծի շնորհանդէսը՝ նուիրուած Արցախի բարբառի պահպանմանը։ Նախագիծը կեանքի է կոչուել ՀԲԸՄ-ի տրամադրած արցախեան թեմաներով հետազօտական դրամաշնորհային նախաձեռնութեան շրջանակներում՝ նպատակ ունենալով բարձրացնել Արցախի մասին իրազեկութիւնը եւ ընդլայնել տարածաշրջանի պատմութեան, մշակոյթի ու ներկայ իրավիճակի մասին տեղեկատուութեան հասանելիութիւնը։
Այս իւրայատուկ նախաձեռնութիւնը ներկայացնում է 5-ից 15 տարեկան 101 երեխաների մանկութեան յուշերը՝ պահպանելով ու տարածելով Արցախի հարուստ լեզուական ու մշակութային ժառանգութիւնը։
Նախագծում ներկայացուած են արցախցի երեխաների ուրոյն պատմութիւնները։ Նրանք կարօտով են խօսում Արցախում անցկացրած ամէն մի օրուայ մասին, յիշում երջանիկ պահերը։
Հարթակը փաստահաւաքագրում իրականացնելուց բացի Արցախի երեխաների համար նաեւ ցանցային գործող համայնք է, որտեղ աշխարհի տարբեր ծայրերում բնակութիւն հաստատած երեխաները կարող են գտնել իրար, խօսել հարազատ բարբառով։