Եւրոպահայութեան քաղաքական զօրաշարժը յանուն Արցախի իրաւունքների

Եւրոպահայութեան քաղաքական զօրաշարժը յանուն Արցախի իրաւունքների

Գէորգ Ղուկասեան
Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու

Եւրոպական աշխարհամասը այն վայրերից է, որտեղ հայկական սփիւռքի էթնիկ լոպպինգը որպէս այդպիսին կայացած եւ ուրոյն ձեռագիր ունեցող ցանցային կառոյցն է՝ քաղաքական շատ յստակ առաջնահերթութիւններով եւ գործունէութեան ճշդուած ուղղութիւններով։ Մեր կողմից «Հորիզոնում» հրատարակուած «Հայկական լոպպին Արեւմտեան աշխարհում. Եւրոպա» յօդուածում նկատել էինք, որ երբ խօսում ենք Եւրոպայում հայկական լոպպինկի մասին, անհրաժեշտ է այն դիտել երեք հիմնական հարթութիւնների վրայ՝ համաեւրոպական (միջազգային եւ ինտեգրացիոն կազմակերպութիւնների հետ աշխատանք), առանձին պետութիւնների հետ աշխատանք եւ համայնքային զօրեղացմանը միտուած աշխատանքներ: Ինչ վերաբերում է համաեւրոպական մակարդակին, ապա ցաւօք այստեղ մենք չունենք հայկական լոպպիստական կազմակերպոութիւնների մեծ ցանկ եւ հիմնական դերակատարը ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի յանձնախումբն է՝ իր Պրուքսէլի կեդրոնական գրասենեակով։

Յիշեալ յօդուածում մանրամասն քննարկել էինք Հայ դատի Եւրոպայի գրասենեակի գործունէութեան ուղղութիւնները, քաղաքական առաջնահերթութիւնները։ Առանձին քննարկման նիւթ է գրասենեակի արձանագրած յաջողութիւնները, որոնցից ամենակարեւորներից մէկն անշուշտ Եւրոպական խորհրդարանի քաղաքական վարքն ու դիրքորոշումն է Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ, Ղարաբաղեան հիմնախնդրի վերաբերեալ եւ այլն, սակայն ներկայ յօդուածում նպատակ ունենք անդրադառնալու Եւրոպայում հայկական լոպպիի համար կարեւոր մի ոլորտի եւ վերջերս արձանագրուած մի կարեւոր իրողութեան։

Ինչպէս նշեցինք, ի դէմս Հայ դատի Եւրոպայի գրասենեակի, Եւրոպայում հայկական լոպպին հիմնականում ունի համաեւրոպական կեդրոնացում՝ գործելով առաւելապէս Պրուքսէլում եւ յարաբերուելով առաւելապէս Եւրոպական միութեան ղեկավար կառոյցների՝ մեծամասամբ Եւրոպական խորհրդարանի, բայց նաեւ ԵՄ գործադիր իշխանութեան՝ Եւրոպական միութեան խորհրդի, Եւրոպական խորհրդի, Եւրոպական յանձնաժողովի, արտաքին գործողութիւնների Եւրոպական ծառայութեան հետ։ Հայ դատի Եւրոպայի գրասենեակն ի հարկէ համակարգում է Հայ դատի Ֆրանսայի, Գերմանիոյ, Աւստրիոյ, Պելճիքայի, Հոլանտայի, Շուէտի, Սպանիոյ, Իտալիոյ, Աւստրիոյ, Յունաստանի, Կիպրոսի, Լեհաստանի, Պուլկարիոյի, Հռոմի եւ Մեծն Բրիտանիոյ տեղական յանձնախմբերի աշխատանքները։

Համաեւրոպական մակարդակում հայկական լոպպիի գործունէութեան տեսանկիւնից առկայ էր մի խնդիր, որը հասցէագրման կարիք ունէր։ Ի տարբերութիւն օրինակ Ամերիկայի Միացեալ Նահանգների կամ Գանատայի, որտեղ լոպպինկը քաղաքական մշակոյթի ուրոյն մաս է, լոպպինկի եւ դրա տարատեսակ էթնիկ լոպպինկի ներեւրոպական ընկալումները տարբեր են։

Քաղաքական մշակոյթի այս տարբերութիւնը էապէս ազդել է նաեւ հասարակական շրջանակների՝ լոպպիստական աշխատանքներում մասնակցայնութեան վրայ։ Օրինակ, հիւսիսամերիկեան նշուած երկրների հասարակութիւններն աւելի շատ են ներգրաււում տարբեր լոպպիստական աշխատանքներում, իսկ էթնիկ համայնքները՝ էթնիկ լոպպիստական աշխատանքներում։ Հետեւաբար, Հայ դատի Ամերիկայի եւ Գանատայի յանձնախմբերում այդ երկրների հայ համայնքների քաղաքական մասնակցայնութեան մակարդակը չափազանց մեծ է, ինչն էլ Հայ դատի տեղի յանձնախմբերին դարձրել է իրապէս ուժեղ համայնքային (գրասսրօծ) կազմակերպութիւններ։ Անկասկած, Հայ դատի Եւրոպայի գրասենեակը իր բնոյթով նոյնպէս համայնքային կազմակերպութիւն է՝ հիմնադրուած Եւրոպական միութեան հայ քաղաքացիների կողմից։ Սակայն, վերը յիշատակուած օբիէկտիւ պատճառով, իր աշխատանքներում չունէր համայնքային այն ներգրաւուածութիւնն ինչ ունի օրինակ Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը։

Այսինքն Եւրոպայի հայկական լոպպիին (ոչ միայն Հայ դատի յանձնախմբին), անհրաժեշտ էր լոպպիստական աշխատանքներում եւրոպահայ համայնքի ներգրաւուածութեան մեծացում, ինչը որակապէս նոր մակարդակի կարող էր բարձրացնել Եւրոպայում ե՛ւ համաեւրոպական ե՛ւ անդամ պետութիւններում հայկական շահերի պաշտպանութեան գործը եւ քաղաքական կշիռ կը հաղորդէր հայկական կազմակերպութիւնների յարաբերական աշխատանքներին։

Հետաքրքիր զուգադիպութեամբ այս խնդրի լուծումը սկսուեց իրականացուել անուղղակի եղանակով, որովհետեւ այն աշխատանքի մասին, ինչի վերաբերեալ խօսելու ենք ստորեւ, ձեռնարկման նպատակը Եւրոպայում Արցախի հայութեան կենսական շահերի հրատապ պաշտպանութեան հրամայականն էր 2023 թ․ ամրանը, երբ ակտիւ թափով ընթանում էին հայ-ատրպէյճանական յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղուած բազմակողմ բանակցութիւններ՝ Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլի միջնորդութեամբ։

Հայ դատի Եւրոպայի գրասենեակի հրաւէրով՝ 2023 Յուլիսի 6-ին, երբ մի կողմից գնալով խորանում էր Արցախին պարտադրուած ատրպէյճանական ցեղասպան քաղաքականութիւնը, իսկ միւս կողմից ծաւալւում էր Եւրոպական միջնորդութեամբ բանակցային գործընթացը, Պրուքսէլում գումարուեց Եւրոպական միութեան այն անդամ երկրներում գործող հայ համայնքների ներկայացուցիչների հաւաք, որտեղ հայ հայութիւնն ունի պետութեան կողմից տրամադրուած կազմակերպաիրաւական կարգավիճակ։ Հանդիպմանը մասնակցել էին Պելճիքայի, Գերմանիոյ, Ֆրանսայի, Յունաստանի, Կիպրոսի, Շուէտի եւ Հռոմի հայ համայնքների ներկայացուցիչները։ Հանդիպման գլխաւոր նպատակն էր քննարկել Արցախի շուրջ ստեղծուած օրհասական իրավիճակը եւ համախմբել, ինչպէս նաեւ համախմբել եւ քաղաքական ակտիւութեան կոչել Եւրոպայի հայկական սփիւռքին՝ ի պաշտպանութիւն Արցախի հայութեան իրաւունքների։

Հանդիպմանը քննարկուեց առաջիկայ քայլերի համաեւրոպական ծրագիր, յստակեցուեց միասնական օրակարգ՝ ուղղուած Եւրոպական միութեան, Եւրոպական խորհրդի, ինչպէս նաեւ ԵՄ անդամ-երկրների ղեկավարներին։ Իբրեւ Եւրոպական միութեան անդամ երկրների պահանջատէր քաղաքացիներ՝ եւրոպահայութիւնը վերջիններիս պէտք է յորդորէր հաւատարիմ մնալ մարդու իրաւունքների պաշտպանութեանը եւ արդիւնաւէտ ճնշման գործիքակազմ կիրառել Ատրպէյճանի վրայ։ Որոշում կայացուեց նախաձեռնութիւնների շարք սկսել։

Այս հանդիպման ընթացքում ձեւաւորուեց «Եւրոպացիները յանուն Արցախի» հարթակը։ Դրա աշխատանքի արդիւնքում՝ կարճ ժամանակ անց, Եւրոպական միութեան, դրա անդամ պետութիւնների եւ Եւրոպայի խորհրդի ղեկավարութեանն ուղղուեց նամակ-պահանջագիր, որին միացան Եւրոպական աւելի քան 500 կազմակերպութիւններ, իսկ Հոկտեմբերի 1-ին Պրուքսէլում կազմակերպուեց բազմահազանոց հանրահաւաք, ինչին զուգահեռ ցոյցեր էին ընթանում եւրոպական շուրջ 15 երկրներում, հիմնականում մայրաքաղաքներում։ Համաեւրոպական բողոքի գործողութիւնների այդ օրը որոշուած էր նկատի ունենալով Հոկտեմբերի 5-ին սպանական Կրանատայում կայանալիք Փաշինեան-Ալիեւ-Միշէլ.Մակրոն-Շոլց հանդիպումը, որին Ալիեւը այդպէս էլ չմասնակցեց։ Այնուամենայնիւ, Հոկտեմբերի 5-ին «Եւրոպացիները յանուն Արցախի» շարժումը ներկայութիւն ունէր նաեւ Կրանատայում՝ հանրահաւաքի տեսքով։

2023 թ․ Սեպտեմբերին Արցախին պարտադրուած ցեղասպանութեան ու էթնիկ զտման արդիւնքում ստեղծուած բոլորովին նոր իրավիճակով պայմանաւորուած՝ «Եւրոպացիները յանուն Արցախի» շարժումն իր հերթին իրականացրեց քաղաքական առաջնահերթութիւնների վերանայում։ Դրանով, մասնաւորապէս, Եւրոպական միութեան գործադիր իշխանութիւնից պահանջւում էր

1) յստակօրէն դատապարտել Արցախի հայութեան նկատմամբ Ատրպէյճանի կողմից կիրառուած էթնիկ զտումների ցեղասպան քաղաքականութիւնը։

2) Անհատական պատժամիջոցներ սահմանել Ատրպէյճանի ռազմաքաղաքական ղեկավարութեան նկատմամբ, որը պատասխանատու է Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման, հրադադարի խախտումների, Սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայի եւ Արցախում իրականացրած էթնիկ զտման համար։

3) Օգտագործել առկայ բոլոր լծակները՝ ստիպելու Ատրպէյճանին անյապաղ եւ անվերապահօրէն ազատ արձակել 2020 թ. Սեպտեմբերի 27-ից ձերբակալուած բոլոր հայ ռազմագերիներին, քաղաքացիական պատանդներին, ինչպէս նաեւ 2023 թ. Սեպտեմբերից ի վեր առեւանգուած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ներկայացուցիչներին։

4) Նպաստել շօշափելի միջազգային անվտանգային երաշխիքների տրամադրմանը` արցախահայութեանը հնարաւորութիւն տալով օգտուել հայրենիք վերադառնալու անքակտելի իրաւունքից, Արցախին տրամադրել միջազգայնօրէն երաշխաւորուած ինքնակառավարման կարգավիճակ։

5) Արդիւնաւէտ ճնշում գործադրել Ատրպէյճանի վրայ՝ բացառելու Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ ագրեսիայի ցանկացած դրսեւորում եւ Հայաստանի ինքնիշխանութիւնը վտանգող ցանկացած գործողութիւն։

6) Հայաստանին տրամադրել համապատասխան օգնութիւն՝ Արցախից բռնի տեղահանուած բնակչութեան կարիքները պատշաճ կերպով հոգալու համար:

Այս պահանջները ինչպէս համաեւրոպական, այնպէս էլ անդամ պետութիւնների իշխանութիւնների առջեւ բարձրացնելու եւ համայնքային ճնշում ապահովելու նպատակով՝ «Եւրոպացիները յանուն Արցախի» շարժումը Յունուարի 27-ին եւ 28-ին ձեռնարկեց համաեւրոպական բնոյթի միջոցառումներ, եւրոպական շուրջ 55 քաղաքներում։

Իրականացուած միջոցառումների ծաւալն ու աշխարհագրութիւնը, դրանց քաղաքական ու տեղեկատուական հնչեղութիւնը, ինչպէս նաեւ դրանցում ներգրաւուած կազմակերպութիւնների թիւը հաստատում են, որ «Եւրոպացիները յանուն Արցախի» հարթակը յաջողել է որպէս Եւրոպայում Արցախի շահերի պաշտպանութեան արդիւնաւէտ եւ միասնական շարժում։

«Եւրոպացիները յանուն Արցախի» հարթակի աշխատանքների պայմաններում է, որ Եւրոպական քաղաքական շրջանակները մէկը միւսի յետեւից սկսել են կոշտ ուղերձներ փոխանակել պաշտօնական Պաքուի հետ։ Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից ատրպէյճանական պատուիրակութեան արտաքսումը, Եւրոպական միութեան գործադիր իշխանութեան կողմից Ատրպէյճանին ուղղուած զգուշացնող յայտարարութիւններն ու սպառնալիքները Հայաստանի տարածքային ամբողջականութեան դէմ ոտնձգութեան դէպքում, ինչպէս նաեւ Հայաստանին պաշտպանական օժանդակութեան տրամադրման վերաբերեալ քննարկումները զուգահեռւում են Եւրոպայի հայութեան քաղաքական ակտիւացմանը։

Յատկանշական է, որ «Եւրոպացիները յանուն Արցախի» հարթակի գրեթէ բոլոր քաղաքական առաջնահերթութիւնները, քայլ առ քայլ որդեգրւում են համաեւրոպական կառոյցների, ինչպէս նաեւ մի շարք առանցքային պետութիւնների կողմից։ Մասնաւորապէս, Եւրոպական քաղաքական շրջանակներում Ատրպէյճանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը այլեւս չունի այն ընկալումը, ինչ որ ունէր ամիսներ առաջ։ Այսօր պատժամիջոցների հարցը դիտւում է, որպէս Ատրպէյճանի հետագայ ագրեսիան դադարեցնելու գործիք, եւ թէեւ դեռեւս ԵՄ գործադիր իշխանութեան կողմից պաշտօնական-ընթացակարգային քննարկման փուլում չի գտնւում, ամէն դէպքում հարցը որպէս այդպիսին առկայ է քաղաքական խօսոյթում։

«Եւրոպացիները յանուն Արցախի» շարժման մէկ այլ առաջնահերթութիւն, որ վերաբերում է միջազգային գործուն եւ վստահելի երաշխիքների կիրառմամբ արցախահայութեան վերադարձի իրաւունքի կենսագործմանն ու ինքնակառավարման կարգավիճակի տրամադրմանը, վերջերս տեղ գտաւ Ֆրանսայի Սենատի կողմից ընդունուած բանաձեւում։

Ներկայումս պատմական թերեւս վատագոյն յարաբերութիւններն են Ատրպէյճանի եւ մի շարք եւրոպական պետութիւնների՝ առաջին հերթին Եւրոպական միութեան առաջատար երկրներից Ֆրանսայի հետ։ Պաշտօնական Պաքուն քանիցս դիւանագիտական դեմարշներ է իրականացրել ինչպէս Ֆրանսայի, այնպէս եւրոպական այնպիսի երկրների դէմ ինչպիսիք են օրինակ Պելճիքան, Հոլանտան եւ այլն, երբ Ատրպէյճանը մի դէպքում նախագահի մակարդակով չէր ընդունում, իսկ մէկ այլ դէպքում առհասարակ մերժեց այդ երկրների արտաքին գործերի նախարարների ընդունելութիւնը։ Իսկ Ֆրանսան եւ Ատրպէյճանը բոլորովին վերջերս երկուստեք փոխանակեցին երկու դիւանագէտերի արտաքսումներ։

Ինչ վերաբերում է Եւրոպական խորհրդարանի քաղաքական վարքին՝ ապա այն Արցախի եւ Հայաստանի Հանրապետութեանը վերաբերող հարցերում միջազգային թերեւս ամենաօբիէկիւ կառոյցն է, որը յստակօրէն դատապարտում է ատրպէյճանական յանցագործութիւններն ու Եւրոպական միութեան գործադիր իշխանութիւնից պահանջում յստակ գործողութիւններ, այդ թւում՝ պատժամիջոցներ։

«Եւրոպացիները յանուն Արցախի» շարժման աշխատանքները ողջունել են նաեւ մի շարք միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւններ, օրինակ Լեմկինի անուան ցեղասպանութեան կանխարգելման ինստիտուտը։

Արդէն Փետրուարի վերջին «Եւրոպացիները յանուն Արցախի» շարժումը նամակ է յղել Միջազգային օլիմպիական կոմիտէի (ՄՕԿ) նախագահին՝ 2024 թ․ Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին Ատրպէյճանին մասնակցութիւնից զրկելու վերաբերեալ եւ կոչ է արել ՄՕԿ-ին կոնկրետ միջոցներ ձեռնարկել այդ երկրի մասնակցութեան դէմ։ Նամակն ուղարկուել է նաեւ Ֆրանսայի Հանրապետութեան նախագահին, Ֆրանսայի ազգային օլիմպիական կոմիտէին, Ֆրանսայի օլիմպիական խաղերի կազմկոմիտէին, Փարիզի քաղաքապետարանին, ինչպէս նաեւ սպորտի, օլիմպիական ու պարօլիմպիկ խաղերի նախարարին։

Ելնելով Արցախի ժողովրդի դէմ Ատրպէյճանի կողմից իրականացուած էթնիկ զտման փաստից` «Եւրոպացիները յանուն Արցախի» շարժումը ՄՕԿ-ին կոչ է արել արգելել Ատրպէյճանին որպէս պետութիւն ներկայացուած լինել գալիք Օլիմպիական խաղերում եւ թոյլ տալ ատրպէյճանցի մարզիկներին հանդէս գալ միայն չէզոք դրօշի ներքոյ։ Այս կոչը հնչել է Արցախում 2023 թուականի Սեպտեմբերին Ատրպէյճանի ցեղասպան քաղաքականութեան եւ էթնիկ զտումների հետեւանքով իրենց պապենական հողերից 120․000 հայերի բռնի տեղահանման պայմաններում։ «Եւրոպացիները յանուն Արցախի» շարժումն ակնկալում է Միջազգային օլիմպիական կոմիտէի յստակ դիրքորոշումը, քանի որ որեւէ քայլի չձեռնարկումը կը խաթարի Օլիմպիական խաղերի ամբողջական նշանակութիւնը եւ ճանապարհ կը հարթի ռազմատենչ պետութիւնների համար։

«Եւրոպացիները յանուն Արցախի» շարժումը պատրաստւում է ընդլայնել իր միջազգային ցանցը եւ 2023 թ․ ամրանը իր պահանջներին միացած եւրոպական աւելի քան 500 կազմակերպութիւնների ցանկին աւելանալու են հայկական եւ օտար բազմաթիւ կազմակերպութիւններ։ Շուտով կը տեսնենք Եւրոպական միութեան եւ եւրոպական երկրների ղեկավարներին ուղղուած նոր պահանջագիր եւ դրան միացած հարիւրաւոր կազմակերպութիւնների նոր ցանկ։

Անշուշտ, ուրախալի պէտք է լինէր, եթէ «Եւրոպացիները յանուն Արցախի» շարժմամբ ոգեշնչուած՝ Արցախի եւ առհասարակ հայութեան իրաւունքների պաշտպանութեան կանչով ոտքի կանգնէին մեր տասնեակ հազարաւոր հայրենակիցներ, ինչպէս հայրենիքում, այնպէս էլ սփիւռքեան տարբեր գաղթօճախներում։

Share