hetq.am
Ոստիկանութիւնը երէկ յատուկ միջոցներ է կիրառել Բաղրամեան-Դեմիրճեան խաչմերուկում հաւաքուած ցուցարարների ուղղութեամբ: Դրանց թւում եղել է ռուսական արտադրութեան «Զարեայ 3» ձեռքի (նետւում է ձեռքով) լուսաձայնային նռնակ, որը ֆիքսել են «Ֆոտոլուրի» մեր գործընկերները:
«Ռոսօբորոնէքսպորտ» պետական ընկերութիւնը, որը ռազմական եւ երկակի նշանակութեան ապրանքների, տեխնոլոգիաների ու ծառայութիւնների արտահանման եւ ներկրման միակ պետական միջնորդն է Ռուսաստանում, իր պաշտօնական կայքում յայտնում է, որ «Զարեայ 3» լուսաձայնային նռնակն ապահւում է զինուած յանցագործի հոգեկամային կայունութեան ժամանակաւոր ճնշումը ձայնային եւ լուսային ազդեցութեան միջոցով, ինչը նուազեցնում է յանցագործի մարտական ունակութիւնը եւ հնարաւորութիւն տալիս նռնակը կիրառող անձնակազմի եւ շրջապատի մարդկանց համար նուազագոյն ռիսկով իրականացնել յատուկ գործողութիւն:
Ըստ ռուսական արտադրողի եւ արտահանողի՝ 180 գրամ քաշով այս նռնակի ձայնային ճնշման մակարդակը 10 մետրի վրայ 160±15 դեցիբել է: Նկատենք, որ Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան (ԱՀԿ) տուեալներով, 85 դեցիբելը մարդու համար աղմուկի առաւելագոյն թոյլատրելի մակարդակն է: 120-140 դեցիբելը մարդու համար ցաւի շեմն է, իսկ 140 դեցիբելից բարձր ձայնային ճնշումը կարող է պայթեցնել ականջի թմբկաթաղանթը կամ առաջացնել բարօտրաւմայ, նոյնիսկ՝ ուշագնացութիւն:
Վերոնշեալ ռուսական ձեռնարկութիւնների տուեալներով՝ «Զարեայ 3» նռնակի լոյսի ուժի առաւելագոյն չափը գերազանցում է 40х10*6 կանդելան (համեմատութեան համար՝ ընդունուած է, որ մէկ հատ մոմի լոյսի ուժը հաւասար է 1 կանդելայի):
«Զարեայ 3»-ի օղակը քաշելուց յետոյ պայթիւնը տեղի է ունենում 4±1 վրկ անց:
«Ֆոտոլուրի» լուսանկարները՝ այստեղ