Արցախի պաշտօնեաների լուսանկարները հատուածական են եւ չէն կարող հերքել Բաքուի խոշտանգումները․ Սահակեան

Արցախի պաշտօնեաների լուսանկարները հատուածական են եւ չէն կարող հերքել Բաքուի խոշտանգումները․ Սահակեան

NEWS.am

Բաքւում պահուող Արցախի պաշտօնեաների լուսանկարները հատուածական են եւ չէն կարող հերքել Բաքուի խոշտանգումներն ու վատ վերաբերմունքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցում ասաց Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակեանը՝ անդրադառնալով ադրբեջանական սոցցանցերում վերջերս տարածուող Արցախի ռազմաքաղաքական պաշտօնեաների լուսանկարների՝ բեմադրուած լինելուն։

Սահակեանն ընդգծեց, որ լուսանկարները չէն արտացոլում Բաքուի բանտերի իրական պայմանները․

«Այս լուսանկարները ցուցադրական են, արհեստականօրէն ստեղծւում են պայմաններ լուսանկարահանումներն անելու համար։ Դրանք չէն արտացոլում իրական պայմանները, բացառապէս ունեն քարոզչական նպատակ։ Լուսանկարները շատ տեղային եւ հատուածական են, չէն կարող հերքել խոշտանգումը կամ վատ վերաբերմունքը, օրինակ՝ չենք տեսնում լուսանկարներ եւ կայուն հիմունքներով դրանց հրապարակում գերեվարման վաղ ժամանակաշրջանում, այստեղ կարող ենք մի քանի ամսուայ մէջ ունենալ մի քանի լուսանկար, եւ չկայ բացատրութիւն՝ ո՞ր օրն է վերցուել եւ ինչի՞ համար»,- նշեց Սահակեանը։

Նա, յղում անելով, հայրենադարձուած գերիների վկայութիւններին, նշեց․ «Հայրենադարձուած գերիները վկայութիւններ են տուել, որ իրենց դուրս են բերել իրենց հիմնական պահման վայրերից, տարել են լաւ կահաւորուած սենեակներ, անգամ ՄԻՊ-ի ներգրաւմամբ լուսանկարներ են արել, իմիտացրել են զրոյց, որից յետոյ իրենց վերադարձրել են հիմնական վայրեր, որտեղ պահման պայմաններն ու վերաբերմունքը ամենեւին չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին»։

Սիրանուշ Սահակեանի խօսքով՝ այս ճանապարհով Ադրբեջանը կեղծում է ապացոյցներ, որոնք արդէն երեւում են միջազգային դատական գործընթացներում․ «Միւս կողմից հանրային հետաքրքրութիւն է առաջացնում սեփական ժողովրդի շրջանակում, ինչը շեղող նշանակութիւն ունի, օգտագործւում է ներքաղաքական խնդիրներ լուծելու համար, ինչը յատկապէս կարեւոր է նախընտրական փուլում։ Միւս կողմից Ադրբեջանը փորձում է արհեստական քննարկումներ ապահովել նաեւ հայաստանեան հասարակութեան շրջանակում։ Կարծում եմ՝ երեք նպատակներն էլ քաղաքական են, եւ զուտ տեղաւորւում են քարոզչական գործունէութեան շրջանակում»։

Սահակեանն ասաց, որ Բաքւում պահուող հայ եւ՛ ռազմագերիների, եւ՛ քաղաքացիական անձանց պաշտօնական թիւը 23-ն է․

«Այստեղ ներառուած են տարբեր կարգավիճակներ եւ պաշտպանութիւն ունեցող անձինք, կան եւ՛քաղաքացիական գերիներ, եւ՛ ռազմագերների, եւ՛ քաղաքացիական բանտարկեալներ, ունենք անձինք, որոնք գերեւարուել են դեռեւս 2020 թուականին, եւ ճնշող մեծամասնութիւնը կապուած է 2023 թուականի յարձակման եւ յետագայ զարգացումներին եւ այստեղ ունենք պատերազմի հետեւանքով գերեւարուածներ եւ ունենք Ադրբեջանի կողմից ցուցակագրուած բարձրաստիճան անձինք, ովքեր  քաղաքական դրդապատճառներով են հետաքրքրում Ադրբեջանին եւ քաղբանդարկեալ են, հալածւում են իրենց գործունէութեան, համոզմունքների եւ այլ օրէնքով պաշտպանուող յատկանիշների համար»։

Նա նշեց, որ կան միջպետական գործընթացներ, որոնցում ներառուած են 2023 թուականի դէպքերը, թէ՛ բարձրաստիճան ղեկավարների, թէ՛ գերեւարուածների խնդիրը յանձնառել է Հայաստանի Հանրապետութիւնը, խօսքը վերաբերում է «Հայաստանն ընդդէմ Ադրբեջանի» չորրորդ գանգատին․

«Զուգահեռաբար կան անյատական գործեր, որոշ անձանց իրաւունքների պաշտպանութիւնը ես եւ իմ գործընկերներն ենք իրականացնում։ Դրանք գտնւում են քննութեան փուլում, դեռեւս վաղաժամ է դատական ակտէրի կայացման մասին խօսելը, բայց անյապաղ միջոցների շրջանակում ժամանակաւոր որոշումներ կայացուել են, որպէսզի հնարաւոր լինի ապահովել նրանք անվտանգութիւնն Ադրբեջանում»։

Սահակեանն ընդգծեց, որ գերեւարուածների խնդիրը, ցաւօք, քաղաքականացուած է․ «Թերեւս պետութիւնը կարեւոր դերակատար է քաղաքական գործընթացներում, եւ, ցաւօք, գերեւարուածների խնդիրը քաղաքականացուած է, Ադրբեջանը որպէս լծակ բանակցութիւններում տարաբնոյթ քաղաքական պահանջների բաւարարում է ակնկալում։ Այս անձանց ազատ արձակումն էլ ուղիղ կապուած է այս պահանջների բաւարարման հետ, որոշակի զիջումներ կորզելուց յետոյ Ադրբեջանը որպէս մարդասիրական ժեստ ազատ է արձակում այնտեղ գտնուող հայերին։ Կարծում եմ՝ աւելի մեծ պահանջներ են առաջադրուելու նախկին ղեկավարութեան ազատ արձակման դիմաց։ Շատ կարեւոր է նաեւ խաղաղութեան շուրջ բանակցութիւնները, որին աջակցում են տարբեր կենտրոններ, որոնք տարածաշրջանային մեծ ազդեցութիւն ունեն, վերջնարդիւնքում մենք կը տեսնենք թէ ինչպիսի զարգացումներ կը լինէն։ Կարծում եմ՝ քաղաքական հարթակում տեղաշարժերի պարագայում միայն Ադրբեջանն ազատ կարձակի այդ անձանց։

Իրաւական միջոցները հակակշռող նշանակութիւն ունեն, դրանք դանդաղ են եւ անմիջական էֆեկտ չէն կարող ունենալ, սակայն հակակշռում են, որովհետեւ Ադրբեջանի համար պարզ է, որ եթէ քաղաքական ճանապարհով հարցը չլուծուի եւ ազատ չարձակուեն, միեւնոյն է, հարցն ունենալու է իրաւական հանգուցալուծումը, դրա համար մանեեւրելու սահմանները Ադրբեջանի սահմանափակ են եւ՛ բովանդակային, եւ՛ ժամանակագրական առումով»։

Անդրադառնալով Բաքւում պահուող հայերի՝ չհաստատուած թւին՝ Սահակեանն ասաց, որ նրանց թիւը 80-ն է․ նրանց՝ այնտեղ գտնուելու մասին կան փաստէր, բայց դեռեւս անյայտ է՝ նրանք ո՞ղջ են, թե՞ ոչ․

«Մենք փաստաթղթաւորել ենք, որ յաւելեալ 80 հայեր յայտնուել են գերեվարման մէջ, եւ գերեվարման ընթացքում կամ դրան յաջորդող ժամանակահատուածում ողջ են եղել։ Այդ 80 թիւը կապուած է 2020 թուականի պատերազմի հետ, սակայն մենք որեւէ տեղեկատուութիւն չունենք՝ նրանք ո՞ղջ են, թե՞ մահացած։ Այդ է պատճառը, որ օգտագործւում է «բռնի անյետացած» եզրոյթը, ինչը նշանակում է, որ նրանց ճակատագրի վերաբերեալ այս պահին կայ անորոշութիւն, նրանք բռնի կերպով դուրս են բերուել իրաւական պաշտպանութիւնից եւ պէտք է քննութիւն տեղի ունենայ, որպէսզի կարողանանք պարզել նրանց՝ ողջ, կամ մահացած լինելը։ Այսինքն՝ այդ 80-ը ընդամէնը հաստատում է գերեւարուած լինելու հանգամանքը, սակայն որեւէ կերպ պատասխան չի տալիս այն հարցին, թէ նշուած անձինք այս պահին ո՞ղջ են, եթէ աեօ, ապա որտե՞ղ եւ ի՞նչ պայմաններում են պահւում»։

Հարցին՝ Ադրբեջանի վայրագութիւնների աստիճանը նուազո՞ւմ է, Սահակեանն ասաց․ «Մենք որեւէ կերպ նուազում չենք դիտարկել։ Այստեղ գուցէ հռետորաբանական մակարդակում նրանք փորձում են ցուցադրել, որ հայերի եւ ադրբեջանցիների համագոյակցումը հնարաւոր է, սակայն երբ լուծում ենք նրանց գործողութիւնները, ապա այստեղ ինտենսիւութեան նուազում չկայ, դրա լաւագոյն օրինակներից է բռնի դէպորտացիան, դրանից առաջ նաեւ Արցախի շրջափակումը»։

Share