Անցնող տարին ոչինչ չտուեց արցախցիներին՝ ո՛չ վերադարձ, ո՛չ սեփական տանիք, ո՛չ պատանդների վերադարձ, ո՛չ հարազատների շիրիմներին այցելելու հնարաւորութիւն, ո՛չ իրաւունքների իրացում․․․
Արցախցիների իրաւունքները շարունակւում են անտեսուել։ Նոր աշխարհակարգում մարդու իրաւունքների ճանաչում, ժողովուրդների իրաւունքների պաշտպանութեան բանաձեւեր չէն գործում․ գերտէրութիւնների շահերն են առաջնահերթ։ Դառը իրականութեան դիմաց յայտնուած արցախցիները Մայր Հայրենքում էլ բախւում են մի շարք խնդիրների, որոնք արհեստականօրէն բարդացնում են առանց այն էլ դժուարին կացութիւնը։
ՀՅԴ Արցախի կառոյցի համար էլ տարին վերականգնումի տարի էր։ Արցախի կառոյցը պահպանուեց, որը հնարաւորութիւն տուեց միաւորելու միեւնոյն գաղափարի շուրջ համախմբուած հայրենակիցների։
Կառոյցին ուղեկից միութիւնների վերակազմաւորում, անելիքների վերադասաւորում, նոր ռազմաւարութեան ճշտում, Արցախի պետականութեան գոյատեւման անհրաժեշտութիւն, պատանդների վերադարձի ուղղութեամբ պայքար։
Արցախում գրանցուած բազմաթիւ կուսակցութիւններից շատ քչերն են շարունակել իրենց գործունէութիւնը Հայաստանում։ Հիմնականում ԱՀ Խորհրդարանական կուսակցութիւններն են շարունակում գործել։ Պետք է խոստովանենք, որ ժողովրդի մի մասը թեեւ դժգոհ է քաղաքական ուժերից, Արցախի իշխանութիւններից, որին նպաստում է նաեւ ընդգծուած թշնամանքի եւ ատելութեան տարածումը, սակայն գիտակցում է Արցախի պետականութեան լինելիութեան անհրաժեշտութիւնը։ Հետեւապէս, նոր իրողութիւններում մեր հիմնական անելիքը Արցախի ժողովրդի միաւորումն է Արցախի պետական ինստիտուտների շուրջ։ Որքան էլ ցաւալի լինի պարտութիւնը, պէտք է համախմբուած պայքար՝ հանուն Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան, Արցախի հիմնախնդրի արդար լուծման։
Այս ամէնին հասնելու համար անհրաժեշտ է միասնականութիւն։ Արցախն ունի Սփիւռքի եւ Մայր Հայրենիքի կարիքը։ Չնայած արդիւնքները դեռեւս ակնյայտ չէն գերիների վերադարձի, արցախցիների վերադարձի իրաւունքի իրացման ուղղութեամբ, սակայն ՀՅԴ աշխարհասփիւռ կառոյցների, յատկապէս Հայ դատի գրասենեակների կողմից մեծ աշխատանք է տարւում նշուած ուղղութիւններով։
Աշխատանքները, որ Դաշնակցութեան միջոցով իրականացւում է, պէտք է համահայակական պայքարի ուղենիշ դառնայ։ Մենք դադար չպէտք է ունենանք, երբ մեր հայրենակիցները բանտերում են, երբ մեր ժողովուրդը բռնի տեղահանուած է իր պապենական օջախից, երբ մեր հոգեւոր եւ մշակութային ժառանգութիւնը վնասուած է, երբ մեր բռնազաւթուած երկիրը սպասում է արդարութեան։
Պետք է պայքարել, համախմբուել, հզօրանալ եւ սատար կանգնել մեր ժողովրդին եւ Հայրենիքին, սա է օրուայ հրամայականը, նահանջ չկայ։
«Ապառաժ»-ի խմբագրական
27 դեկտեմբեր, 2024թ․