Յունուարի 17-ին, Բրբանքի Բաշիր Մարտիրոսեան կենտրոնում տեղի ունեցաւ իրանահայ բանաստեղծուհի Սաթօ Ա-ի բանաստեղծութիւնների ամբողջական ժողովածուի՝ Թուղթը անմեղ է գրքի շնորհանդէսը:
Երեկոն, որին մասնակցում էին աւելի քան 120 հանդիսատեսներ, անցաւ խանդավառ մթնոլորտում: Բանաստեղծուհու հետ շփւելու առիթն ունեցան նրա ընթերցողները, հարազատներն ու ընկերները:
Ձեռնարկի յայտագիրը հագեցած էր բանաստեղծուհու կեանքի ու գրական գործունէութեան մասին ակնարներով ու վերլուծականներով:
Բացման խօսքում Զարեհ Աճէմեանը ողջունեց բոլոր ներկաներին և ներկայացրեց գրքի հրատարակման ընթացքն ու մանրամասնութիւնները: Այնուհետև խօսք առաւ բանաստեղծ՝ Գրիշ Դաւթեանը, որը մեկնաբանեց ու վերլուծեց Սաթօ Ա-ի բանաստեղծական գործունէութիւնը:
Անի Մուրադեան-Պետրոսեանը խօսք առաւ Սաթոյի Ալիշան դպրոցի աշակերտների անունից և գնահատեց նրան որպես իր աշակերտների մտքում և հոգում հայրենասիրական ոգի ներշնչած ու դէպի հայերէն լեզուն սէր ու հետաքրքրութիւն սերմանած ուսուցիչ:
Նշելի է որ բանաստեղծուհին ունի նաև ուսուցչական երկար տարիների վաստակ Թեհրանում և Համադան քաղաքում: Ներկաների մէջ էին Համադանի հայերի մի սերունդ ովքեր Սաթոյի մօտ և նրանց տանը կայացող դասընթացներին են սովորել Հայոց լեզուն ու մայրենի լեզուով գրաճանաչ դարձել նրա ջանքերի շնորհիւ:
Ելոյթ ունեցաւ նաև բանաստեղծուհի Էլենա Արմաշը, ով ներկայացրեց Սաթօ Ա-ի բանաստեղծութիւնների մասին հետաքրքրական մանրամասնութիւններ և նրբութիւններ:
Իր տատիկի մի քանի բանաստեղծութիւնները ներկայացրեց բանաստեղծուհու թոռնուհին՝ Մինէ Աճէմեանը, վեր հանելով թէ՝ իր և միւս թոռների մանկութիւնը որքանով հագեցած է եղել նրա ազդցութեամբ ու դրոշմով:
Սահիկների ընկերակցութեամբ բանաստեղծուհու կեանքն ու գործունէութիւնը ներկայացրեց Միգանուշ Մելքոնեան-Աճէմեանը: Ընտրուած նկարներն ու պատմուած յուշերը մեծ խանդավառութիւն ստեղծեցին ներկաների մօտ ովքեր կարծես վերապրեցին իրենց երբեմնի կեանքը Իրանի Արաք քաղաքում, Ազնա գիւղում, Համադանում և Թեհրանում:
Այնուհետև բեմ հրաւիրուեցին և գնահատւեցին գրքի շապիկը ձևաւորած արուեստագէտ Էդիկ Բալաեանը, Գրիշ Դաւթեանը, Անի Մուրադեան-Պետրոսեանը և Էլենա Արմաշը:
Բանաստեղծուհու զաւակների ու թոռների միջոցով կատարուեց գրքի գինէձօնը, որին հետևեցին գրքերի վաճառքը և բանաստեղծուհու միջոցով մակագրումը:
Յայտարարուեց թէ գրքի վաճառքից գոյանալիք հասոյթը հատկացուելու է բարեսիրական նպատակների:
Ձեռնարկի աւարտին տեղի ունեցաւ հիւրասիրութիւն և ներկաները վայելեցին հաճելի ժամանակ:
Ստորև ներկայացնում ենք Սաթօ Ա-ի կենսագրութիւնից համառօտ տւեալներ:
Սաթենիկ Ամիրեան-Աճեմեանը ծնուել է 1938-թուի Մարտի 6-ին Իրանի հայաբնակ Ազնա գիւղում: Հինգ տարեկանում փոխադրուել է մոտակայ Արաք քաղաքը, ուր և անցկացրել է իր մանկութիւնն ու պատանեկութիւնը: Յաճախել է Արաքի մանկապարտէզը և ապա Շարաֆ հայկական դպրոցը:
Սաթոն եղել է Ամիր Ամիրեանի և Նազիկ Աբուլեանի նահապետական ընտանիքի առաջին զաւակը: Նա ունի եօթ քոյր և երկու եղբայր: Բազմանդամ ընտանիքը ապրել է բարեկեցիկ կեանքով, հանդիսանալով Արաքի հայ համայնքի նշանաւոր ընտանիքներից մեկը:
Սաթոյի տատիկն ու պապիկը ապրում էին Ազնայում: Պապենական գիւղում անցկացրած անհոգ մանկութիւնը իր մնայուն ազդեցութիւնն է թողել Սաթոյի հոգում: Նրա բանաստեղծութիւնները խորապես ազդուած են գիւղական կեանքի պարզ, բնական ու զուլալ առօրեայի, կենցաղի, բարքերի, համոզումների և մարդկային յարաբերութիւնների հետքերից:
Արաքի ազգային կեանքը եղել է շատ աշխոյժ: Դպրոցին կից համայնքն ունեցել է երգչախումբ, թատերախումբ և մշակութային գունեղ կեանք: Հարիւրաւոր տարիների անցեալ ունեցող իրանահայ համայնքն ամուր կառչած է եղել նաև հայ առաքելական եկեղեցուն, նշել ազգային ու աւանդական բոլոր տօները և պահպանել վաղեմի բարբառն ու սովորութիւնները որոնք իրենց նախահայրերը բերել էին իրենց հետ դեռ Շահ Աբբաս թագաւորի օրօք հայերի բռնագաղթի օրերից: Հայ ընտանիքները հայրենիքից այնքան հեռու, իրանական գիւղերում ու քաղաքներում ապրում էին հայօրէն և վարում ներքին ինքնավար համայնքներ իրենց իւրահատուկ բարքերով ու արժէքային համակարգով, որի շնորհիւ էլ մինչ օրս համայնքը մնում է կենսունակ և պահպանում իր ազգային նկարագիրը և լեզուն:
Հայերէնը և հայկականութիւնը առանցքային նշանակութիւն են ունեցել նաև Սաթոյի ընտանիքում: Հայրը ինչպես գրում է բանաստեղծուհին հացի փոխարէն գրքեր է տուն բերել ու երեխաներին փոխանցել սերը դէպի գրականութիւնն ու հայ գիրք:
Սաթոն բանաստեղծել է սկսել մանուկ հասակից: Տասներեք տարեկանում գրել է առաջին բանաստեղծութիւնը նւիրուած իր մօրը: Տպագրուել է Լուսաբեր մանկապատանեկան ամսագրում, ապա Իրանի Ալիք օրաթերթում, Գարուն ամսագրում և հայաստանեան թե սփիւռքեան բազմաթիւ գրական թերթերում: Նրա բանաստեղծութիւնները նաև թարգմանուել ու հրատարակուել են պարսկերէնով:
Նրա բանաստեղծութիւնները միշտ գտնում են իրենց ընթերցողին և խօսելով մարդկանց յուզող հարցերի մասին ու մօտիկ լինելով բոլորի սրտին գտնում են մեծ ընդառաջում:
2002 թուին Թեհրանում տպագրուել է նրա առաջին գիրքը՝ «Հրաժեշտից առաջ» անունով, որը բանաստեծուհու գործերի հատընտիրն է իսկ աւելի քան եօթ տասնամեակների վրայ երկարող Սաթոյի գրական ստեղծագործութիւնների ամբողջական հաւաքածոն՝ «Թուղթը Անմեղ Է» վերնագրով հրատարակուեց 2024-ի Դեկտեմբերին Ամերիկայում, որը ներառում է շուրջ երեք հարիւր բանաստեղծութիւններ և կազմուած է 330 էջերից:
Գրքում անկախ իրենց ստեղծման ժամանակից ընդհանուր յայտարարի տակ են բերուած Սաթօ Ա-ի բանաստեղծութիւնները հետևեալ գլուխների տակ՝
«Երկարածամ մի աղջիկ՛ թարթիչներին յարդափոշի» բաժնում կարդում ենք Սաթոյի մանկութեան մասին, նրա մօր, հօր, ընտանիքի ու այնքան կարօտած գիւղի մասին:
«Կինը» և «Մայրը» գլուխների տակ կարդում ենք նրա բառեր դարձած ապրումները:
«Լուսածին լարեր, սիրտ սրտի կապող» բաժնում կարդում ենք ընտանիքի ու հարազատների մասին գրուած բանաստեղծութիւնները:
«Ապրեմ պիտի» բաժնում ծանօթանում ենք բանաստեղծուհու ազգային դիմագծին՝ հայրենակարօտ սփիւռքահային:
«Կանգ ա՛ռ» գլխի տակ կարդում ենք դարի մեծ ցաւի՝ պատերազմի մասին: Սաթոն իր օրերում տեսել ու ապրել է քանի պատերազմներ, որոնց թողած հետքը միշտ էլ նոյնն է …
Ու վերջապես «բանաստեղծուհին» բաժնում, որը կազմում է գրքի աւելի քան կէսը տեսնում ենք Սաթոյի հոգու ծալքերը:
Գիրքը կարելի է գնել Amazon.com կայքից: Փնտրել` The Paper is innocent