Գեւ Իսկաջեանն արձագանքել է Արսէն Թորոսեանի հակահայկական յայտարարութիւններին

Գեւ Իսկաջեանն արձագանքել է Արսէն Թորոսեանի հակահայկական յայտարարութիւններին

Մեր ազգային ինքնիշխանութեանը սպառնացող միակ վտանգը ձեր կառավարութիւնն է

Հայ դատի Վաշինգտոնի գրասենեակի համայնքային հարցերի պատասխանատու Գեւ Իսկաջեանն արձագանքել է ԱԺ ՔՊ-ական պատգամաւոր Արսէն Թորոսեանի հակահայկական յայտարարութիւններին.

Արսէ՛ն, մինչ ԱՄՆ-ում ձեր դեսպանը սելֆիներ էր անում եւ կենտրոնանում լուսանկարուելու հնարաւորութիւնների վրայ, մեր աշխատակազմը գիշեր-ցերէկ անխնայ աշխատում էր մեր ռազմագերիներին ազատ արձակելու համար, ինչի մասին ձեր կուսակցութիւնում շատերը վախենում են նոյնիսկ խօսել:

Երբ ձեր կառավարութիւնը հետ էր կանչում Ադրբեջանի ռազմական յանցագործութիւնների վերաբերեալ դատական հայցերը միջազգային դատարաններից, մենք աշխատում էինք, որպէսզի Ադրբեջանի դէմ պատժամիջոցներ սահմանուէն ԱՄՆ-ում, Կանադայում, Եւրոպայում, Աւստրալիայում, Հարաւային Ամերիկայում եւ ամբողջ աշխարհում:

Երբ ձեր վարչապետը պնդում էր, որ Արցախը Ադրբեջանի մաս է, ես Հայ Դատի անունից Ստեփանակերտում էի մեր ժողովրդի հետ՝ ապրելով 265 օր շրջափակման եւ պատերազմի միջով։

Մինչ մենք խօսում ենք, ձեր առաջնորդը ներկայումս խոնարհւում է Էրդողանի առաջ եւ ասում, որ Հաեօց ցեղասպանութեան ճանաչումը առաջնահերթութիւն չէ։ Ճանաչում, որը ձեռք է բերուել աշխարհի տարբեր երկրներում Հայ Դատի մասնաճիւղերի տասնամեակների աշխատանքի արդիւնքում, որը յանգեցրել է Ցեղասպանութեան ճանաչմանը աւելի քան 34 երկրներում եւ ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգներում:

Մեր ազգային ինքնիշխանութեանը սպառնացող միակ վտանգը ձեր կառավարութիւնն է, որը ճանաչում է միայն պարտութիւն, կապիտուլեացիայ եւ խայտառակութիւն համաշխարհային ասպարէզում:

Share