Միակ պատասխանն Ալիեւին՝ Երեւանում բարձրացնել փոփոխութիւնների դրօշը

Միակ պատասխանն Ալիեւին՝ Երեւանում բարձրացնել փոփոխութիւնների դրօշը



Վահէ Հովհաննիսեան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Ստեփանակերտում Ադրբեջանի դրօշի բարձրացումը բոլոր նորմալ մարդկանց ողբերգութիւնն էր։ Մեծ հաշուով այդ դրօշը բարձրացուել է մեր տների, մեր երեխաների օրօրոցների, մեր եկեղեցիների վրայ՝ ամէնուր։ Եւ այդպէս է լինելու, քանի դեռ Երեւանում չի իջեցուել ԱՆԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ դրօշը։
Նորմալ չէ, որ Արցախ կորցնելուց յետոյ Երեւանում իշխանութիւն չի փոխւում, չի գտնւում գոնէ մէկը, ով հրաժարական կը տայ։ Այս պահին աշխարհում նման երկրորդ պետութիւն եւ երկրորդ ժողովուրդ չկայ։ Այստեղ է հիմնական խնդիրը։
Կա՞ մի բան, որի տապալման դէպքում Նիկոլը հրաժարական կը տայ. 5 տարում՝ չորս պատերազմ, պարտութիւններ ու անհաշիւ զոհեր, Արցախի յանձնում, ու նա մնում է իշխանութեան։ Էլ ի՞նչ պիտի լինի, որ նա համարի, որ ինքը տապալել է։ Սա նեղացնում է հարցի շրջանակը. կայ´մ իր իշխանութիւնը չպէտք է լինի, կամ մենք։ Բայց այս պահին նրան դեռ դիմում են «մեծարգոյ»-ով։ Ալիեւին մի պահ հանգիստ թողնենք, կենտրոնանանք մէզ վրայ։ Սա ենք մենք՝ գոնէ այսօր։

Մենք ունենք ԱՄՈԹԻ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ, եւ մեր խնդիրն է՝ ամէն կերպ տարանջատուել դրանից։ Իշխանութեան նեղ խմբից, նրանց «մեծարգոյ» ասողներից, Նիկոլի նկարի տակ աշխատողներից պէտք է տարանջատուել ու չխաբել մէզ, թէ այն, ինչ կատարւում է, նորմալ է։ Սա մարդկութեան պատմութեան մէջ ամենաաննորմալ երեւոյթներից է։ Պետք է տարանջատուել ամէն կերպ, թողնել, որ չարիքի կորիզը նեղանայ՝ մինչեւ իր նուազագոյն չափերը։ Սա պէտք է անել նաեւ ներքին հաշտեցման եւ պետական լայն համակարգի հետ երկխօսութեան ճանապարհով։ Սա պէտք է անի նոր հարթակը, որտեղ չպիտի լինի կուսակցական կամ անեատական քուոտաւորում, ապագայ իշխանութեան մէջ երազած պաշտօնի մօտիւացիայ, փայի կռիւ։

Ինչ վերաբերում է Արցախին, ապա շատ դրօշներ են շատ վայրերում բարձրացուել ու ժամանակների փոփոխութեան արդիւնքում իջեցուել։ Բաքու-Երեւան- Բրիւսել- Մոսկուայ համատեղ օպերացիայի արդիւնքում դատարկուած Արցախում դրօշ բարձրացնելով՝ Ալիեւը մատնում է հէնց դա։ Երեւանում արժապատուութեան եւ գրագիտութեան դրօշի բարձրացումով արցախահայութեան իրաւունքները՝ հայրենի հողում ապրելու, անվտանգ ապրելու, գոյքային, հոգեւոր ժառանգութեան եւ այլն, բարձրացուելու են ու լուծուելու։ Ու դա չի լինելու ռեւանշիստական կամ ռազմատենչ իշխանութիւն, նոր պատերազմի պահանջ՝ ամենեւին։ Հին իրականութիւնն այլեւս չկայ, նոր պայմանները նոր պատկերացումներ են պահանջում։

Իսկ եթէ մենք չիջեցնենք ամօթի ու անարժանապատուութեան դրօշը Երեւանում ու չբարձրացնենք նորը, դրանով ճանապարհ կբացենք ալիեւեան նոր դրօշների համար։ Սա պէտք է շատ յստակ հասկանալ եւ բացատրել հայ ժողովրդին։ Արցախի ողբերգութիւնը չի կատարուել երկու օրում, ոչ էլ վերջին 10 օրում։ Դա երկար ամիսների հարց էր, շրջափակման 9 ամիսների ընթացքում հասունացւում էր բուն ողբերգութիւնը։ 9 ամիս շարունակ մենք մէզ պահել ենք ծայրահեղ սխալ, եւ դրանք եղել են մի կողմից՝ ամենաստուերային պայմանաւորուածութիւնների եւ միւս կողմից՝ աններելի անգործութեան ամիսներ։ Սրա մասին պէտք է խօսել, որքան էլ ցաւոտ լինի ոմանց։ Առաջիկայում՝ անպայման։

Share