Ադրբեջանի բողոքների հետեւանքով ջնջուել է Արցախի նախագահի պաշտօնական ֆեյսբուքեան էջը

Ադրբեջանի բողոքների հետեւանքով ջնջուել է Արցախի նախագահի պաշտօնական ֆեյսբուքեան էջը

Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանի պաշտօնական ֆեյսբուքեան էջը ջնջուել է՝ ադրբեջանական կողմի տեւական բողոքների հետեւանքով: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրութիւնից:

«Ամիսներ շարունակ ակտիւ բողոքներ էին ներկայացւում էջի դէմ, ինչի հետեւանքով աստիճանաբար մեծ սահմանափակումներ էին դրուել էջի վրայ՝ գրառումների դիտելիութեան արհեստական նուազման, տարբեր գործառոյթների անհասանելիութեան տեսքով: Իսկ վերջին շրջանի բողոքների հետեւանքով օգոստոսի 26-ին էջն ամբողջապէս անհասանելի է դարձել: Էջի պատասխանատուները սահմանուած ընթացակարգերով իրենց բողոք-դիմումն են յղել ֆեյսբուքի ներկայացուցիչներին՝ ներկայացնելով էջը ջնջելու որոշումը չեղարկելու պահանջ ու հիմնաւորումներ»,- նշուած է հաղորդագրութեան մէջ:

Հաղորդագրութեան մէջ նաեւ նշւում է, որ Էջն ունէր 459 հազար հետեւորդ եւ կարեւոր դեր ունէր Արցախի Հանրապետութեան նախագահի գործունէութեան թափանցիկութեան ապահովման գործում:

«Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմն անընդունելի է համարում ֆեյսբուքի որոշումը յատկապէս առկայ ծանր պայմաններում, երբ Ադրբեջանը ձգտում է Արցախի ժողովրդին բացարձակ մեկուսացման ու շրջափակման ենթարկել, այդ թւում՝ տեղեկատուական դաշտում»,- եզրափակւում է հաղորդագրութիւնը:

Share