Հայկական նոր նորմալութիւնը եւ իր վտանգները. Ուրախանալ արգելւում է տխրել

Հայկական նոր նորմալութիւնը եւ իր վտանգները. Ուրախանալ արգելւում է տխրել

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահէ Հովհաննիսեանը գրում է.

«Պարտադրուող ուրախութիւնը, պարտադրուող տօնը զանգուածային բռնութեան ձեւերից մէկն է՝ տոտալիտար-այլասէրուած գէշ ռեժիմներին բնորոշ։ Երեւանի ինտենսիւ ամանորացմանը զուգահեռ՝ Արցախի մեր քոյրերն ու եղբայրներն առ այսօր ամէն օր թաղում, հոգեհանգիստ, եօթ-քառասունքի մէջ են, ամէն օր ԴՆԹ-ի նոր հաստատում է գալիս ու նոր ողբերգութիւն։
Մենք նոյնիսկ չենք հասցնում հասկանալ, թէ ինչ ենք կորցրել, ինչ է լինելու, ոնց է լինելու։ Էս պայմաններում տօն ենք անում։

Նման բան համակենտրոնացման ճամբարներում էր լինում։
Երկրիդ վարչապետն ասում է՝ Ադրբեջանի բարձրագոյն իշխանութիւնը Հայաստանը որպէս «արեւմտեան Ադրբեջան» է ձեւակերպում, ու դրա հետ մէկտեղ զանգուածներին պարտադրում են ուրախանալ։

Երբեմն տպաւորութիւն է, որ Հայաստանում էւոլիւցիան հակառակ ուղղութեամբ է գնում. մենք մարդուց վերածւում ենք անասունի։

Ի՞նչ են մտածում Նիկոլի նկարի տակ աշխատող համակարգերը, թիմերը, ձայները կտրած կրթուած շերտերը, որոնք իրենց խիղճն ու ուղեղը գրաւադրել են Նիկոլի մօտ։ Իրօք ախր ամօթ է։ Մենք Բաքուի բանտերում մարդիկ ունենք, բազմաթիւ գերիներ։ Իշխանութիւնն իր բոլոր խողովակներով, մեդիամանիպուլեատիւ համակարգով անընդհատ համոզում է, որ սա նորմալ է։
Իրականում հայ ժողովուրդն ուրախ չէ։ Նա չի էլ հասցրել հասկանալ, թէ ինչ է զգում։ Չի հասցրել մարսել իր հետ կատարուածը։ Նրան պարտադրում են ուրախութիւն։
Իշխանութիւնը բոլոր ողբերգութիւններից յետոյ փորձում է ստեղծել «նոր նորմալութիւն». պատերազմ՝ նորմալ է, պարտութիւն՝ նորմալ է, հազարաւոր զոհեր՝ նորմալ է, շրջափակում՝ նորմալ է, Արցախի կորուստ՝ նորմալ է։

Հայ հասարակութեանը 3-4 տարի է՝ ստիպում են ապրել անասնական պայմաններում՝ մարդուն ոչ բնորոշ մթնոլորտում։ Սրա հանգուցալուծումը կարող է անկանխատեսելի լինել։
2020-ից յետոյ անծայրածիր ողբերգութեան ժամանակ Եկեղեցին եւ նրա բազմաթիւ սպասաւորներ իրենց վրայ վերցրեցին պետական եւ հասարակական տարբեր ինստիտուտների դերը՝ մեղմելու համար վիշտը, տալու յոյսի եւ վերապրելու ուժ։ Նոյնն ինքնաբուխ արեցին հասարակական տարբեր խմբեր եւ անհատներ՝ դառնալով ինքնաօգնութեան խմբեր, որոնք նորից ակտիւացան արցախեան նոր ողբերգութեան շրջանում։ Եթէ ինչ-որ առողջ բան դեռ մեր հասարակութեան մէջ պահպանուել է, ապա գուցէ նաեւ դրա շնորհիւ։ Բայց սրանք ժամանակաւոր, մեխանիկական սպեղանիներ են։

Հիմա ժամանակն է, որ հանրային համակարգերը (ներառեալ՝ քաղաքական) սկսէն առողջ երկխօսութիւն սեփական ժողովրդի հետ՝ վերականգնելու մարդկային հասարակութեան որակները, առաջին հերթին՝ ապրումակցումն ու արժանապատուութիւնը։ Գուցէ պետական մեքենայով հնարաւոր է պարտադրել հասարակութեանը «վիզուալ ուրախութիւն», բայց վախենալ է պէտք այն միտումից, որ հասարակութիւնը աղէտի չափից արդէն դադարել է զգալ որեւէ բան։ Այս սա իրօք վախենալու է»։
 

Share