Սեպտեմբեր 22-ին Կարէն Դեմիրճեանի անուան մարզահամերգային համալիրում տեղի ունեցաւ Սրբազան շարժման բազմահազարանոց հաւաքը, որի նպատակը վճռական պայքարի սկիզբը յայտարարելն էր:
Հաւաքը մեկնարկեց Հայաստանի ու Արցախի պետական օրհներգերով: Տերունական աղօթք եւ օրհնութեան խօսք փոխանցեց Տաւուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը:
Հաւաքին ցուցադրուեց ֆիլմ՝ Սրբազան պայքարի նախորդ ամիսներին կազմակերպած գործողութիւններից;
ՀՅԴ Տաւուշի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիելեանը դիմելով հաւաքի մասնակիցներին՝ ասաց. «Այդ կռիւը տուել ենք, մեր վրայ մահակներ են կիրառել, նռնակներ նետել, բայց դուք աննահանջ կռուել եք մինչեւ վերջ: Ու ուզում եմ ասել, որ պայքարը չի աւարտուել եւ հէնց հիմա շարունակում ենք եւ շարունակելու ենք ու հասնելու ենք յաղթական աւարտին, որովհետեւ դուք ոչ մէկից չեք վախենում։ Ո՛չ թշնամին, ո՛չ այս իշխանութիւնները չէն կարող մէզ հետ պահել մեր իղձերից ու նպատակներից»,-ասաց նա։
Գառնիկ Դանիելեանը դիմեց դահլիճում ներկայ արցախցիներին. «Ես ուզում եմ մեր արցախցի քոյրերին ու եղբայրներին ասել, որ իրենք այստեղ հիւր չէն, որ սա իրենց տունն է, մեր բոլորի հայրենիքն է եւ այս ապազգային իշխանութիւններին վռնդելուց յետոյ մենք վերադառնալու ենք մեր Արցախ, վերադառնալու ենք մեր տները»։
Հաւաքի ժամանակ ցուցադրուեց տեսանիւթ՝ Նիկոլ Փաշինեանի ստէրի եւ չկատարած խոստումների մասին:
Ելոյթ ունեցան 44-օրեայ պատերազմի հերոս Մխիթար Գալեյեանի մայր՝ Աստղիկ Գալեյեանը, Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարեանը, արցախցի Արեգայ Յովսեփեանը:
Հաւաքի աւարտին Բագրատ Սրբազանը յայտարարարեց. Մեր պայքարի ակտիւ շրջանը վերսկսում ենք, հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30 ին, հաւաքւում ենք Հանրապետութեան հրապարակում։
«Մտնում ենք պայքարի ինտեսիւ եւ հետեւողական փուլ, յամառ, աննահանջ, համբերատար պայքարի փուլ, յաղթանակով երաշխաւորուած։ Բոլոր անյաջողութիւնները, թերացումներն ու սխալներն իմն են, բացառապէս իմը, իսկ յաղթանակը՝ ձերը եւ միայն ձերը»,-յայտարարեց նա։
Հաւաքից յետոյ Բագրատ Սրբազանն աջակիցների հետ երթով շարժուեց դէպի Ծիծեռնակաբերդ` յարգելու անմեղ զոհերի յիշատակը։
«Կոչում ունենք Ծիծեռնակաբերդ այցելել եւ ուխտ կնքել, որ այս պայքարի մէջ անդաւաճան ենք մնալու»,-ասաց նա։