Սփիւռքում եւ Հայրենիքում զօրաշարժը հնարաւոր կը լինի Հայ Առաքելական Եղեկեցու եւ Դաշնակցութեան համատեղ ջանքերով

Սփիւռքում եւ Հայրենիքում զօրաշարժը հնարաւոր կը լինի Հայ Առաքելական Եղեկեցու եւ Դաշնակցութեան համատեղ ջանքերով

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ, «Ապառաժ» պաշտօնաթերթի խմբագիր Արա Պուլուզեանի հետ

Արցախի եւ արցախցիների ճակատագրի հարցը դարձել է հայութեան առաջնային օրակարգը: Բոլորը պահանջում են, բոլորը հիմնաւորում են, կարծես թէ ոչ ոք չունի յստակ սահմանւած ծրագիր, տեսլական Արցախի համար:

Ի՞նչպիսին պէտք է լինի Արցախի համընդհանուր ծրագիրը հարցին, մեզ հետ զրոյցում պատասխանեց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ, «Ապառաժ» պաշտօնաթերթի խմբագիր Արա Պուլուզեանը, նշելով, որ Արցախեան հարցը, Արցախի պետականութեան գոյութեան հարցն այսօր առաջնային է, եւ Արցախն իրացրել է իր ինքնորոշման իրաւունքը, կերտել է հայկական երկրորդ պետականութիւնը, այն եղել է արցախեան ազատագրական պայքարի արդիւնքում՝ իր հայրենիքում ապրելու իրաւունքի համար: Արցախը այդ առումով իրացրել է իր բաժինը: Այսօր հայկական երկրորդ պետութեան լինելիութեան հարցն է դրւած:

«Փորձ է կատարւում Հայաստանի արտաքին քաղաքականութեան եւ հայ ժողովրդի համախմբման, եռամիասնութեան առանցքը դարձնել Արցախի հիմնահարցը: Սակայն, դժբախտաբար, 2018 թւականից յետոյ այդ առանցքը երկրորդական դարձնելու, շեղելու ձգտումներ են լինում, դա արտացոլւում է ե՛ւ Սփիւռքում, ե՛ւ Հայաստանում»,- նշեց Պուլուզեանը չհամաձայնելով մտքին, որ այսօր բոլորի մտահոգութիւնը Արցախն է:

Մեր զրուցակցի համոզմամբ՝ ժամանակին, եթէ Արցախին առնչւող ցոյցերին միլիոնի հասնող համախմբում էր տեղի ունենում, ապա այսօր այդ թիւը հակառակ բոլոր ջանքերին չի գերազանցում 30-40 հազարը: Որովհետեւ իրօք զարթօնքի, ահազանգի եւ մտահոգութեան աստիճանն այն չէ, որ պէտք է լինէր եւ եթէ ստեղծենք այդ համախըմբումը կարող ենք լուրջ նւաճումներ ունենալ:

Արա Պուլուզեանի խօսքով՝ մեր դէմ գործում են բացի արտաքին թշնամուց ներքին անհանդուրժողականութիւնը, ինչպէս նաեւ՝ ապազգային մտածողութեան տարրերը: Կենցաղային, քաղքենի մտածողութիւնով ապրելու ցանկութիւնը, աւելի լաւ ապրուստ ունենալու համար միայն մտածողների թիւը բաւականին շատ են, պայքարի, իրաւունքները չզիջելու մտայնութեան համեմատութեամբ:

Հարցին՝ թէ ինչպէ՞ս կարող ենք աշխարհին ազդարարել, որ Արցախի հարցում անհրաժեշտ է չհատւեն մեր կարմիր գծերը, յատկապէս որ ազդակներ ստանում ենք, օրինակ Ֆրանսիայից Արցախի կարգավիճակի հարցի առաջնահերթութեան մասին եւ Իրանից, Հայաստանի Հանրապետութեան սահմանների անձեռնխելիութեան վերաբերեալ, նա պատասխանեց, որ մեր հիմնական խնդիրը պէտք է լինի հայ ժողովրդի համախմբումը մէկ թիրախի  ուղղութեամբ: Հայաստանը դիւանագիտական պաշտօնական ճանաչւած միայն մէկ գործիքակազմ ունի: Այսօր Արտաքին գործերի նախարարութիւնը եւ պաշտօնական արտաքին քաղաքականութիւնը պարտւողի, զիջողի, թոյլի, թուլակամի քաղաքականութիւն է դրսեւորում:

Թոյլի քաղաքականութիւնը ամէն պարագային չի կարող ունենալ իր կողքին դաշնակից, շեշտում է Արա Պուլուզեանը՝ նշելով, որ հնարաւոր է միայն այն պայմաններում դաշնակից ունենալ, երբ դու քո իրաւունքները չզիջես:

«Կարող են քեզ ճնշել, ծեծել, պարդարել, սպանել, բայց երբ դո՛ւ քո իրաւունքը չես զիջում՝ հակառակորդն է մեղադրւում, որովհետեւ քո իրաւունքը ոտնահարել է: Եթէ դու իրաւացի ես, ուրեմն պէտք է մինչեւ վերջ կանգնես: Իրանը, Ֆրանսիան կամ որեւէ այլ երկիր նախ եւ առաջ իր շահերից ելնելով, իր միջազգային հարթակում ունեցած դիրքի, կարգավիճակի ամրապընդման, ազգային շահերից ելնելով է քաղականութիւն մշակում: Մենք երբեւէ չպէտք է պատրանք ունենաք, որ այս կամ այն երկիրը մեր կողքին է, մեր կողմն է, այն պարագային երբ մենք նոյնիսկ չենք ձեւակերպել մեր շահերը:

Բայց, քանի որ մեր շահերը չենք ձեւակերպում չենք կարողանում հասկանալ, որ երկրներն են մեր դաշնակիցները, հետեւաբար չենք ընկալում համընկնում են մեր շահերը, այլ երկրների  շահերին:

Նրա խօսքով՝ Արցախի կացութիւնը բաւականին բարդ է, ենթարկւել է համակողմանի ամբողջական շրջափակման, դեղորայքի հարց գոյութիւն ունեն, դրանով հանդերձ, որ պաշարներ եղել են, բայց օրէցօր այդ պաշարների քանակները պակասում են: Հիւանդանոցների իրավիճակը եւս լուրջ է: Պարէնային ապահովման խնդիրներ կան, ամառային ամիսներին գիւղատընտեսական հարցերը կարող է հոգալ Արցախը, բայց ապրանքի փոխադրման հարցեր եւս գոյութիւն ունեն:

«Այս բոլոր դժւարութիւնների յաղթահարման  գործընթացները նրա համար են, որ մենք չենք զիջում սեփական իրաւունքը, մեր ազատ ապրելու կամքը, կան նաեւ ծանր որոշումների կայացման անհրաժեշտութիւն, բայց յոյս ունեմ, որ միասնաբար պայքարի եւ դիմադրողականութեան շնորհիւ կը յաջողենք դիմանալ: Արցախում միասնականութիւնը եւ կամքի արտայայտութիւնը կարեւոր հանգամանք է, որը ինչ-որ տեղ նաեւ Հայաստանի եւ Սփիւռքի հայրենա կիցների աջակցութեամբ է  տարւում, առնւազն հոգեկան իմաստով աջակցելու Արցախի ժողովըրդին»,- նշեց նա:

Կարող էք նշել Արցախի ներքաղաքական հասարակական դիսկուրսի անհամաձայնութեան տարրերը, կա՞ն, որո՞նք են դրանք հարցին ՀՅԴ-ական գործիչը պատասխանեց, որ Արցախի ներքաղաքական ասպարէզում հիմնական հար ցերի շուրջ կոնսեսուսը առկայ է, այն է՝ Արցախի ինքնորոշման իրաւունքը, որն այլընտրանք չունի: Մեր պետութիւնը չի կարող գոյութիւն չունենալ որպէս հայկական պետութիւն, եւ դա բոլոր ներքաղաքական ուժերի համոզմունքն է, որը ուղղակի հակադրւում է Հայաստանի իշխանութիւնների վարած քաղաքականութեանը: Այդ առումով տեղին է յիշել Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի բազմիցս կատարած յայտարարութիւնները՝ թէ՛ իշխանութիւնների, թէ՛ ընդդիմադիր ուժերի կողմից, ինչպէս նաեւ Արցախի նախագահի հնչեցրած յայտարարութիւնները եւ մօտեցումը, որ Արցախի ինքնորոշման իրաւունքը այլընտրանք չունի, եւ մենք չենք կարող զիջենք այդ հանգամանքը: Դրա վառ ապացոյցը նաեւ այս օրերին Արցախում եւ  Հայաստանում տեղի ունեցող համահաւաքներն են:

Արա Պուլուզեանը, հարցին՝ ինչպէ՞ս է կարող աջակցել Սփիւռքը Արցախի  հումանիտար իրավիճակի բարելաւմանը նշեց, որ Սփիւռքի գործնական քայլերը պէտք է լինեն ցուցական-պահանջատիրական ասպարէզում: Հայկական հա մայնքների ճնշումը, գերտէրութիւնների եւ շա հագրգիռ պետութիւնների աջակցութիւնը պա հանջելը եւ ընդդէմ Թուրքիայի եւ Ադրբեջանի վարւող քայլեր, այստեղ մեծ կարեւորութիւն ունի նաեւ Հայ Առաքելական Եկեղեցին, որի դերակատարութեանը պատմութեան տարբեր դրւագներում անգամներ ականատեսն ենք եղել, երբ հայկական պետութիւնը գոյութիւն չի ունեցել կամ վտանգւած է եղել, մասնաւորապէս Հայ Առաքելական Եղեղեցին ստանձնել է կարեւոր առաքելութիւն հայրենքի պահպանման եւ ժողովրդի կենսունակութեան ապահովման համար:

«Այսօր եւս մեր ժողովրդի մի հատւածը, ենթարկւում է ճնշումների թէ՛ հոգեբանական, թէ՛ ֆիզիկական, այդ առումով, որպէս ազգային կառոյցի, Դաշնակցութեան հետ  համազօր եւ համահունչ քայլեր պէտք է իրականացնի: Հայ Առաքելական Եկեղեցին, եւս պէտք է զարթօնքի զանգ հնչեցնի, միաժամանակեայ հաւաքներ, եկեղեցիների զանգերը ղօղանջելով, համախըմբման գաղափարի շուրջ»,- նշեց նա՝ յաւելելով, որ կարեւոր են բողոքների դիմումներ, դեսպանատների շրջափակման՝ ե՛ւ հակառակորդ պետութիւնների դեսպանատների, ինչպէս նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահ երկրների եւ դեսպանատների ուղղութեամբ: «Անհրաժեշտ է նաեւ ներկայացնել հարցի հումանիտար կողմը եւ աղէտը: Անհրաժեշտ է Կարմիր Խաչի եւ Կարմիր Մահիկի տարբեր ներկայացուցիչների մօտ հնչեցնել աղէտի փաստը, այդ միջոցներով եւս միջազգային բեմահարթակում հարց բարձրացնել աղէտը կանխելու համար: Այս քայլերի համակարգման խնդիրը նաեւ առաջնային է: Առաջիկայ ժամանակներում պէտք է ձեւաւորւի այդ համակարգումը, եւ մենք անհըրաժեշտ է այդ համախմբումը ստեղծելով, կրկնակի կամ մի քանի պատիկ դարձնենք հայ ժողովրդի ներուժը, որն ունենք տարբեր երկրներում: Համոզւած եմ այդ զօրաշարժը հնարաւոր կը լինի Դաշնակցութեան եւ Հայ Առաքելական Եկեղեցու միասնական ջանքերով՝ թէ՛ Սփիւռում, թէ՛ Հայաստանում, ինչպէս նաեւ Արցախում»,- եզրափակեց Արա Պուլուզեանը:

Սիւնէ Ֆարմանեան

Ալիք օրաթերթ

Share