Որքան ողբերգական են նրանց քաղաքականութեան եւ գործողութիւնների հետեւանքները հայ ժողովրդի համար, այնքան բարձր են նրանց լեզուն․ Վարդան Օսկանեան

Որքան ողբերգական են նրանց քաղաքականութեան եւ գործողութիւնների հետեւանքները հայ ժողովրդի համար, այնքան բարձր են նրանց լեզուն․ Վարդան Օսկանեան

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանեանը գրում է.

«Վերջին շրջանում իշխող ուժի ներկայացուցիչների կողմից՝ թէ՛ Ազգային ժողւում, թէ՛ նրա սահմաններից դուրս, յայտարարութիւնների պակաս չի զգացուել։ Որքան ողբերգական են նրանց քաղաքականութեան եւ գործողութիւնների հետեւանքները հայ ժողովրդի համար, այնքան բարձր են նրանց լեզուն, տօնը եւ պահուածքը։ Երբ մէկը հետեւում է Փաշինեանի եւ նրա շրջապատի թատերական ելոյթներին, դժուար է չհարցնել ինքն իրեն.

Մի՞թէ Փաշինեանն ու իր շրջապատը իսկապէս հաւատում են, որ կարող են պատճառել հազարաւոր զոհեր, դատարկել ու յանձնել Արցախը, զիջել տարածքներ Հայաստանից, քանդել ազգային ոգին, չարաշահել պետական միջոցները, բռնութեամբ պահել իշխանութիւնը, ոտնահարել Սահմանադրութիւնը՝ իսկ յետոյ պարզապէս մի օր հեռանալ, գնալ տուն ու շարունակել նորմալ կեանքով ապրել։ Մի՞թէ կարծում են, թէ կարող են լուանալ իրենց ձեռքերը արիւնից ու սեփական շահերը սպասարկող ճառերով եւ դատարկ խիզախութեամբ ծածկել անկարողութեան, ձախողութեան եւ պարտութիւն փաստերը։ Եթէ իրապէս հաւատում են դրան, ուրեմն նրանք պարզապէս ցինիկ չէն՝ նրանք մոլորութեան մէջ են։

Նրանց՝ հրապարակային կերպարը շքեղացնելու ջանքերը, բեմադրուած ելոյթները, դատարկաբան հռետորաբանութիւնը, ուռճացուած խիզախութեան ցուցադրութիւնները ուժի կամ համոզմունքի նշաններ չէն։ Դրանք վախի դրսեւորումներ են։ Դրանք չէն նմանւում մարդկանց կեցուածքին, ովքեր վստահ կանգնած են՝ հաւատալով, որ պատմութիւնը կարդարացնի իրենց։ Դրանք նման են այն անհանգիստ շարժումներին, որոնք անում են մարդիկ, երբ խորքում գիտէն՝ մեղաւոր են։ Մեղաւոր իրենց ժողովրդի հանդէպ։ Մեղաւոր՝ հայկական պատմութեան ընթացքի հանդէպ։

Նրանց չափազանցուած հռետորաբանութիւնն առանձին խոստովանութիւն է. իրենք գիտէն, որ այն, ինչ արել են, աններելի է։ Եւ խորքում՝ վախենում են դատաստանից, որը գիտէն՝ գալու է։ Ոչ մի անպարտելիութեան զգեստ չի կարող պաշտպանել նրանց ճշմարտութեան վճռից՝ կամ այն արդարադատութիւնից, որը այդ ճշմարտութիւնը պահանջում է»։

Share