Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը մանրամասնում է Հայաստանի հետ գործարքը

Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը մանրամասնում է Հայաստանի հետ գործարքը

Աջակցութիւն օդում եւ գէտնի վրայ․ այսպէս է ֆրանսիական կողմը մեկնաբանում Հայաստանի հետ ռազմական համագործակցութիւնը, որի մասին պայմանագիրը երէկ կնքուեց Փարիզում։ Ըստ այդմ՝ Ֆրանսիան Երեւանին կմատակարարի GM 200 ռադիօտեղորոշիչ կայաններ, փոքր հեռահարութեան Mistral հրթիռներ, ինչպէս նաեւ կօգնի ուսումնասիրել ու հասկանալ՝ որոնք են Հայաստանի հակաօդային պաշտպանութեան խոցելի կէտէրը։

Հայաստանի համար հարկաւոր է պաշտպանուելու եւ իր բնակչութեանը պաշտպանելու կարողութիւններ ունենալ: Ֆրանսիայի զինուած ուժերի նախարարը հայերէնով է մանրամասնել՝ ինչպէս են օգնելու Հայաստանի պաշտպանութեանը։ Դրա համար Փարիզն առաջիկայում Երեւան կը գործուղի իր սպայական կազմի ներկայացուիցչներից մէկին, ով խորհուրդներ կը տայ Հայաստանի պաշտպանութեան նախարարութեանը, կ’աշխատի սպայական եւ ենթասպայական ուսումնական հաստատութիւնների հետ՝ լեռնային պայմաններում պայքարի հմտութիւնները բարելաւելու համար։

«Մենք պահպանում ենք մեր պաշտպանական յարաբերութիւնները Հայաստանի հետ, թէեւ նոյն ռազմական եւ քաղաքական դաշինքներին մաս չենք կազմում։ Դրանք հիմնուած են մի պարզ սկզբունքի վրայ՝ պէտք է կարողանալ ինքդ քեզ պաշտպանել», — ընդգծել է Սեբաստիէն Լըքորնիւն:

Առայժմ յստակ չէ գործարքի գինը, ինչպէս նաեւ զինատեսակների մատակարարման ճանապարհն ու ժամկէտը։ Իսկ ի՞նչ հնարաւորութիւններ դրանք ունեն․ Ֆրանսիայի զինուած ուժերի ղեկավար Սեբաստիէն Լըքորնիւն երէկ շեշտել էր՝ GM 200 ռադիօտեղորոշիչ կայարանները լայնօրէն օգտագործւում են Ֆրանսիայի զինուած ուժերում, եւ ոչ միայն. — «Մենք այս ռադարները վերջերս վաճառել ենք Ուկրաինային՝ որպէս աջակցութեան փաթեթի մի մաս։ Այս ռադարները բացարձակ ճշգրիտ տեղորոշման ու վերլուծելու կարողութիւններ ունեն»։

Ռադիոտեղորոշիչ համակարգն արտադրող ֆրանսիական Thales ընկերութիւնն այն բնորոշում է որպէս մարտի դաշտում խաղի կանոնները փոխող զինատեսակ, որը կարող է օդում ու ցամաքում թիրախները յայտնաբերել, այդ թւում՝ անօդաչու թռչող սարքեր ու հրթիռային համակարգեր։

«Սա բազմագործառոյթ ռադար է։ Հակաօդային պաշպանութիւն է իրականացնում, տեղորոշում է ամէն թռչող բան 250 կիլօմետրից աւելի շառաւղով։ Բայց սա ամէնը չէ։ Այն դա անում է գերճշգրտութեամբ։ Ռադարը տեղորոշմամբ կարող է գտնել երկինք-երկիր հրթիռային համակարգեր։ Երրորդ գլխաւոր առաւելութիւնը՝ զինուորականներին նախազգուշացնում է հրթիռայ-հրետակոծութիւնների մասին», — ասում է Thales ընկերութեան ներկայացուցիչը։

Փարիզն այս համակարգերից Կիեւին երկու հատ է վաճառել։ Հետխորհրդայից երկրներից նաեւ Մոլդովան է ձեռք բերել GM 200: Ֆրանսիական այս ռադարներից ունեն նաեւ Նիդերլանդներն ու Նորուեգիան։ Բաց աղբիւրների տուեալներով՝ մէկ համակարգի մօտաւոր արժէքը 14 միլիոն եւրոյ է։ Նոյն այդ աղբիւրների հաղորդմամբ, համակարգը շատ արագ է գործարկւում՝ տեղակայումից տասը րոպէ անց։

Mistral հրթիռները, որոնց մասին եւս երէկ կողմերը պայմանագիր կնքեցին, հակաօդային պաշտպանութեան համար են։ Թէ քանի նման համակարգ է Հայաստանը գնել՝ առայժմ պաշտօնապէս չի հաղորդւում։

Այս հրթիռները կարող են մինչեւ 8 կմ հեռահարութեամբ թիրախներ խոցել։ Ըստ հրթիռներն արտադրող ընկերութեան՝ Mistral-ները գրեթէ 100 տոկոսանոց արդիւնք են ապահւում եւ փոքր հեռահարութեան միւս բոլոր հրթիռներից աւելի բարձր յուսալիութիւն ունեն: Այս դէպքում եւս գործարքի արժէքը յայտնի չէ, սակայն Ֆրանսիայի պաշտպանութեան նախարարն ամիսներ առաջ յայտարարել էր, որ Mistral-ները մօտ 500 հազար եւրոյ արժէն։

Երեկուայ պայմանագիրն առաջինն էր, որ Հայաստանը կնքեց ՆԱՏՕ-ի անդամ արեւմտեան երկրի հետ՝ Ռուսաստանից հիասթափութեան ու հայ — ռուսական լարուածութեան ֆոնին։ Բաքուն խստօրէն քննադատել է հայ-ֆրանսիական այս գործարքն ու պնդել, թէ դրանով Փարիզը խախտում է տարածաշրջանի ռազմական հաւասարակշռութիւնը։

azatutyun.am

Share