Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Ռուսաստանը չէին կարող այնպիսի հարուած հասցնել Հայաստանի եւ հայութեան անվտանգութեանն ու վարկանիշին, ինչպիսին իրենց հռետորաբանութեամբ հասցնում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն ու ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը։ Այս յայտարարութիւնը տարածել է Ռուսաստանի հայերի միութեան ղեկավար Արա Աբրահամեանը։
Նա նշել է, որ Հայաստանի անվտանգութեան գլխաւոր սպառնալիքը Փաշինեանն է ու նրա կառավարութիւնը։ Աբրահամեանը համոզուած է` եթէ գործող վարչապետը 2018 թուականին կեղծ խոստումներով եւ մանիպուլեատիւ տեխնոլոգիաներով իշխանութեան չգար, ապա այսօր Լեռնային Ղարաբաղը կը մնար հայկական, ինչպէս եղել է հազարամեակներ շարունակ։
«Ալիեւը հանրային ձեւով չէր նուաստացնի Փաշինեանին եւ հայ ժողովրդին, Արցախի ղեկավար կազմն ու զինծառայողներն էլ չէին պահուի Բաքուի բանտերում, Հայաստանի ինքնիշխանութեան, ինչպէս նաեւ ճանաչուած սահմանների մասին հարցերը քննարկման թեմայ չէին լինի։ Մինչեւ 2018 թուականը Հայաստանը եղել է միջազգային յարաբերութիւնների լիարժէք սուբյեկտ, բոլորի կողմից ճանաչուած եւ յարգուած պետութիւն` չնայած որոշակի ներքին քաղաքական եւ սոցիալական խնդիրներին»,– նշել է Աբրահամեանը։
Նա տրամաբանական է համարում այն, որ Լեռնային Ղարաբաղն այսօր յայտնուել է Ադրբեջանի վերահսկողութեան տակ։ Աբրահամեանը նշել է, որ ստեղծուած իրավիճակը Փաշինեանի թիմի քայլ առ քայլ գործողութիւնների եւ յայտարարութիւնների հետեւանքն է։ ՌՀՄ նախագահը վստահ է` ՀՀ վարչապետը որոշել է զրոյացնել երկարամեայ բանակցային գործընթացը։
«Արդիւնքում խախտուեց Լեռնային Ղարաբաղի շուրջ առկայ ստատուս քուոն, որը լիովին համապատասխանում էր Ադրբեջանի շահերին, իսկ Ալիեւի կողմից ճմրթուած ու մի կողմ նետուած «մաքուր թուղթը» դարձաւ այսօրուայ կառավարութեան խորհրդանիշը, որը տարածքներ ու հայերի շահերն է յանձնում` ի շահ Բաքուի»,– նշել է նա:
Ինչ վերաբերում է խաղաղութեան պայմանագրին եւ «մաքուր էջից» սկսուող հերթական բանակցութիւններին, ապա Աբրահամեանն ընդգծել է` Հայաստանին բացի մեկուսացումից որեւէ այլ բան չի սպասում։ Նրա խօսքով` մի քանի սերունդ դեռ պէտք է լուծի դաշնակիցների հետ յարաբերութիւնների ցուցադրական վատթարացման ճանապարհով Հայաստանի անվտանգութեան համակարգին հասցուած վնասը եւ դրանից առաջացած խնդիրը։
ՌՀՄ ղեկավարը վստահ է, որ այս ամէնը տեղի չէր ունենայ, եթէ հայկական վերնախաւը չլռեր։ Արա Աբրահամեանի կարծիքով` հէնց նրանց թողտուութիւնն է արձակել Հայաստանի իշխանութիւնների ձեռքերը` թոյլ տալով քայլ առ քայլ իրականացնել Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու` առաջին հերթին հէնց երկրի համար կործանարար սցենարը։
mediahub.am