Ինչպէս հաղորդում է ԻԻՀ-ում հրապարակուող «Ալիք» օրաթերթը՝ Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայութեան երկու պատգամաւորներ Արայ Շահուերդեանի եւ Ռոբերտ Բեգլարեանի միջնորդութեամբ ԱՀ ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանի նամակը փոխանցուելու է Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահին։
Օրեր առաջ ԱՀ ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանը նամակներ է յղել Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանի, Ռուսաստանի Դաշնութեան Պետդումայի, Ֆրանսիայի Հանրապետութեան Սենատի, ԱՄՆ Սենատի, ԱՄՆ կոնգրէսի, ինչպէս նաեւ Եւրախորհրդարանի խօսնակներին։
«Ալիք» օրաթերթի փոխանցմամբ՝ Իրանի օրէնսդիր իշխանութիւնների կողմից սպասուող հնարաւոր արձագանքներին ծանօթանալու նպատակով հեռախօսազրոյց են ունեցել Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արայ Շահուերդեանի հետ եւ նրանից հետաքրքրուել, թէ արդյօք Դաւիթ Իշխանեանի կիրառած նոր գործելաձեւը կարող է ազդեցիկ գործիք դառնալ ադրբեջանական արգելափակման վերացման եւ Իրանի կողմից միջամտութեան տեսանկիւնից:
Արայ Շահուերդեանը նախ տեղեկացրել է, որ նամակից մի օրինակ ՀՀ-ում յանձնուել է Իրանի Իսլամական խորհրդանարում Սպահանի եւ Հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանին եւ արդէն այստեղ երկուսով պատրաստւում են այն յանձնել Իսլամական խորհրդարանի խօսնակ Մուհամմադ Բադեր Ղարիբաֆին:
Ապա պատգամաւորն ընդգծել է, որ այսօրուայ դրութեամբ շատ կարեւոր է տարբեր գործիքակազմերի կիրառումը եւ ըստ պատգամաւորի՝ բոլոր քայլերն էլ կարող են ազդել Արցախի էթնիկ բնակչութեան շահերի պաշտպանութեան առումով:
«Չնայած տարբեր անձնաց ու կառոյցների կողմից հնչող դատապարտող կոչերին, Բաքուն շարունակում է արգելափակել Լաչինի միջանցքը, զրկելով Արցախին Հայաստանի հետ կապող միակ կենսական ճանապարհից: Ադրբեջանը անտեսում է ՄԱԿ-ի, Անվտանգութեան խորհրդի, Եւրախորհրդարանի, ՄԻԵԴ-ի եւ Հաագայի դատարանի ու այլ միջազգային կառոյցների պահանջները, իրագործելով արցախահայութեան էթնիկ զտման, սադրանքի եւ ուժի սպառնալիքի քաղաքականութիւնը», – նշել է Շահուերդեանը, ընգծելով, որ Արցախի 120 000 քաղաքացիներ զրկուած են ազատ տեղաշարժի հնարաւորութիւնից եւ ապրում են աղէտալի պայմաններում, ոտնահարւում են նրանց հիմնարար իրաւունքները, իսկ Ադրբեջանին միջազգային հանրութեան ուղերձները կառուցողական դաշտ չէն բերում:
Հարցմանը, թէ ինչպիսի գործընթացներ է նախատեսում Իրանի Իսլամական խորհրդարանը նման օրակարգային հարցերի առնչութեամբ, Արայ Շահուերդեանը նշել է, որ իրենք պատրաստւում են որպէս միջնորդ հանդէս գալ նամակի յանձնման ուղղութեամբ, որը նշանակում է, որ ուղղակիօրէն այն կը ստանայ խորհրդարանի խօսնակը:
Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամաւորը շեշտել է, որ որպէս իրանահայութեան զոյգ պատգամաւորներ, անպայման կը շարունակէն հետեւողական լինել Արցախի էթնիկ բնակչութեան շահերի պաշտպանութեան հարցերի նկատմամբ, ընդգծելով, որ որպէս երկրի օրէնսդիր իշխանութեան մէկ մասնիկ, բազմիցս դիմել են պետական անձանց ՝ խնդրելով տարբեր քաղաքական ու դիւանագիտական միջոցներ կիրառել, ճնշումներ գործադրել ադրբեջանական սադրանքները զսպելու մեխանիզմներ կիրառելու եւ Արցախի էթնիկ բնակչութեան իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ:
Արայ Շահուերդեանն ընդգծել է, որ հետամուտ են լինելու, որպէսզի Արցախի ԱԺ նախագահ Դ. Իշխանեանի յղած նամակ-պահանջը Իսլամական խորհրդարանի խօսնակի կողմից հասցէական եւ համապատասխան արձագանք ստանայ: