ԱՄՆ-ում գործող Ցեղասպանութեան կանխարգելման Լեմկինի ինստիտուտը օրերս քննադատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանին՝ նրա ապրիլքսանչորսեան ուղերձի պատճառով։
«Թեեւ ընդհանրապէս չենք խառնւում պետութիւնների ներքին գործերին, քանի դեռ չկայ ցեղասպանութեան ներքին վտանգ, պէտք է անդրադառնանք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի վերջին յայտարարութիւններից բխող մտահոգութիւններին, որոնք, թւում է, թէ շեղւում են ցեղասպանութեան կանխարգելման, ցեղասպանութեան ճանաչման եւ անցումային արդարադատութեան հիմնարար սկզբունքներից, եւ ուղղակիօրէն առնչւում են Հայաստանի ազգային անվտանգութեան խնդիրներին»,- ասուած է Լեմկինի ինստիտուտի յայտարարութիւնում:
Ինստիտուտի պնդմամբ, Հայաստանի կառավարութեան ղեկավարի ուղերձը ոչ բացայայտ միանում է Հայոց ցեղասպանութեան ժխտմանը։
«Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանութեան յիշատակման օրը, Հայաստանի վարչապետը ոգեկոչման պաշտօնական յայտարարութիւն տարածեց, ուր, կարծես, մեղաւորութիւնը դրւում է զոհերի վրայ՝ ցեղասպանութեան համար Թուրքիայի ու Ադրբեջանի պատասխանատուութիւնը կասկածի տակ դնելու նպատակով»,- կարդում ենք ինստիտուտի հրապարակած տեքստում։
Ցեղասպանութիւնների կանխարգելման համար պայքարող կառոյցը նկատում է՝ Հայոց ցեղասպանութեան մասին Հայաստանի վարչապետի ուղերձում որեւէ յիշատակում չկայ ագրեսորների մասին։
«Ցեղասպանութեան համար Օսմանեան կայսրութեան առաջնորդներին մեղադրելու փոխարէն՝ Հայաստանի վարչապետը սլաքն ուղղում է հայերի կողմը, որոնք, կարծես, իրենք են իրենց գլխին ցեղասպանութիւն բերել՝ քաղաքական իրավիճակի թիւրըմբռնման պատճառով»,- ասուած է Լեմկինի ինստիտուտի 5-էջանոց յայտարարութիւնում։
Հաստատութեան կարծիքով, կրկնելով Անկարայի ժխտողական թեզերը՝ Հայաստանի առաջնորդը վտանգում է Թուրքիայի պատասխանատուութեան հարցը եւ նսեմացնում Հայոց ցեղասպանութեան ճանաչման նախկին ջանքերը։
«Որպէս ցեղասպանութեան կանխարգելման, մեղաւորներին պատասխանատուութեան ենթարկելու եւ արդարութեան համար պայքարող կազմակերպութիւն՝ կոչ ենք անում վարչապետ Փաշինեանին վերանայել իր յայտարարութիւնները եւ վերահաստատել Հայաստանի յանձնառութիւնը Հայոց ցեղասպանութեան [ճանաչման] հարցում արդարութեան հասնելու ջանքերին»,- նշուած է տեքստում։
Լեմկինի ինստիտուտն անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանութեան զոհերին հաշուառելու մասին հայաստանեան իշխող ուժի պատգամաւորներ Հովիկ Աղազարեանի ու Անդրանիկ Քոչարեանի խօսքերին: Ըստ կառոյցի, Աղազարեանի հարցազրոյցում կասկածի տակ է դրւում Թուրքիայի դէմ արդարադատութիւն իրականացնելու Հայաստանի իրաւական հիմքերը, իսկ Քոչարեանն առաջարկել է կազմել ցեղասպանութեան զոհերի ցուցակ՝ մի նախաձեռնութիւն, որն, ըստ ինստիտուտի, առաջ էր քաշւում Անկարայի կողմից 1960-ական թուականներից՝ ցեղասպանութիւնը ժխտելու համար:
Յայտարարութիւնը նկատում է՝ քննադատութիւնից յետոյ Քոչարեանը հրաժարուել է իր պնդումներից՝ յայտարարելով, որ Փաշինեանն, իրականում, նպատակ չի ունեցել նման ցուցակ կազմել, եւ որ այդ թեման իշխող կուսակցութիւնում չի քննարկուել։
Լեմկինի ինստիտուտը, սակայն, կարծիք է յայտնում, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան անդամների այս մտքերը, կարծես, ներառուել են «Փաշինեանի ուղերձի մի հատուածում, ուր կասկածի տակ է դրւում իրականութիւնը ճիշտ վերլուծելու հայ ազգի կարողութիւնը»:
Հայաստանի վարչապետի աշխատակազմից դեռ չէն արձագանք Լեմկինի ինստիտուտի յայտարարութեանը: Ազգային ժողւում իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Արուսեակ Ջուլհակեանն «Ազատութեան» հետ զրոյցում Լեմկինի ինստիտուտի յայտարարութիւնը որակել է անընդունելի եւ կոպտագոյն միջամտութիւն Հայաստանի ներքին գործերին․ «Հաայստանի վարչապետը եւ, առհասարակ, որեւէ պաշտօնեայ ցեղասպանութիւնը հարցականի տակ դնող տառ անգամ չի արտաբերել»:
Պատգամաւորը յոյս է յայտնել, որ ինստիտուտը զերծ կը մնա Հայաստանի «ներքաղաքական խօսոյթին մասնակցութիւնից եւ կը զբաղուի իր կանոնադրական նպատակներով՝ ցեղասպանութիւնների կանխարգելմամբ»:
VOA