ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների վերջին աշխատանքները՝ պայմանաւորուած ադրբեջանական հերթական ագրեսիայով

ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների վերջին աշխատանքները՝ պայմանաւորուած ադրբեջանական հերթական ագրեսիայով

Օգօստոսի առաջին օրերից Արցախի Պաշտպանութեան բանակի դիրքերի եւ զօրամասէրի ուղղութեամբ ադրբեջանական նախայարձակ ագրեսիան դատապարտելու եւ Ադրբեջանի լկտի պահուածքը վերացնելու համար Հայ դատի յանձնախմբերն ու գրասենեակները կատարել են լայնածաւալ յարաբերական աշխատանքներ՝ միջազգային գործընկերներին պարզաբանելով, որ ադրբեջանական ագրեսիայի նպատակը Արցախը շարունակապէս էթնիկ զտման ենթարկելն է եւ Արցախի ժողովրդի համար գոյութենական նշանակութեան անյաղթահարելի խնդիրներ ստեղծելը, ինչպիսին օրինակ Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողութեան հաստատման փորձն է՝ հակառակ նոյեմբերի 9-ի յայտարարութեան, որով Լաչինի միջանցքը գտնւում է բացառապէս ռուսական խաղաղապահ զօրակազմի վերահսկողութեան տիրոյթում։

Ադրբեջանական ագրեսիային միջազգային հանրային դիւանագիտութեան շրջանակներում հակազդելու գործին լծուեց Հայ դատի գրեթէ ամբողջ կառոյցը։ Առաւել մեծ ակտիւութիւն դրսեւորեցին Հայ դատի Ամերիկայի, Եւրոպայի, Կանադայի եւ Հարաւային Ամերիկայի յանձնախմբերը, ինչպէս նաեւ Հայ դատի Արցախի գրասենեակը։ Վերջինս Հայ դատի միջազգային ցանցին ապահւում էր տեղում իրավիճակի զարգացումների վերաբերեալ հաւաստի տեղեկութիւններով։

Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսի անդամներին անյապաղ իրազեկել է Արցախում ստեղծուած իրավիճակի վերաբերեալ՝ խնդրելով դատապարտել ադրբեջանական ագրեսիան, դադարեցնել Ադրբեջանին տրամադրուող ամերիկեան ռազմական օժանդակութիւնը, եւ Ադրբեջանի մասով վերանայման ենթարկել 2023 թ․ համար ԱՄՆ արտաքին օժանդակութեան ֆոնդը եւ «Ազգային պաշտպանական արտօնութիւնների ակտը», ինչպէս նաեւ վերականգնել 907-րդ բանաձեւի կիրարկումը։

Ադրբեջանական ագրեսիան դատապարտել եւ Պետդէպարտամենտին ու Յունեսկոյին Ալիեւի սանձարձակ պահուածքին վերջ տալու կոչով է հանդէս եկել Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը։ Ադրբեջանին դատապարտող յայտարարութեամբ է հանդէս եկել նաեւ կոնգրէսական Ջեքի Սփեյերը՝ ամերիկեան գործադիր իշխանութեանը կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին յատկացուող ամերիկեան օժանդակութիւնը։

Աւելի ուշ յայտարարութիւններով են հանդէս եկել եւ ադրբեջանական ագրեսիան խստօրէն դատապարտել ԱՄՆ Սենատի արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, կոնգրէսականներ Բրեդ Շերմանը, Ադամ Շիֆը, Ջենիս Շակովսկին, Լորի Թրահանը։

Հայ դատի Եւրոպայի յանձնախումբը ադրբեջանական յարձակումների առաջին ժամէրից ինտենսիւ աշխատանքային կապ է պահել Եւրոպական Խորհրդարանի պատգամաւորների եւ Արցախեան հիմնախնդրին առնչուող ԵՄ ղեկավար այլ կառոյցների հետ։ Գրասենեակը նաեւ յայտարարութիւն է տարածել եւ Եւրոպական Միութեան ղեկավարութիւնից պահանջել՝ հրաժարուել հաւասարակշռող յայտարարութիւններից եւ իրերն իրենց անունով կոչել, Ադրբեջանին ստիպել դադարեցնել էթնիկ զտման քաղաքականութիւնն Արցախում, Ադրբեջանի կողմից իրագործուած պատերազմական յանցագործութիւններին տալ թիրախային գնահատականներ եւ կանխել Թուրքիայի ռազմական ներգրաւումը հակամարտութիւնում եւ այդ պետութեան կողմից տարածաշրջանի ապակայունացումը։

Հայ դատի Հարաւային Ամերիկայի յանձնախումբն Արցախում ստեղծուած իրավիճակը նկարագրող գրութիւն է ուղարկել Արգենտինայի ազգային գործերի նախարարութեանը եւ խորհրդարանի բոլոր անդամներին։ Հայ դատի Արգենտինայի, Ուրուգուայի եւ Բրազիլիայի յանձնախմբերն էլ համապատասխան գրութիւններ են հասցէագրել հարաւամերիկացի լրագրողներին եւ մարդու իրաւունքներով զբաղուող կազմակերպութիւններին։

Հայ դատի Կանադայի յանձնախումբը յարաբերական աշխատանքներ է կատարել ինչպէս կանադական իշխանութեան օրէնսդիր, այնպէս էլ գործադիր թեւի ներկայացուցիչների հետ։ Կատարուած աշխատանքների արդիւնքները հաւանաբար տեսանելի կը լինէն առաջիկայ օրերի ընթացքում:

Հայ դատի Հունաստանի յանձնախումբը նամակ է հասցէագրել Հունաստանում Եւրոպական Միութեան ներկայացուցչութեանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեանը՝ ներկայացնելով Արցախում ստեղծուած իրավիճակն ու ԵՄ ղեկավարութիւնից ու ԵԱՀԿ Մինսկի խմբից պահանջելով ուղղակիօրէն դատապարտել ադրբեջանական յարձակումները, վերջ տալ ոչ որոշակի խօսոյթին, դադարեցնել Ադրբեջանի կողմից իրականացուող էթնիկ զտման քաղաքականութիւնն ու կանխել Արցախեան հակամարտութիւնում Թուրքիայի ռազմական ներգրաւումը։

Հայ դատի Կիպրոսի յանձնախմբի գործողութիւնների արդիւնքում Եւրոպական Խորհրդարանի կիպրացի պատգամաւոր, ԵԽ-ում Հայաստանի հետ բարեկամութեան խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը, դատապարտելով ադրբեջանական ագրեսիան, դիմել է Եւրոպական յանձնաժողովին՝ կոչ անելով անյապաղ եւ պարտադրողական միջոցառումներ կիրառել եւ ստիպել Ադրբեջանին դադարեցնել ագրեսիան։

Հայ դատի Բելգիայի յանձնախումը օգոստոսի 4-ին նամակ է յղել երկրի արտաքին եւ եւրոպական գործերի նախարարին՝ պահանջելով անուէրապահօրէն դատապարտել Ադրբեջանի յարձակումը, կոչել ագրեսորին իր անունով եւ Արցախի հիմնախնդրում ցանկացած դիրքորոշման պարագայում հաշուի առնել ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնուած գործընկերութեան համաձայնագրի (CEPA) հիմնարար կէտէրը, ինչպէս նաեւ 2020 թուականի դեկտեմբերին Բելգիայի Դաշնային խորհրդարանում միաձայն ընդունուած կարեւոր բանաձեւը։

Յայտարարութեամբ է հանդէս եկել նաեւ Հայ դատի Մերձաւոր Արեւելքի գրասենեակը` արաբական երկրների հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրութիւնը հրաւիրելով ադրբեջանական ագրեսիայի վրայ եւ նկատելով, որ կատարուածը հայութեան նկատմամբ էթնիկ զտման քաղաքականութեան շարունակութիւն է։ Հայ դատի գրասենեակը նաեւ արաբերենի է թարգմանել եւ արաբական լրատուամիջոցներով տարածել Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի խմբակացութիւնների՝ օգոստոսի 4-ի համատեղ յայտարարութիւնը Ադրբեջանական ագրեսիայի վերաբերեալ, որով միջազգային հանրութիւնից ակնկալւում է հասցէական յայտարարութիւններով ու կոնրետ գործողութիւններով սանձել ադրբեջանական նախայարձակ ագրեսիան։

Հայ դատի Աւստրալիայի յանձնախումբը յայտարարութիւն է տարածել օգոստոսի 5-ին, որով Աւստրալիայի հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրութիւնն է հրաւիրել վերջին օրերի ընթացքում ադրբեջանական նախայարձակ գործողութիւնների վրայ՝ մանրամասնելով դրանց բնոյթն ու հեռահար նպատակները՝ այդ թւում Հայաստանի ու Արցախի մինչեւ ցամաքային կապը խափանելու ադրբեջանական ծրագիրը։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

06.08.2022 թ.

Share